Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը հերթական հաղթանակն է գրանցել աշխարհի երկրների հետ վարկանիշային «պատերազմում»: Այս մասին դեռ երկու-երեք օր առաջ իրար հետևից գրում էին էլեկտրոնային լրատվամիջոցները, և ահա հուլիսի 3-ին վարկանիշային հաղթանակը պաշտոնականացավ` նոր նվաճման մասին փաստեց նաև Հ1-ը: Հետևաբար, այլևս ոչ մի տարակույս. աշխարհի լեզուների շարքում հայերենը գրավել է 9-րդ պատվավոր հորիզոնականը:
Ըստ հեղինակավոր Foreign Policy ամսագրի` մասնագետները տիպաբանական ուսումնասիրություններ են կատարել աշխարհի 239 լեզուներում և դրանք դասակարգել ըստ ինքնատիպության աստիճանի: Ահա և հայերենը, մասնավորապես` արևելահայերենը, առաջին տասնյակում է, փաստ, որը չի կարող հպարտության ու գոհունակության զգացումով չլցնել հայության սիրտը, Հ1-ի սրտի մասին` էլ չասած, մանավանդ որ` գաղտնիք չէ, վերջինիս սիրտը նույնն է, ինչ իշխանությունների սիրտը, և որը վերջին ժամանակներս հա' հաղթանակներ է ուզում, հատկապես` վարկանիշային:
Մինչդեռ ամբողջ խնդիրը, իսկ երբ խորամուխ ես լինում «հաղթանակի» մանրամասների մեջ` զավեշտը այն է, որ արևելահայերենը հայտնվել է լեզուների մի թոփ-տասնյակում, որի առաջին հորիզոնականում, դիցուք, ոչ թե անգլերենն է կամ ֆրանսերենը, ոչ թե մեկ ուրիշ զարգացած լեզու է, այլ ինչ-որ միշտեկերեն, որով խոսում են Մեքսիկայի Օահակա նահանգում, խոսողների թիվը` մոտ 6 հազար մարդ: Թոփ-տասնյակի երկրորդ հորիզոնականում Ռուսաստանի սիբիրներում մեռնող նենեցերենն է, երրորդ «պատվավոր» տեղը գրավել է, ոչ ավելի, ոչ պակաս, Ամերիկայի բնիկներից մեկի լեզուն` չոկտավերենը` մի քանի հարյուր մարդու լեզու: Ահա' մեր պետական լրատվամիջոցի հրճվանքը հարուցած «հաղթանակի» պատկերը, ահա' թե ինչով է Հ1-ը երջանիկ, որով էլ փորձում է համակել հայությանը:
Համոզվելու համար, թե իսկապես որքան զավեշտալի է այս ամենը, հիշեցնենք, թե ինչով է ինքնատիպ, օրինակ, «հաղթած» լեզուն: Ինչպես հավաստիացնում է Հ1-ը (կայքերում այդ տեղեկատվությունը բացակայում է), առաջին հորիզոնականը գրաված միշտեկյան լեզուն «ինքնատիպ» է նրանով, որ չունի... հարցական նախադասություն, այդ լեզվով անհնար է հարց ձևակերպել և դա արտահայտել հնչյունային պլանում: Ուրեմն, մինչ աշխարհն առաջ է ընթանում` պատասխաններ փնտրել-գտնելուց առաջ նախ հարց տալու «ճանապարհը բռնած», պարզվում է` կա մի լեզու, որով խոսողներին հարցն ընդհանրապես պետք չի գալիս, նրանք դրա կարիքը չունեն: Եվ մենք երջանիկ ենք այդտեսակ լեզվի հետ առաջին տասնյակում գտնվելու համար: Այս ամենին եթե գումարենք այն փաստը, որ վարկանիշային «հաղթանակ» հորինելու համար պետական լրատվամիջոցը չի խորշել նույնիսկ խմբագրական կեղծիքից, պատկերը, ինչպես ասում են, դառնում է լիակատար:
Բանն այն է, որ էլեկտրոնային բոլոր լրատվամիջոցները հայերենին 9-րդ տեղն էին հատկացրել աշխարհի «ամենաարտասովոր» և «ամենատարօրինակ» լեզուների շարքում, մինչդեռ Հ1-ը ամենաարտասովորն» ու «ամենատարօրինակը» դարձրել էր «ամենաինքնատիպ»: Հայերենը, փառք աստծո, դեռ այնքան ինքնատիպ չէ, որ հարցական նախադասություն չունենա, ուրեմն հարց տանք Հ1-յան իշխանավորներին, որ ի բարձունս են (Նորքի). պարոնա'յք գաղափարախոսներ, ինչների՞դ էր պետք, այնուամենայնիվ, այս նվաստ ներկայացումը:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