կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-12 14:06
Քաղաքական

Մեր հարցերը լուծենք, հետո Ղարաբաղի մասին կմտածենք. Հովիկ Աբրահամյան

Մեր հարցերը լուծենք, հետո Ղարաբաղի մասին կմտածենք. Հովիկ Աբրահամյան

ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Yerkir.am-ի թղթակիցը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց` ճի՞շտ են այն խոսակցությունները, թե Մոսկվայում Մաքսային միությանն անդամակցելու բանակցությունների ընթացքում խոսվել է Արցախի հարցի մասին: ԱԺ նախագահը նախ ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապետում, հետո` կարծիք հայտնեց, որ դա սուտ է եւ հերյուրանք:

 

Հարցին` Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելուց ինչ է շահում ԼՂՀ-ն, Աբրահամյանը պատասխանեց. «Բայց Հայաստանն է Մաքսային միությանն անդամակցում, ի՞նչ կապ ունի ԼՂՀ-ն: ԼՂՀ-ն անկախ պետություն է»: «Չե՞ք ուզում ԼՂՀ-ին էլ տանել Մաքսային միություն» հարցին ի պատասխան, նշեց. «Մեր հարցերը լուծենք, հետո Ղարաբաղի մասին կմտածենք»:

 

Իսկ, առհասարակ, ինչպե՞ս է պատկերացնում Արցախի հարցը Հայաստանի` Մաքսային միությանը միանալուց հետո:  Այս հարցին Աբրահամյանը հարցով պատասխանեց` լրագրողները ուզում են, որ Արցախի իշխանությունների փոխարեն կարծի՞ք հայտնի:

 

ԱԺ նախագահը կրկնեց, որ Մաքսային միությանն անդամակցելը պետք է բխի ՀՀ-ի շահերից: «Մենք պետք է ունենանք մեր շահը` տնտեսության, բոլոր առումներով: Մենք դեռ չգիտենք` այդ շահը որն է լինելու, մենք բանակցելու ենք: Ես կողմնակից եմ Մաքսային միությանն անդամակցելուն: Հիմքում պետք է դրված լինի եւ դրված է մեր պետության շահը»,- հայտարարեց ԱԺ նախագահը:

 

Yerkir.am-ի թղթակիցը հետաքրքրվեց նաեւ երկրում սպասվող սահմանադրական փոփոխությունների, նաեւ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու հնարավորության մասին: ԱԺ նախագահը նշեց, որ կառավարման համակարգը փոխելու հարցից տեղյակ չէ, կոնկրետ նման խնդիր այսօր դրված չէ: Մեր հարցին` կո՞ղմ է, թե՞ դեմ կառավարման խորհրդարանական համակարգին, պատասխանեց. «Ես ոչ մի բանի դեմ չեմ»: