Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի խորհրդայնացմամբ պետական մակարդակով ընդհատվեցին Հայ դատի լուծմանն ուղղված պայքարը և Ցեղասպանության գլխավոր դահիճների նկատմամբ հատուցման գործողությունները. մարդիկ ստիպված էին իրենց մեջ խեղդել ազգային պահանջներն ու գիտակցությունը՝ խորհրդային իշխանությունների կողմից պարտադրվող ինտերնացիոնալիզմի պայմաններում: Իսկ աշխարհում սփռված հայությունը ինքնահաստատվելու, հացի խնդիր լուծելու և ինքնությունը պահպանելու մարտահրավերի առաջ էր կանգնել, բացի այդ` Եվրոպան սուզվում էր հեղափոխական եւ ազգայնական շարժումների նոր ալեկոծությունների մեջ, որոնք էլ 30-ականների վերջին հանգեցրին Երկրորդ համաշխարհային պատերազմին: Քառասունականների երկրորդ կեսին «տաք» հակամարտությունը տեղը զիջելու էր «սառը» առճակատմանը, որն էլ ձգվելու էր գրեթե մեկ տասնամյակ:
Մթնոլորտի լիցքաթափման հետ աշխարհում խնդիրներ լուծելու վայր դարձան միջազգային-դիվանագիտական հարթակները: Արտերկրի հայությունը ժամանակը պատեհ համարեց իր հարցերը եւս միջազգային ասպարեզ բերելու համար, սակայն քաղաքական բեմահարթակներ չտրամադրվեցին հայությանը` մի քանի տասնամյակ մոռացության մատնված Հայկական հարցը բարձրացնելու համար:
Սակայն ազգային վերազարթոնք ապրող սփյուռքահայության տրամադրությունների վրա մեծ ազդեցություն ունեցան 1965 թվականին Խորհրդային Հայաստանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակը ոգեկոչող հուշահամալիրի բացումը եւ դրան ուղեկցող իրադարձությունները: Լենին-ստալինյան մամլիչի ճնշումը հաղթահարած հայրենաբնակ հայության` իր դատին տեր դառնալը սփյուռքահայությանը հավատ ներշնչեց, որ ազգային բռնադատված իրավունքների վերականգնման համար պայքարը շարունակվում է, եւ դա նոր ազդակ դարձավ հայոց պահանջատիրության աշխուժացման համար:
Եվ այնուամենայնիվ, դիվանագիտական ուղիներով հարցն առաջ մղելու ջանքերը մնում էին անարդյունք: Սփյուռքահայության պայքարող ու պահանջատեր հատվածը հասկացավ, որ ուժեղ ցնցումը կարող է աշխարհին պարտադրել հայացքը թեքել հայության ասելիքի կողմը: Անցած դարի 70-ականներին կեսին սկիզբ առավ եւ մեկ տասնամյակ ծավալվեց պահանջատիրական զինյալ պայքարը: Սփյուռքում ստեղծվեցին մի քանի ընդհատակյա զինյալ կազմակերպություններ (Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ, Հայ հեղափոխական բանակ և այլն), որոնք երկրագնդի տարբեր անկյուններում ահաբեկչական գործողություններ էին իրականացնում թուրքական պետության դիվանագիտական ներկայացուցիչների դեմ: Մարդկության ուշադրությունը դանդաղորեն սեւեռվում էր Հայկական հարցին, աշխարհի առաջին ցեղասպանության փաստի վրայից մաքրվում էր մոռացության փոշին:
Այդ պայքարի ամենաազդեցիկ էջերից մեկը գրեցին «Լիսբոնի 5»-ը` Սեդրակ Աճեմյանը, Վաչե Տաղլեյանը, Սարգիս Աբրահամյանը, Սիմոն Եահնիյանը, Արա Քրճլյանը: Հուլիսի 27-ին լրանում է նրանց սուրբ նահատակության 30-րդ տարելիցը: Հայրենիքը երբեք չտեսած, նրա հողը ոտքի տակ չզգացած 19-21 տարեկան հինգ լիբանանահայ երիտասարդները մեծացել էին հայրենազրկված նախնիների` Եղեռնի մասին անհաշիվ պատմությունները լսելով, ներշնչվել ու դաստիարակվել հատուցման խորհրդով: 1983 թվականին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում նրանք գրավեցին թուրքական դեսպանատունը և իրենց հետ պայթեցրին այն: «Դեսպանատան գրավումը միջազգային անտեսումից ձանձրացած ու հոգնած հայ երիտասարդության ընդվզման արտահայտությունն է»,-ասվում էր պորտուգալական իշխանություններին ուղղված` Հայ հեղափոխական բանակի հաղորդագրության մեջ:
