կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-28 12:10
Առանց Կատեգորիա

Մահացել է աշխարհահռչակ նկարիչ Ժանսեմը

Մահացել է աշխարհահռչակ նկարիչ Ժանսեմը

Երեկ՝ օգոստոսի 27-ին, 93 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ ֆրանսահայ նկարիչ Ժանսեմը: Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան), ծնվել էր 1920թ. մարտի 9-ին, Թուրքիայի Սելեզ քաղաքում: Մանկությունը անց է կացրել Սալոնիկում (Հունաստան):

 

Ամուսնու վախճանվելուց հետո, մայրը' 1931-ին, որդու կոտրված ոտքը բուժելու նպատակով մեկնում է Ֆրանսիա, հաստատվում է Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում։ 1938-ին ավարտում է Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցը։ Ապա մեկ տարի կատարելագործվում է Սաբաթիեի արվեստանոցում։ Սկսել է ցուցադրվել 1944-ից Անկախների սալոնում՝ «Ջութակահարը» նկարով։ Ստեղծագործության առաջին շրջանում հանդես է եկել զուտ ազգային թեմաներ շոշափող գործերով` «Հայուհին», «Հայկական հարսանիք», «Թաղում» եւ այլն։ Այդ գործերի մի մասը այժմ ցուցադրվում է Փարիզի հայկական արվեստի թանգարանում։

 

Ժանսեմը այն բացառիկ նկարիչներից է, ում կենդանության օրոք բացվել է իր անվան երկու թանգարան` երկուսն էլ Ճապոնիայում։

 

1956-ին Ժանսեմը ընտրվում է երիտասարդ նկարիչների սալոնի նախագահ, իսկ 1958-ին Մեքսիկայում շահում է Կոմպարեզոն։ Ժանսեմը ունեցել է տասնյակ անհատական ցուցահանդեսներ' Փարիզում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Լոզանում, Բեյրութում եւ այլուր։ Ժանսեմի կտավներից շատերը գտնվում են Եվրոպայի ու ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում ու անհատական հավաքածուներում։

 

Ժանսեմն առաջին անգամ Հայաստան է այցելել 1973-ին։ 2001-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանի հրավերով Ժանսեմը կրկին այցելեց Հայաստան և 2000-2001թթ. ընթացքում իր վրձնած «Եղեռն» շարքը` բաղկացած 34 կտավներից նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանին։

 

 «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար», ինչպես նաև 90-ամյա հոբելյանի կապակցությամբ Ժանսեմը 2010-ին արժանացել է Պատվո շքանշանի։