Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումների ֆոնին ադրբեջանցիների ակտիվացումը թե՛ շփման գծում, թե՛ տեղեկատվական դաշտում ուղղակի զուգադիպություն չէ։
«Կարծում եմ՝ որոշակի կապ կա այն առումով, որ Արցախում խաղաղության պահպանման պատասխանատուն ռուսական զորախումբն է, իսկ Ադրբեջանը 2020-ի նոյեմբերի 10-ից սկսած՝ անընդհատ անկայունություն ստեղծելու փորձեր է անում։ Դա, իհարկե, նաև ռուսական կողմին է ուղղված։ Այդկերպ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ, իբր, խաղաղապահներն ի զորու չեն խաղաղություն ապահովել, ավելին՝ անկայունություն են ստեղծում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։
Նա չբացառեց, որ Ադրբեջանն այդպես նաև ներքաղաքական հարցեր է փորձում լուծել։ Արցախի Աժ պատգամավորը հիշեցնում է՝ Արցախում խաղաղապահ առաքելության տեղակայման դեմ ադրբեջանցիները մի քանի անգամ բողոքի ցույցի են դուրս եկել Բաքվում։
«Դոնեցկում և Լուգանսկում տեղի ունեցող գործընթացների մեջ ևս ՌԴ-ն դերակատարում ունի, և չի բացառվում, որ Ադրբեջանը ՌԴ-ին նոր մեղադրանքներ ներկայացնելու հնարավորություն է տեսնում այստեղ։ Ի վերջո, պատմությունը ցույց է տվել, որ ամեն անգամ, երբ Ռուսաստանն ակտիվացել է երկրագնդի որևէ մասում, օրինակ՝ Բալկաններում, Արևելյան Եվրոպայում և այլն, Թուրքիան էլ անմիջապես ակտիվացել է Այսրկովկասում։ Իսկ Ադրբեջանը, միանշանակ, սպասարկում է Թուրքիայի շահերը»,-ասաց Բալայանը։
«Փաստինֆո»-ի դիտարկմանը, որ Արցախում խաղաղապահ առաքելության գործունեության ամփոփագրերում չեն արտացոլվում ադրբեջանական դիրքերից Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու դեպքերը, Բալայանը ևս հիմնավորում չգտավ։ Թերևս տեսակետ հնչեցրեց, որ դա կարող է պայմանավորված լինել առանց այդ էլ լարված իրավիճակն է՛լ ավելի չսրելու հետ։
«Ռուսական կողմը միջանկյալ լուծումներ է փորձում գտնել՝ թուլացնելու լարվածությունը։ Նրանք աշխատում են և՛ մեր, և՛ ադրբեջանական կողմի հետ, ու ցանկացած ինֆորմացիա զգուշությամբ է ներկայացվում։ Ընդհանրապես անվտանգային թեմային առնչվող շատ հարցեր կան, որոնք չեն հանրայնացվում, բայց կարող եմ վստահեցնել, որ աշխատում են, քայլեր են անում՝ ադրբեջանական սադրանքները կանխելու համար»,-նշեց Բալայանը։
Վերջինիս խոսքով՝ ադրբեջանական սադրանքների մասին Արցախի ԱԺ-ն նաև միջազգային կառույցների, բարեկամական խմբերի օգնությամբ է բարձրաձայնում։ Վահրամ Բալայանի համոզմամբ՝ այդ ամենից զատ, յուրաքանչյուրը՝ անկախ նրանից ապրում է Արցախում, թե ՀՀ-ում, պարտավոր է լավ գիտակցել, որ մեր անվտանգությունը միայն ինքներս պետք է ապահովենք։ «Անվիճելի է այն, որ թույլին ու խեղճին ոչ ոք չի հարգում ու հետը հաշվի չի նստում։ Դա անցած 30 տարիները շատ լավ ցույց են տվել։ Մեր հարցերը մենք պետք է լուծենք։ Հասարակական կառույցները, պետականամետ խմբերը, անտեսելով քննադատությունները, հասարակությանը արագ պետք է հանեն թմբիրից»,-եզրափակեց Բալայանը։