Դաշնակցական գործիչ Արտաշես Շահբազյանի խոսքերով՝ «Լիսբոնի 5-ի» գործողության արդար պահանջատիրական էությունը կասկածի տակ դնող և այն որպես սովորական տեռոր որակող ուժեր փորձել են եւ երբեմն-երբեմն փորձում են խեղաթյուրել ու նսեմացնել ինչպես այս գործողության, այնպես էլ, առհասարակ, հայկական պահանջատիրական զինյալ պայքարի իմաստը՝ թյուր կարծիք ստեղծելով ինչպես միջազգային հանրության, այնպես էլ, ցավոք, հայ հասարակության շրջանում: «Լիսբոնի տղաները գնացին գիտակցված մահվան` փաստելու համար, որ տեղի ունեցողը արկածախնդրություն չէ, այլ բարոյական ու քաղաքական առումով արդարացված պայքար: Չընդունել այս արարքի տրամաբանվածությունը նույնն է, թե դեմ լինել, օրինակ, նրանց, ովքեր զենքի դիմելու ճանապարհով ազատագրեցին Արցախը»:
Լիսաբոնի գործողությունն իրականացրած երիտասարդները ջանացել են տեղիք չտալ անմեղ զոհերի, նույնիսկ ռումբը պայթեցնելուց առաջ ազատ են արձակել թուրք դեսպանի կնոջն ու հարազատներին: «Հայ հեղափոխական բանակի թիրախը եղել են միայն թուրքական պետությունը և դրա շահերը ներկայացնողները»,- ասում է Արտաշես Շահբազյանը:
«Հայող ցեղասպանության արդարության մարտիկներ» կազմակերպության մարտիկ Անդրանիկ Պողոսյանի խոսքերով՝ սա էր միակ ճիշտ ուղին պետականություն չունեցող ազգի համար. «Երբ պետականություն ունեցող ժողովուրդներն իրենց հարցերը լուծում են զենքով, դա կոչվում է պատերազմ, ուրեմն ինչո՞ւ հայերիս դեպքում միայն նրա համար, որ մենք չունեինք այդ պետականությունը, պայքարի նույն՝ ռազմական ճանապարհը պետք է որակվեր ահաբեկչություն»:
«Զինյալ պայքարը միակ միջոցն է՝ ապահովելու մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Մենք կորցրել ենք, համարյա, մեր ամեն ինչը, մինչև անգամ մեր ինքնությունը, բայց բարեբախտաբար, մենք դեռ պահպանել ենք մեր հեղափոխական հանդգնությունը: Մենք վճռել ենք հօդս ցնդեցնել այս շենքը եւ մնալ փլվածքի տակ: Սա ինքնասպանություն չէ, ոչ էլ՝ խելագարության արտահայտություն: Սա զոհաբերություն է ազատության բագինին»,- ասված է «Լիսբոնի» տղաների հաղորդագրության մեջ:
Լիսաբոնում թուրքական դեսպանատան պայթյունը ցնցեց աշխարհը, միջազգային հանրության, մամուլի արձագանքները գործողության վերաբերյալ եղան տարբեր: Բնական էր նաև գերտերությունների բացասական արձագանքը. մամուլում այն հաճախ որակվեց ահաբեկչություն: Չէ՞ որ դա քաղաքական թատերաբեմում իրենց ձեռքով գրված սցենարի իրականացում չէր, ինչպես և դուրս էր նրանց վերահսկողությունից: Փաստ է, սակայն, որ այս պայթյունը, ինչպես եւ մյուս հայ վրիժառուների կրակոցները փլուզեցին լռության պատնեշները: Աշխարհը սկսեց խոսել Հայկական հարցի մասին: Լիսաբոնի գործողությունից հետո Բեյրութ ժամանեցին պորտուգալական և գերմանական մամլո պատվիրակություններ, որոնք տեղեկատվություն էին հավաքում ոչ միայն «Լիսբոնի հնգյակի», այլև, առհասարակ, հայկական գաղթօջախների և Հայոց ցեղասպանության մասին: Անմահացած հինգ հայորդիներն իրենց կյանքը Հայրենիքի ազատագրության զոհասեղանին դրեցին հպարտությամբ ու պատրաստակամությամբ, հարթեցին գալիք պահանջատեր սերունդների՝ Հայ դատի հետապնդման ուղին:
Այս հերոսական էջն իր անդրադարձն ունեցավ նաեւ շատ հայ երիտասարդների հոգում, ովքեր զենք վերցրեցին եւ նետվեցին Արցախի ազատագրության պայքարի հորձանուտ:
Նանե ՄԱՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Հունիսի 27-ին` ժամը 12-ին, Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կմատուցվի պատարագ` ի հիշատակ 30 տարի առաջ հուլիսի 27-ին Լիսաբոնում նահատակված 5 հայորդիների: