կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-19 16:45
Քաղաքական

Քաղաքապետարանը չի՞ տեսնում ապօրինի կառուցվող գազալցակայանը

Քաղաքապետարանը չի՞ տեսնում ապօրինի կառուցվող գազալցակայանը

 

Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արթուր Գասպարյանի նամակներից մեկին Երևանի քաղաքապետարանի ուղարկած գրավոր պատասխանում բառացիորեն նշված է, որ 2006 թվականից մինչև ս.թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոմեքենաների լիցքավորման գազալցակայանների իրականացման համար քաղաքաշինական փաստաթղթեր չեն տրամադրվել. հայտնում են խմբակցության մամլո կենտրոնից:

 

Ս.թ. հուլիսի 12-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված նամակում պարոն Գասպարյանը մատնացույց էր արել Սասունցի Դավիթ փողոցում ապօրինաբար կառուցվող գազալցակայանը: Նամակում մասնավորապես ասվում է. «...Նշվում է, որ 2006թ.-ից մինչև ս.թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոմեքենաների լիցքավորման գազալցակայանների իրականացման համար քաղաքաշինական փաստաթղթեր չեն տրամադրվել: Սակայն ի գիտություն Ձեզ հայտնում եմ, որ այս պահին՝ սկսած 07.05.2013թ-ից, Երևանի Սասունցի Դավիթ փողոցի վերջնամասում, «Էրեբունի» վարչական շենքի անմիջապես դիմացի մայթին իրականացվում է ապօրինի՝ համաձայն Ձեր տրամադրած տեղեկատվության, առհելի գազալցակայանի կառուցում: Անհայտ է դրա կառուցապատողը, քանի որ բացակայում է օբյեկտի վերաբերյալ տեղեկատվություն հայտնող վահանակը»: Նշենք, որ Երևանի գլխավոր հատակագծում ևս շինությունը բացակայում է:

 

Այս նամակին ի պատասխան՝ քաղաքապետարանի աշխատակազմի Կազմակերպական վարչությունը հայտնել է. «...Ինչ վերաբերում է Ձեր կողմից մատնանշված հատվածին՝ ներկայումս որևէ կառուցապատման գործընթաց տեղի չի ունենում»: Սակայն կառույցը փաստացի առկա է:

 

Վերը դրված լուսանկարը հաստատում է վերոնշյալ հասցեում արդեն ավարտին հասցված ապօրինի կառույցի առկայությունը: