Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1979 -ին ծնված Արամ Հայրապետյանին, 1980 թվականին ծնված Դավիթ Գալստյանին, 1968 թվականին ծնված Սամվել Դավթյանին և 1989-ին ծնված Արթուր Մանուկյանին, ովքեր կասկածվում են վերջին ժամանակներս հանրապետությունում կատարված աղմկահարույց մի քանի ծանր հանցագործություններ կատարելու մեջ, երեկ` սեպտեմբերի 25-ին, Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Կասկածյալներին դատարան էին բերել դիմակավորված հատուկ ջոկոտայինները` նրանց գլուխներին սև պարկ քաշած:
Նախօրեին նույն դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի որոշմամբ` այս ավազակախմբի գործի շրջանակներում բավարարվել է քննիչի միջնորդությունը և երկամսյա կալանք սահմանվել «Գառնի-Սուրիկ» լավաշի արտադրությամբ զբաղվող ընկերության սեփականատեր Հայկ Հակոբյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և Երևանի քաղաքի վարչության ու դրա ստորաբաժանումների հետ Մյասնիկյան պողոտայում վնասազերծել էին նշված անձանց: Նրանք դիմադրություն էին ցույց տվել ոստիկանությանը, ապա իրենց «Մերսեդես»-ով վթարի ենթարկվել, ինչից հետո էլ դիմել էին փախուստի:
Հանցավոր խմբի պարագլուխը` «Եթում» մականունով, ժայռից գլորվել և վայր էր ընկել, ինչի արդյունքում մահացել էր: Նույն օրը ոստիկանության օպերատիվ խումբը հայտնաբերել էր հանցագործներին, որոնց բնակարաններում, այդ թվում` վարձով տներում առգրավվել էր մեծ քանակությամբ զենք-զինամթերք, թմրանյութ, խոշոր գումար և հանցագործության այլ գործիքներ:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչը միջնորդել էր դատարանին` նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, երկամսյա կալանք ընտրել: Դատավորներ Գայանե Կարախանյանն ու Արմեն Բեքթաշյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո, խորհրդակցական սենյակից դուրս գալով, բավարարել էին քննչական մարմնի միջնորդությունը: Դատական դռնփակ նիստի ողջ ընթացքում դատարանը վերցվել էր ուժեղացված հսկողության տակ: Աշխատանքները ղեկավարել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը, ով դատարանում տեղի ունեցած յուրաքանչյուր շարժի մասին տեղեկացնում էր դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:
Տեղեկությունն ու լուսանկարը` ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի: