Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում էր 2017թ. բյուջեի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Հիմնական զեկուցող` ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով՝ ժամանակակից տնտեսական քաղաքագիտությունը չի տեղավորվում այն տնտեսագիտական քաղաքականության մեջ, որը սովորել է նախարարը 90-ականներին, այդ պատճառով առաջ չեն գնում: Նա Արամյանին մեղադրեց հին գիտելիքներով առաջնորդվելու մեջ:
«Եվրոբոնդերի մասին եք բացատրություններ տալիս՝ ի պատասխան պատգամավորի հարցին: Արդեն 3 տարի է՝ Եվրոպան գտնվում է բացասական տոկոսադրույքների մեջ... Դա կոչվում է ոչ ճշմարտություն, սուտ: 2016-ի բազան չի լինելու 2.2 տոկոս. ես ասել էի նախապես: Բազայի փոփոխությունը չի՞ փոխում պլանները, կառավարությունն այս բյուջեով ընդհանրապես կթաղի տնտեսությունը, նկատի ունեմ ձեզ, Ներսես Երիցյանին ու փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին: Այն հին` 20 տարվա բաներն անընդհատ բերում, բացատրում եք մեզ»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ԱՎԾ-ի ներկայացրած տվյալներն էլ սուտ են:
Ֆինանսների նախարարը չհամաձայնեց պատգամավորի հետ, թե սուտ են խոսում: «ԱՎԾ-ի հետ կապված՝ մենք հենվում ենք պաշտոնական վիճակագրության վրա, դա սխալ է, թե` ոչ, դուք բանավեճ եք ունեցել ԱՎԾ պաշտոնյաների հետ, կարող ենք 3-ով նստել ու քննարկել: Բոլորս ենք շահագրգռված ենք, որ մեր տնտեսական քաղաքականությունը լինի խելամիտ»,- ասաց նա:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ կոչ արեց ընդունել բարեկամական ոճով արված հրավերը:
Բագրատյանն արձագանքեց. «Ոնց որ ձեռ անեք, տիկի՛ն Նաղդալյան, մենք երկիրը կկորցնենք այսպես, հերիք է: Դուք` հանրապետականներդ, կարծես ամեն ինչ գիտեք ու, առանց խորհրդակցելու, երկիրն արդյունավետ կկառավարեք, այդպես չէ»:
Հերմինե Նաղդալյանը պատասխանեց, որ որևէ մեկին երբեք դաս չի տալիս, նույնիսկ եթե կարիքը կա: «Կարող եմ խորհուրդ տալ կամ հորդորել ու այս պահին հորդորում եմ` գործընկերության սոլիդարությունը պահպանել, և ասացի, որ կարծում եմ, որ Ձեր ու պարոն Արամյանի հանդիպումը օգտակար է լինելու»: