Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունն առ այս պահը խելամիտ մեկնաբանություն չի տալիս՝ ինչպես է ստացվել, որ դեռևս 2022-ի դեկտեմբերի 16-ին Գեղարվեստի պետական ակադեմիայում ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանի նախագահությամբ տեղի ունեցած ռեկտորի ընտրության արդյունքները գործադիրն այդպես էլ չի հաստատում, ու 16 կողմ ձայներով միաձայն ռեկտոր վերընտրված Արամ Իսաբեկյանին ռեկտոր չի նշանակում:
Գեղարվեստի ակադեմիայում տեղի ունեցած խառնաշփոթ-թնջուկի մասին առաջինը «Ժողովուրդ» օրաթերթն էր բարձրաձայնել՝ ընդգծելով, որ փոխնախարար Խզմալյանի (ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է) հովանու ներքո բուհում պաշտոնական կեղծիք է կատարվել: Մեր հրապարակած լուրից հետո սակայն նախարարության լրատվական ծառայությունը, հաստատելով, որ ընտրության ժամանակ, այնուամենայիվ, ինչ-որ մութ բան է կատարվել, «պարզաբանում» անունով տեքստ էր հրապարակել՝ նշելով. «Խնդրի կարգավորման նպատակով հաջորդ շաբաթ նախատեսվում է խորհրդի նիստ գումարել»։
Հաջորդ շաբաթն այս՝ անցնող շաբաթն է, ու առ այսօր ո՛չ ԿԳՄՍ-ն, ո՛չ Գեղարվեստի ակադեմիան խորհրդի նիստ գումարելու մասին հայտարարություն չեն տարածել: Թեև «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԿԳՄՍ լրատվական ծառայությունից երեկ վստահեցրին, որ հինգշաբթի օրը՝ հունվարի 19-ին, նիստ, այնուամենայնիվ, եղել է (նման բան նաև Գեղարվեստի ակադեմիայից ակնարկեցին) բայց փաստն այն է, որ դա հաստատող որևէ արձանագրություն, հաղորդագրություն չկա: Եվ, հետևաբար, խորհրդի նսիտ կա՛մ չի եղել, կա՛մ էլ ԿԳՄՍ-ի ու ակադեմիայի աշխատակիցները սխալ ինֆորմացիա էին մեզ փոխանցում:
Ակադեմիայում նիստ չլինելու ևս մեկ փաստարկ է այն, որ հունվարի 18-19-ին ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ ու ԿԳՄՍ փոխնախարար Խզմալյանը Թբիլիսիում է եղել՝ մասնակցելու վրաց դերասան Վախթանգ Կիկաբիձեի հոգեհանգստի արարողությանը: Ի դեպ, կառավարության ու ԿԳՄՍ-ի հրապարակած տեղեկատվության մեջ այս մասով հակասություն կա:
Վարչապետ Փաշինյանի՝ E-gov.am-ում մակագրած որոշման մեջ նշվում է, որ Խզմալյանը մասնակցելու է վրաց դերասանի հոգեհանգստի արարողությանը, մինչդեռ նախարարության Facebook-ի էջում հրապարակված լուսանկարին կից գրառման մեջ նշված է, որ Խզմալյանը մասնակցել է դերասանի թե՛ հոգեհանգստի, թե՛ վերջին հրաժեշտի արարողություններին:
Հ.Գ. Օտար դերասանի հոգեհանգստյան կամ վերջին հրաժեշտի համար արտերկիր մեկնել շտապող պարոն Խզմալյանին հիշեցնենք՝ այն կառավարությունը, որի մաս նաև ինքն է կազմում, հրաժարվեց կառավարական հանձնաժողովներ ձևավորել անվանի գրող Ալվարդ Պետրոսյանի ու անվանի դերասան Վիգեն Ստեփանյանի մահվան ժամանակ:
Իսկ մեծանուն կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանին շիրիմի շուրջ անհարկի աղմուկ ու ճղճիմ խոսակցություններ ստեղծեց: Բայց վրացի դերսանի վերջին հրաժեշտին մասնակցել է փոխնախարարը:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում