Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, Գեղարվեստի պետական ակադեմիայի պատասխանատուների կողմից կաշառք ստանալու գործով այսօրվա նիստում լսեց դատավարական կողմերի ներկայացրած ճառերը:
Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, ի պաշտոնե 2012-2013թթ. ուսումնական տարվա ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալ Սվետլանա Գևորգյանը, նույն հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Հայկ Փայասլյանի հետ նախնական համաձայնությամբ, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով, ակադեմիայի դիմորդ Էդուարդ Բարբարյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է` վերջինիս քննությունների արդյունքներն ակադեմիա ընդունվելու համար անցողիկ միավորներով ապահովելու միջոցով ակադեմիա ընդունելու համար 2012թ. ապրիլին, ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խաչիկ Ազիզյանի միջնորդությամբ, ընդունել են Էդուարդ Բարբարյանի ծնողներից` Արմինե Ենոքյանից և Արայիկ Ֆահրադյանից, առանձնապես խոշոր չափերի` 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու առաջարկը, իսկ 2012թ. մայիսին Խաչիկ Ազիզյանի միջոցով Արմինե Ենոքյանից և Արայիկ Ֆահրադյանից ստացել են առանձնապես խոշոր չափերի` 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար կաշառք:
Մինչ դատական վիճաբանությունների փուլին անցնելը դատարանը ներկայացրեց ամբաստանյալներ Արայիկ Ֆահրադյանի և Արմինե Ենոքյանի վերաբերյալ որոշակի տվյալներ, որոնք պարզելու համար էլ հետաձգվել էր նախորդ դատական նիստը: Դատարանը պարզել էր, որ ամբաստանյալ Արայիկ Ֆահրադյանը նախկինում դատապարտված չի եղել, իսկ Արմինե Ենոքյանը Կոտայքի մարզի դատարանի կողմից 1992-ին դատապարտվել էր 300 ռուբլի տուգանքով:
Այսօրվա դատական նիստում մեղադրող Մանվել Գրիգորյանը նշեց, որ կաշառք տալը, ստանալը և կաշառքի միջնորդությունը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված քրեորեն պատժելի արարք է և համապատասխան պատիժ է ենթադրում: Նա միջնորդեց Սվետլանա Գևորգյանին և Հայկ Փայասլյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ ասի 2-րդ կետով և դատապարտել 7 տարվա ազատազրկման, սակայն Սվետլանա Գևորգյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել և նշանակել հինգ տարի փորձաշրջան` գույքի բռնագրավմամբ: Դատախազն առաջարկեց Խաչիկ Ազիզյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ կաշառքի միջնորդություն, և դատապարտել տուգանքի` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Արայիկ Ֆահրադյանին և Արմինե Ենոքյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կաշառք տալը, և դատապարտել երեքական տարվա պայմանական ազատազրկման՝ մեկ տարվա փորձաշրջանով: Իսկ ամբաստանյալների գույքի նկատմամբ դրված կալանքը թողնել անփոփոխ:
Ամբաստանյալներ Արայիկ Ֆահրադյանի և Արմինե Ենոքյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը, հակիրճ ներկայացնելով իր պաշտպանական ճառը, նշեց, որ իր պաշտպանյալների արարքը պետք է իրավական գնահատական ստանա և խնդրեց դատարանից նրանց նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ: Բացի այդ` նա ուշադրության հրավիրեց այն փաստին, որ ամբաստանյալներն իրենց խնամքի տակ ունեն 2 անչափահաս երեխաներ:
Ամբաստանյալ Հայկ Փայասլյանի պաշտպանը, իր ճառում թվելով մի շարք փաստական հանգամանքներ, նշեց, որ իր պաշտպանյալի և բուհի պրոռեկտոր Ս. Գրիգորյանի միջև կաշառք ստանալու վերաբերյալ նախնական համաձայնություն չի եղել: Նրա խոսքով` մեղադրողի ներկայացրած ապացույցների շարքում չի հիմնավորվում այն, որ Հ. Փայասյանը որևէ մեկից գումար է պահանջել: Պաշտպանը նաև հայտարարեց, որ նախաքննության ընթացքում, ինչպես բոլոր ամբաստանյալները, այնպես էլ որոշ վկաներ, տևական ժամանակ պահվել են անազատության մեջ: Նա դատարանից խնդրեց հաստատել իր պաշտպանյալի անմեղությունը և նրա նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնել:
Պաշտպանի ճառից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին, սակայն դատավոր Մխիթար Պապոյանը նկատողություն արեց ներկաներին` ասելով, որ բոլորին դուրս կհրավիրի:
Ամբաստանյալ Հայկ Փայասլյանը հույս հայտնեց, որ ամիսներ տևած դատաքննության արդյունքում, ի վերջո, արդար դատավճիռ կլինի:
Սվետլաննա Գևորգյանի պաշտպանն էլ, իր հերթին, հայտարարեց, որ իր պաշտպանյալը ՀՀ ՔՕ 311 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցանք չի կատարել:
Այսպիսով` դատական վիճաբանությունների փուլը համարվեց ավարտված: