Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության ծրագրի շուրջ վերջին երեք օրվա քննարկումները համարում է խիստ հաջողված, քանի որ տեղի է ունեցել շատ լուրջ գաղափարական բանավեճ և բախում:
«Այստեղ երկու մտածողության, մտածելակերպի բախում էր` երկու խումբ մարդկանց, որոնց մի մասը ներկայացնում էր այն տեղեկությունը, որը ստացել էր կարդացած գրքերից, իսկ մյուս մասը խոսում էր, որ պատրաստվում է նոր գիրք գրել: Մի մասը խոսում էր այն պատմության մասին, որն իրենց հայտնի է, մյուս մասը խոսում էր այն պատմության մասին, որը պատրաստվում է ստեղծել: Եվ կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց այն կարևոր հատվածը, որում ասվում է. «Կառավարության սույն ծրագրի գաղափարական հենքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որն արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության քվեն»»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը վճռական է «Իմ քայլը» խմբակցության, խորհրդարանական այլ ուժերի, քաղաքացիական հասարակության և հանրության հետ համագործակցության ու երկխոսության միջոցով ՀՀ-ում իրականացնել տնտեսական հեղափոխություն:
Իսկ թե ո՞րն է այն գաղափարական հենքը, որը պիտի հանգեցնի տնտեսական հեղափոխության, Փաշինյանը նշեց` յուրաքանչյուր ոք կարող է սկսել հանրային վերափոխման գործընթաց՝ կարևոր համարելով սեփական անձի վերափոխումը:
«Յուրաքանչյուր քաղաքացի սեփական անձի զարգացումը, հմտությունների, գիտելիքների, իմացության ձեռք բերումը և կատարելագործումը պետք է դիտարկի որպես հանրային բարեփոխման կարևորագույն բաղադրիչ: Պետությունը պետք է անհրաժեշտ միջավայր և մթնոլորտ ձևավորի նման վերափոխումներին նպաստելու համար: Սա է ամբողջ գաղափարախոսությունը, ահա, թե ինչ պիտի անի պետությունը»,-ընդգծեց վարչապետը: Այլ կերպ, ըստ նրա, անհատի զարգացման ուղղությամբ պետության հիմնական գործառույթը քաղաքացիների ստեղծարար ընդունակությունների զարգացման և իրացման համար հնարավորություն ստեղծելն է գիտության, մշակույթի, սպորտի, կրթության, քաղաքականության, տնտեսության բնագավառներում:
«Ըստ այդմ՝ օրենքով չարգելված ցանկացած գործողություն լինելու է հանրամատչելի, յուրաքանչյուրը սոցիալական, քաղաքական դիրքին արժանանալու է օբյեկտիվ ստեղծարար ընդունակությունների իրացմամբ»,- շեշտեց Փաշինյանը: