Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խրիմյան Հայրիկի, Վազգեն Առաջինի և Հայ եկեղեցու բազում այլ նվիրյալների` հայ առաքինի հոգևորականի կերպարները 21-րդ դարում մեծ մասամբ փոխարինվել են հարստության կուտակմամբ զբաղվող, հոգևոր կյանքի դրույթները խախտող և աշխարհիկ վայելքներից օգտվող հոգևորականի կերպարներով: Եվ, անկախ այն բանից, թե ովքեր են այս կերպարները կերտողները` որոշ լրատվամիջոցնե՞ր, որոնք, շատերի խոր համոզմամբ, ինչ-ինչ արտաքին կամ ներքին ուժերի պատվեր են կատարում, թե՞ հենց իրենք` հոգևորականները, իրենց արարքներով և օֆշորային սկանդալներով, կամ անհավատներն ու հեթանոսները, ովքեր բոլորովին այլ հայացքներ և համոզմունքներ ունեն կյանքի նկատմամբ, հայ հասարակության մեջ շատերն են հիասթափվել Հայ եկեղեցուց` որպես արժեհամակարգային ուղենիշեր թելադրող կարևորագույն կառույցից:
Ներկա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում ապրող, աղանդավորական կազմակերպությունների և արժեհամակարգային մտահոգիչ մարտահրավերների առջև հայտնված մարդիկ բարեգութ հոգևորականների փոխարեն տեսնում են թանկարժեք մեքենաներ վարող, շքեղ առանձնատներում ապրող, եկեղեցական տարբեր ծառայությունների միջոցով բիզնես անող հոգևորականների. ինչպես ասվում է Թումանյանի «Գութանի երգը» բանաստեղծությունում` «Տերտերն օրհնեց, անվարձ մնաց, Կըբարկանա կանիծի»:
Թեեւ Հայ եկեղեցին վաղուց պիտի ներքին արատները վերացնելու և հասարակական բազում ու աղմկալի անօրինականություններին համապատասխան գնահատական տալու մասին մտածեր, այնուամենայնիվ, 2013 թվականի հունիսից, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ, ստեղծվեց Եկեղեցական հայեցակարգային ծրագրերի գրասենյակը, որը ղեկավարում է Բագրատ սրբազանը: Այս կառույցի` ձևական բնույթ ունենալու կամ իր առջև դրված գործառույթներն, իրոք, արդյունավետ իրականացնելու մասին խոսելը դեռ վաղ է, սակայն փաստը, որը այն իր գնահատականներով և այս կամ այն հիմնախնդրի վերաբերյալ հայեցակարգեր մշակելով գործուն մասնակցություն կունենա հասարակության արատների վերացման գործում, արդեն ուրախալի է:
Գրասենյակի ղեկավար Բագրատ սրբազանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ամբողջ քրիստոնյա աշխարհում նմանատիպ երկու կառույց գոյություն ունի` առաջինը` Կաթոլիկ, մյուսը` Ռուս ուղղափառ եկեղեցիների հովանու տակ գործող: «Մենք արդեն ունենք հստակ ուղղություններ, որոնցով աշխատելու ենք, դրանք են` եկեղեցի-քաղաքական դաշտ, եկեղեցի-տնտեսություն, եկեղեցի-հասարակություն, եկեղեցի-լրատվամիջոցներ, եկեղեցի-բնական միջավայրի խնդիրներ և այլն»,- ասաց Բագրատ սրբազանը:
Մնում է հուսալ, որ այս նախաձեռնությունը կվերականգնի և կամրապնդի հայ հասարկության վստահությունը եկեղեցու նկատմամբ:
Նանե ՄԱՆԱՍՅԱՆ