Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրամիության 500 մլն եվրոյի չափով աջակցությունը, ենթադրում է տարածաշրջանային եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությունը, որն իրականում դառնալու է արտաքին պարտք՝ ավելացնելով մեր առանց այն էլ արագ աճող պետական պարտքը։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։
Նոյեմբերի 27-ից 29-ը Հայաստանում էին ԵՄ Արտաքին գործողությունների ծառայության եւ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները՝ դիտարկելու ԵՄ-ՀՀ կապերի խորացման ու ամրապնդման հնարավոր ուղղությունները բոլոր հարթություններում։ Այցից հետո Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հաղորդագրություն տարածեց, որում նշվում է՝ Եվրոպական միությունը լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձեւաչափի աջակցությունը։
Ըստ Թադեւոս Ավետիսյանի, այս ձեւակերպումը բավականին անորոշ է ու խիստ պայմանական։ «Ավելի լայն իմաստով՝ սա աշխարհաքաղաքական խոստման է նման, քան կոնկրետ աջակցության ու գործողությունների ծրագրի»։ Երկրորդ կարեւոր հանգամանքը, որ նշեց ընդդիմադիր պատգամավորը, այն է, որ աշխարհաքաղաքական այս վերիվայրումների համատեքստում զինված ուժերի ամբողջ համակարգը ինչ-որ կցկտուր ու փոքրածավալ ծրագրերի ռիսկի տակ դնելը, կարող է շատ վտանգավոր լինել, քանի որ մեր անվտանգային համակարգում՝ ռազմապայմանագրային իմաստով եւ նաեւ հողի վրա մեր ռամական ներուժի տեսանկյունից առանցքային է Ռուսաստանի դերը։ Փոփոխությունների այսպիսի թվացյալ առաջարկները, առանց ամբողջական ծրագրային հենքի եւ աջակցության հստակ ուղղությունների կարող է էլ ավելի վնասել առանց այն էլ փխրուն ու վտանգված մեր անվտանգային համակարգը»։
Հաղորդագրությունից տեղեկանում ենք նաեւ, որ մեկնարկ է տրվում ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ ներդրումների համակարգման հարթակին, որը կմիավորի ԵՄ-ին, Հայաստանի կառավարությանն ու միջազգային ֆինանսական հաստատություններին եւ կօգնի էլ ավելի մեծացնել ԵՄ ներդրումները Հայաստանում՝ Տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակներում։
Ուշագրավ է հայտարարության այն հատվածը, որ Հայաստանում արդեն իսկ մոբիլիզացվել են մինչեւ 500 միլիոն եվրո ծավալի ներդրումներ։ Հարթակի առաջին հանդիպման ընթացքում ստորագրվել են երկու նոր ծրագրեր՝ ուղղված Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ համագործակցությամբ մանկապարտեզների էներգաարդյունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ աջակցությանը հայկական ՓՄՁ-ներին։
«Եվրամիության ներդրումների մասին մենք լսում ենք պարբերաբար։ Այս իշխանության օրոք Եվրամիությունը աջակցության տարբեր խոստումներ է տալիս։ Հիշեցնեմ՝ 2,6 միլիարդ եվրոյի աննապադեպ աջակցության ծրագիրը, որը նախաստորագրվել էր, խոստումները կային, բայց մինչեւ հիմա դա այդպես էլ կյանքի չի կոչվել»։ Ավետիսյանի խոսքով, այս 500 մլն եվրոյի չափով աջակցությունը, ենթադրում է տարածաշրջանային եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությունը, որն իրականում դառնալու է արտաքին պարտք՝ ավելացնելով մեր առանց այն էլ արագ աճող պետական պարտքը։ «Դա չի կարող փոխարինվել ու համարժեք լինել օտարերկյա ոչ պետական հատվածի ներդրումներին։ Այն բացառապես քաղաքական նպատակ է հետապնդում եւ ըստ էության փորձում են դրանով համոզել մեզ, որ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական եւ տնտեսական հարաբերություններից հրաժարվելու կամ նվազեցնելու պարագայում Հայաստանը կարող է իր հույսը դնել Արեւմուտքի ու ԵՄ-ի հետ տնտեսական փոխգործակցության վրա» ,-ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ փաստն այլ է՝ տնտեսական կապերը ավելի շատ խորացման միտում ունեն Ռուսաստանի հետ եւ օրինակ՝ 2022 թվականի մեր բարձր տնտեսական աճի հիմնականում պայմանավորված է եղել Ռուսաստանի հետ փոխգործակցության գործոնով։ «Դեպի Ռուսաստան արտահանման աճն է, որ նպաստել է տնտեսական աճին, ինչպես նաեւ Ռուստանից դրամական արտարժույթով տրանսֆերները դեպի Հայաստան, որոնք պատիկներով աճեցին։ Նախորդ երկու տարվա գրանցած տնտեսական աճը հենց այդ գործոններով է պայմանավորված»։
Ավետիսյանի գնահատմամբ՝ մասնավոր հատվածում, օտարերկրյա ներդրումների ներհոսք եւ բարձր աճի միտում նկատելի չէ։ «Դժվար է դա պատկերացնել ԵՄ-ից, որովհետեւ անվտանգային ռիսկերի մասին ինչքան էլ խոսենք ու փորձենք նվազեցնել ու դրական սպասումներ առաջացնել, սակայն ակնհայտ է, որ այդ ռիսկերը մեծանում են եւ որոնք էլ հենց ուղղակի տնտեսական անվտանգության ռիսկեր են։ Այս իրավիճակում օտարերկրյա ներդրումների համար բավականին մեծ դժվարություններ են ստեղծվում։ Վառ ապացույցը՝ Երասխի դեպքերը, երբ կասեցվեցին ամերիկյան ներդրումները կամ Սոթքի հանքի շահագործման դադարեցումը։ Ադրբեջանի ծրագրավորված հռետորաբանության ու գործողությունների նպատակներից է Հայաստանի տնտեսական անվտանգության ռիսկերի ավելացումն ու ներդրումային միջավայրի վատացումն է»։
Ավետիսյանը եզրափակեց, որ Ադրբեջանն ունենալով ռազմական հաջողություններ՝ իր գործընկեր Թուրքիայի հետ միասին անում են ամեն ինչ, որպեսզի Հայաստանը տնտեսական առումով եւս լուրջ դժվարությունների հանդիպի եւ այլընտրանքը տեսնի ադրբեջանաթուրքական տանդեմի կցորդը դառնալու մեջ։ «Սա տնտեսական էքսպանսիայի համակարգված ծրագիր է, որն էլ թշնամի երկու պետությունները ողջ ծավալով են իրականացնում, իսկ ինչ վերաբերում է ԵՄ-ի խոստումներին, դրանք ընդամենը քաղաքական հայտարարություններ են՝ դրդված եվրոպական երկրների շահերից։
Մեղրի Ղուկասյան