կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-06 10:46
Քաղաքական

ԵՄ-ն Հայաստանին 2017-2020 թվականների համար կտրամադրի 176 մլն եվրոյի աջակցություն. Յունկեր

ԵՄ-ն Հայաստանին 2017-2020 թվականների համար կտրամադրի 176 մլն եվրոյի աջակցություն. Յունկեր

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո լրատվամիջոցների համար նախատեսված հանդիպմանը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ ԵՄ-ը Հայաստանին 2017-2020 թվականների համար նախատեսել է 176 մլն եվրոյի աջակցություն տրամադրել՝ միտված մարդու իրավունքների պաշտպանությանը և հիմնարար բարեփոխումներին:

«Բայց ինչպես պարոն վարչապետը բազմաթիվ անգամ նշել է՝ շատ աշխատանք կա անելու՝ հատկապես հակակոռուպցիոն ուղղությամբ և դատական բարեփոխումների ոլորտում: Ինչքան ավելի շատ Հայաստանի Հանրապետությունը բարեփոխվի, այնքան ավելի շատ մենք կաջակցենք ՀՀ-ին՝ և՛ ֆինանսապես, և՛ քաղաքականապես»,-նշել է նա:

Անդրադառնալով վիզաների ազատականացման հարցին՝ Յունկերն ասել է, որ Եվրոպական հանձնաժողովը կողմ է վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունների սկսմանը և որքան հնարավոր է շուտ:

«Սա կարևոր է և՛ Հայաստանի համար, և՛ Եվրամիության: Սա մի հարց է, որին մենք շատ նվիրված ենք, մենք ուզում ենք, որ ավելի շատ հայեր ճամփորդեն Եվրամիություն և հակառակը. ավելի շատ, քան առաջ: Մենք չենք ուզում, որ մարդիկ մեզ ընկալեն միայն ինստիտուտների միջոցով, մենք ուզում ենք, որ մարդիկ ճամփորդեն ազատ, հայերը ազատ գան Եվրոպա՝ առանց վիզայի, որպեսզի մեզ ավելի մոտիկից և լավ ճանաչեն: Նաև վեց ծրագրեր ենք նախատեսել հարևանների հետ կապերը խթանելու համար: Շարունակությունը շատ կարևոր է, մարդիկ պետք է շփվեն միմյանց հետ, ոչ միայն պետություններն ու կառավարությունները: Եվ մենք փորձում ենք ամեն ինչ անել այս հարցում»,-ընդգծել է Յունկերը: