կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-02 20:26
Սպորտ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սաշա Ենգոյանը վաղը կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սաշա Ենգոյանը վաղը կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ՝ բելգիաբնակ Սաշա Ենգոյանը վաղը՝ սեպտեմբերի 3-ին կպայքարի WBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:

 

Yerkir.am-ի հետ զրույցում  29-ամյա բռնցքամարտիկը պատմեց մարզաձևում իր առաջին քայլերի  և վաղը կայանալիք մենամարտի մասին.

 

«12 տարեկանից սկսել եմ զբաղվել բռնցքամարտով: Այդ ժամանակ ապրում էինք Գյումրիում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի մանկավարժական համալսարան և դադարեցի բռնցքամարտով զբաղվել:  2 տարի համալսարանում սովորելուց հետո տեղափոխվեցի Իսպանիա, քանի որ ծնողներս այնտեղ էին:   Սկզբնական շրջանում այնքան էլ լուրջ չէի վերաբերվում, քանի որ Իսպանիան բոքսի երկիր չէ, սակայն, մասնակցելով սիրողական մրցաշարերի, կարողացա լուրջ արդյունքներ գրանցել:   Այնուհետև ծանոթացա իմ ներկայիս մենեջերի հետ, ով  ազգությամբ բելգիացի է: Նա  մենամարտեր էր կազմակերպում և  ինձ խորհուրդ տվեց, որ կարիերաս շարունակեմ պրոֆեսիոնալ բռնցքամարտում:   2009 թվականին անցկացրեցի առաջին մենամարտս: Այդ ժամանակ Իսպանիայում էի, իսկ   2012-ին տեղափոխվեցի Բելգիա:  Բելգիացիներն այստեղ ինձ ճանաչում են, և իմ մենամարտերին ներկա է լինում շուրջ 5000 հանդիսական:

 

Խոսելով վաղվա մենամարտի մասին` Ենգոյանն ասաց. «Ինձ համար շատ կարևոր  մենամարտ է, քանի որ հակառակորդս  WBF վարկածով աշխարհի չեմպիոն՝ բրազիլացի Անդերսոն Կլեյտոն Դոս-Սանթոսն է, ով անցկացրել է  50 մենամարտ, որոնցից 42-ում հաղթել է մրցակիցներին՝  36-ը նոկաուտով»:  

 

Հայ բռնցքամարտիկը նաև նշեց, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան և հեռակա շարունակել ուսումը,  իսկ հաջորդ տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ռինգ դուրս կգա մարզահագուստով, որի վրա  գրված կլինի 100:

 

Տեղեկացնենք, որ Ենգոյանը մասնակցել է Հայաստանի երիտասարդական առաջնությանը և գրավել 3-րդ հորիզոնականը: 15 տարեկանում հռչակվել է Շիրակի մարզի բացարձակ չեմպիոն:  Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերայում անցկացրել է 30 մենամարտ, որոնցից 29-ում հաղթանակ է տոնել և կրել 1 պարտություն: 19  մենամարտում հակառակորդներին հաղթել է նոկաուտով:     

 

Երվանդ Հակոբյան