|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Եթե չունես այլ համակարգ, ապա պետք է ուժեղացնես այն, ինչ ունես. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` ասելով, որ Դաշնակցությունը կողմ է, որ Հայաստանը միանա ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու գաղափարին:
«Հիմա մենք եղածից էլ կարող ենք դժգոհություն ունենալ և ունենք: Որոշ մտահագություններ էլ արտահայտվեցին՝ կապված ապրիլյան պատերազմի հետ, սակայն չի կարելի ընկել մյուս ծայրահեղության մեջ: Ովքեր ասում են՝ դեմ են, ավելի լավ առաջա՞րկ ունեն: Մենք այսօր այլընտրանք չունենք, քան այն, ինչ կա ձեռքի տակ»,- ասաց նա:
Ռուստամյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմի արդյունքները պետք չէ այդքան վատատեսորեն ներկայացնել և ասել, որ այդ պատերազմն իբրև ցույց տվեց, որ անվտանգության համակարգն իր տեղում չէ:
«Մենք ապրիլյան պատերազմում հաջողել ենք, մենք կասեցրել ենք թշնամու հարձակումը, և բլից կրիգը ձախողվել է: Եթե այդքան վատ էր պաշտպանությունը, ուրեմն դա էլ չէր լինի: Պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ և ասել, որ ամեն ինչ վատ է, ամեն ինչ պետք է զրոյից սկսել»,- ասաց Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ նախագահի հայտարարությունն այն ուղղությամբ էր, որ պետք է բոլորի համար պարզ դառնար, որ Հայաստանը չէր կարող մի կողմում մնալ՝ տեսնելով Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ:
«Մեր գործընկերների առաջ պետք է հստակ դնենք, որ մեր անվտանգության համակարգը միասնական է, չկա Ղարաբաղի անվտանգության համակարգ` առանձին, և Հայաստանի անվտանգության համակարգ` առանձին: Մենք միասնական պետք է լինենք, և ամբողջության մեջ պետք է դիտվի այդ ամեն ինչը»,- ասաց պատգամավորը:
ՀՅԴ-ականի խոսքով՝ հակաօդային պաշտպանությունը հարձակման համար չէ, այլ՝ պաշտպանության, և եթե սպառնալիք կա Հայաստանի համար, ուրեմն դա սպառնալիք է ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների համար: «Հարձակում ՀԱՊԿ անդամ որևէ երկրի վրա` նշանակում է հարձակում նաև Հայաստանի վրա: Եթե մենք նույն տրամաբանությունը չպահենք, որևէ բան չեն կարող պահանջել մյուսներից»,- ասաց նա:
Ըստ Ռուստամյանի՝ մենք այսօր խոսում ենք լուրջ պատերազմական սպառնալիքների կանխարգելման մասին, և սա իսկապես լուրջ խնդիր է: «Այս տարածաշրջանն այդ առումով փոխկապակցված է, և մենք պետք է կարողանանք մեր մյուս գործընկերներին բացատրել սա: Չպետք է դիտել այնպես, որ եթե հարձակվեցին Հայաստանի վրա, դա միայն մեր գործն է, և մեր հարցերը մենք պետք է լուծենք»,- ասաց նա:
Ռուստամյանը նշեց նաև, որ ՀԱՊԿ հեղինակությունն իսկապես սասանվել է, և վերջին այս պատերազմը դրա ապացույցն է: «ԵՏՄ-ում, որի մեջ նաև Հայաստանն է, մտահոգիչ երևույթներ են տեղի ունեցել: Մասնավորապես` նիստը հետաձգելը՝ Ղազախստանի պահով: Պետք է այս ամենը շատ պարզ ու հստակ ներկայացնենք բարձր մակարդակի հանդիպումներում և պահանջենք, որ այդ կառույցներն իրենց նպատակին ծառայեն: Իշխանությունները և բոլորը պարտավոր են դա անել, որովհետև այնպիսի վիճակում ենք, որ դրա մասին չխոսելն ուղղակի մեր անվտանգության դեմ է աշխատում, և մենք մեր անվտանգությունն ապահովելու համար պարտավոր ենք այդ հարցերը բարձրացնել»,- ասաց նա:
Ռուստամյանը, միևնույն ժամանակ, համարում է, որ տղայակական մոտեցմամբ չպետք է հարցերին մոտենալ: