կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-04 20:30
Առանց Կատեգորիա

Վատ հասկացող Իշխան Զաքարյանը

Վատ հասկացող Իշխան Զաքարյանը

Կարծես թե հանգուցալուծվում է Վերահսկիչ պալատի բացահայտումներին հաջորդած թնջուկը՝ ո՞վ է մեղավոր եւ ո՞վ՝ անմեղ։ Մեղավորն, ինչպես պարզվում է, Իշխան Զաքարյանն է։ Նա կարիք չուներ այդքան անկեղծ լինելու։ Բյուջե է, էլի, էսօր կթալանեն, վաղը, միգուցե, չթալանեն։ Ի՞նչ ես ընկել մեյդան ու ասում, թե բյուջեի 70 տոկոսը ռիսկային է շահագործվում։

 

Հարցն այն է, թե այս ի՞նչ են անում իշխանությունները։ Հիմա ինչո՞վ պիտի զբաղվի նա, ո՞վ պետք է հաջորդի Իշխան Զաքարյանին, եթե նա հաստատ որոշել է հրաժարական տալ։ Անձամբ ինձ ՎՊ նախագահի հրաժարականը քիչ է հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է եկողը։ Մեկ էլ՝ ես։ Պարզ չէ՞, որ եկողը գալու է, որ ինձ բոստանի վարունգի տեղ դնի։ Ուրեմն, ինչո՞ւ Իշխան Զաքարյանին դա չեն ասել։ Ինչո՞ւ չեն ասել, որ «տղա' ջան, քեզ վստահում ենք մի գործ, որի շահառուները, այսինքն` հասեցատերերը, այսինքն` ժողովուրդը, բոստանի վարունգ է, ինչ էլ անես կամ բացահայտես, չմոռանաս, որ քո արածից բոստանի վարունգն անգամ ոչինչ չպիտի հասկանա»։ Չեն ասել, որովհետեւ ըստ իրավիճակի են կողմնորոշվում։ Չլիներ օֆշորը, չէին մոգոնի Վերահսկիչ պալատի հաշվետվության շուրջ այս աղմուկը։ Օֆշորային սկանդալն արժեր նրան, որ Իշխան Զաքարյանից «ետ կանչեին» մեզ վարունգի տեղ դնելու առաքելությունը։ Չեն ասել, որովհետեւ ասողը մեկն է։ Այդ մեկն էլ գիտի, թե երբ ում ինչ ասի։ Իշխան Զաքարյանին հավանաբար հենց այսպիսի մի սկանդալի համար էր պահել։ Չէ՞ որ նախորդ տարիներին ընտրություններ կային, եւ հանրապետականները ցանկացած հանցանք կարկատում էին ինչ-որ բարեգործությամբ։ Այսօր այդ կարկատանների կարիքը չկա։ Ժողովրդի հերն էլ անիծած։ Բայց քաղաքականություն է, պիտի ցույց տրվի, որ ինչ-որ կոնֆիգուրացիաներ են գործում, ինչ-որ մտահղացումներ կան։

 

Իշխան Զաքարյանը զոհաբերվում է, որովհետեւ պետությունն այլ լուծում չունի։ Հո չի՞ դատելու այդ մարդու բացահայտումների հետեւում կանգնած մարդկանց, որոնք օր ու գիշեր աշխատել են միայն ատկատներ փախցնելու վրա։ Իշխան Զաքարյանը զոհաբերվում է, որովհետեւ մարդը, միգուցե, լավ տեղեկացված է պետական հանցագործությունից, բայց վատ է հասկանում կառավարման համակարգից, որից դուրս է մնացել պետությունը։ Իշխան Զաքարյանին ոչ ոք չի ասել, որ քո բացահայտածը պետություն կայացնելու հետ պիտի կապ չունենա, ոչ ոք նրան չի ասել, որ ինքն էլ է հանրապետական կամ լավ չեն ասել։ Նրան զոհաբերում են ընտրություններից հետո, որովհետեւ ընտրություններից առաջ ասել են, որ ատկատներ չեն լինելու։ Ու այդ մարդը չի հասկացել, որ ընտրություններից առաջ ասվածը ընտրություններից հետոյի համար «ասնավանի» չի։ Ի՞նչ կարիք կար ԱԺ ամբիոնից բացահայտել, որ ամբողջ համակարգը զբաղված է թալանով։

 

Հովիկ Աբրահամյանի պարագան ուրիշ է, այս բացահայտումներով նա փորձել է սեփական լվացքը լվանալ։ Նրա ասած լափելն ու թալանելը Իշխան Զաքարյանի բացահայտումների հետ կապ չունի։ Հովիկ Աբրահամյանն առանձին զոհ է լինելու։ ԱԺ նախագահին շատ բան են հիշեցնելու, որովհետեւ մոռացել է, որ ամբողջ Հանրապետական համակարգն ունի մի «թշնամի»՝ հայ ժողովուրդ։ Իսկ Հովիկ Աբրահամյանը դա մոռացել է եւ խոսում է կառավարության հանցանքների մասին։ Ներիշխանական այս գզվռտոցից տուժելու են բոլոր նրանք, ովքեր մոռացել են, որ իրենց գործը, այսինքն` փաստը, որ հանրապետական կառավարումն իրականում հայտարարված պատերազմ է սեփական ժողովրդին։ Նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանը գիտեր այդ պատերազմի մասին, ահա ինչու նա իշխանության հետ բախման չգնաց եւ խաղաց միայն Սերժ Սարգսյանի դաշտում։ Դե ով ուզում է թող «բադասխան» տա։

 

Սեյրան Հանոյան