կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-26 16:55
Իրավական

10 օր առաջ Ճոյտի գազալցակայանը տուգանվել էր, և արգելվել էր շահագործումը

10 օր առաջ Ճոյտի գազալցակայանը տուգանվել էր, և արգելվել էր շահագործումը

Մայիսի 15-ին պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը կարգադրել է դադարեցնել «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանի շահագործումը՝ մինչև տեխնիկական անվտանգության պահանջներին համապատասխանեցնելը, այսինքն` թերությունները վերացնելը, ինչը, սակայն, չի կատարվել: Այս մասին yerkir.am-ին հայտնեց ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:

 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել հիշյալ գազալցակայանում, ինչի հետևանքով լուրջ այրվածքներ են ստացել և հիվանդանոց տեղափոխվել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդին՝ 29-ամյա Արմեն Հակոբի Հակոբյանը, և եղբայրը՝ 50-ամյա Արմեն Ռաֆիկի Հակոբյանը:

 

Yerkir.am-ի տեղեկություններով՝ գազալցակայանը գրանցված է «ԿարԲեկ» ՍՊԸ-ի անունով, որի հիմնադիրը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն է: Հայրապետյանը մեզ տեղեկացրեց նաև, որ մայիսի 15-ին ընկերությունը տուգանվել է 1 մլն դրամի չափով ՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի համապատասխան դրույթները չկատարելու համար, մասնավորապես` համապատասխան փորձաքննություն չանցնելու համար:

 

Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի ծառայության պետ Վոլոդյա Հովսեփյանը yerkir.am-ին հայտնեց, որ նշված գազալցակայանը 3 տարի փորձաքննություն չի անցել:

 

Նշենք, որ նախապատրաստված նյութերով` Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։