Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հուլիսի 19-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը. հայտնում են Սփյուռքի նախարարության մամլո կենտրոնից:
Երկուստեք կարևորելով հայկական Սփյուռքի ներգրավվածությունը Գերմանիայի հասարակական, մշակութային կյանքի և այլ ոլորտներում` կողմերը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել:
Նախարար Հրանուշ Հակոբյանը Ռայներ Մորելին ներկայացրել է ՀՀ իշխանությունների կողմից Հայաստան տեղափոխված սիրիահայերի սոցիալական, կրթական, առողջապահական, կեցության կարգավիճակին վերաբերող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները, նաև սիրիահայերի համար հրատապ լուծում պահանջող աշխատանքի տեղավորման և բնակարանաշինության խնդիրները: Հրանուշ Հակոբյանը նշել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման համար ֆինանսական միջոցները համալրելու նպատակով եվրոպական գործընկերների աջակցությունն է ակնկալվում:
Դեսպան Ռայներ Մորելը ևս հայտնել է իր մտահոգությունը Սիրիայում տիրող քաղաքացիական պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ և, անդրադառնալով սիրիահայերի աջակցության խնդրին, ներկայացրել, որ գերմանական իշխանությունները «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով սիրիահայերին 20.000 եվրոյի օգնություն են տրամադրել: Առաջիկայում նախատեսվում է ևս 30.000 եվրոյի օգնություն:
Սիրիահայերի կարիքները ճիշտ գնահատելու և սիրիահայերին տրամադրվող օգնությունը արդյունավետ կազմակերպելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի հետ: