Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սյուլեյման Յաշար
Մեզ մոտ Թուրքիայի տնտեսական պատմությանն անդրադարձող հեղինակները բոլորովին չեն խոսում հայերի տեղահանության (Հայոց ցեղասպանությանը-Ակունքի խմբ.) մասին: Հայացք գցեք շուկայում շրջանառվող` Թուրքիայի տնտեսական պատմությանը նվիրված գրքերին. գրեթե ոչ մեկում հնարավոր չի լինի որևէ տեղեկություն գտնել այն մասին, թե տեղահանությունից հետո ի՞նչ է եղել հայերի ունեցվածքը: Ահա’ այդ գրքերից մի քանիսը` Քորքութ Բորաթավի «Թուրքիայի տնտեսական պատմությունը 1908-2009 թթ.» աշխատությունը, որն իբր վերատպվել է 17 անգամ, մի խոսք անգամ չի ասում հայերի տեղահանության և հայկական ունեցվածքի մասին, թեև թեմային է անդրադառնում` 1908 թ. սկսած:
Նմանապես Օքթայ Յենալի «Հանրապետության տնտեսական պատմությունը» գրքում ևս որևէ նախադասություն չկա հայերի տեղահանության և գույքի վերաբերյալ: Յահյա Թեզելի «Հանրապետական շրջանի տնտեսական պատմությունը» երկում թեև նշվում է հայերի տեղահանության մասին, սակայն որևէ նախադասությամբ չի գրվում, թե ինչ է պատահել հայերի ունեցվածքին: Վեդաթ Էլդեմի «Պատերազմի և զինադադարի տարիներին Օսմանյան կայսրության տնտեսությունը» գրքում նույնպես թեև անդրադարձ կա հայերի տեղահանությանը, սակայն որևէ տեղեկություն չկա առ այն, թե ինչ է եղել հայերի հարստությանը, և ովքեր են բռնագրավել այն:
Շևքեթ Փամուքը հեղինակել է «Օսմանաթուրքական տնտեսական պատմությունը 1500-1914 թթ.» գիրքը և թերևս վախից կանգ է առել 1914 թվականի վրա և չի կարողացել անցնել 1915-ին: Նմանապես Նիյազի Բերքեսը գրել է «Թուրքիայի տնտեսության պատմությունը» և նա նույնպես, չգիտես թե ինչու, չի կարողացել հասնել 1915 թվականին: Սակայն այդ նույն գրքում օսմանյան տնտեսական մտքի էվոլուցիան հասցրել է մինչև հանրապետության շրջան: Սույն գրքերից բացի, մյուս բոլոր գրքերում ևս, որոնք վերաբերում են Թուրքիայի տնտեսական պատմությանը, ոչ ոք չի անդրադարձել այդ խնդրին: Քանի որ վերոհիշյալ հեղինակների մեծ մասը գիտնականներ են, խնդրի չափանիշը փոխվում է:
Այս անձանց կողմից գրի առնված տնտեսական պատմության աշխատությունները ճի՞շտ են ներկայացնում Թուրքիան: Ոչ, չեն կարող ճիշտ ներկայացնել, որովհետև Վեդաթ Էլդեմի գրքում նշվում է, որ տեղահանությունից հետո Թուրքիայի հայ բնակչության թվում 1.2 միլիոնի չափ նվազում է գրանցվել, և 1927 թ. մարդահամարում այս տարածքներում են մնացել ընդամենը 77 հազար հայեր: Ի՞նչ է պատահել այդ 1.2 միլիոն հայերի` բանկերում պահ տրված գումարների, խաղողի այգիների, պարտեզների, անասունների, տների հետ: Քանի դեռ չգիտենք, թե այդ ունեցվածքին ովքեր են տիրացել, անհնար կլինի հասկանալ, թե ինչպես են ի հայտ եկել ներկայիս սպիտակ թուրք հարուստները: Մի խոսքով, այդ գրքերի հեղինակներին կարող ենք անվանել «հայտնի ճշմարտության մասին գրել չկարողացող գիտնականներ»:
Լա’վ, իսկ ինչու՞ ներկայացրեցինք այս ամենը: Ներկայացրեցինք, որովհետև այս երկրում, որտեղ կան այնպիսի գիտնականներ, ովքեր թեև գիտեն, որ ապօրինի գույք է ձեռք բերվել, սակայն չեն կարողանում այդ մասին գրել, չեն կարողանում ասել, թե ովքեր են առանց հնարավորության հարստացածները, ի հայտ եկավ Ռեջեփ Թայիփ Էրդողան անվամբ մի վարչապետ և ասաց. «Ես տերերին եմ վերադարձնելու պետության կողմից ապօրինաբար բռնագրավված փոքրամասնության վաքըֆների գույքը»: Ասաց և արեց: Հիմա պետության բռնագրաված` հայ, հույն և այլ փոքրամասնությունների ունեցվածքը վերադարձվում է տերերին:
Սակայն այդ կիրառումից անմիջապես հետո սպիտակ թուրքերը սկսեցին բուռն կերպով քննադատել վարչապետ Էրդողանին: Նրանք ձգտում են որպես բռնապետ ներկայացնել նրան: Այնինչ, բռնապետ եղող անձը չի բաժանի այն գույքը, որի սեփականության փաստաթուղթը գտնվում է այն պետության ձեռքին, որի ամենավերին կետում է ինքը:
Ոչ միայն չի բաժանի, այլ հակառակը` կփորձի ավելացնել այն: Այդ կերպ կամրապնդի իր հեղինակությունը: Այդ պարագայում սպիտակ թուրքերի ագրեսիայի պատճառը հանկարծ չլինի այն մտահոգությունը, թե «Էրդողանը պետության բռնագրաված հայկական ունեցվածքը հետ է վերադարձնում, բա որ հանկարծ որոշի մեր զավթած հայկական գո՞ւյքն էլ վերադարձնել, մեր վիճակն ի՞նչ կլինի»:
http://www.sabah.com.tr/Yazarlar/yasar/2013/09/06/ermeni-tehcirsiz-iktisat-tarihi-kitabi-yazilir-mi
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net