կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-08 13:40
Քաղաքական

Մենք չենք ասում, որ ամեն հարցում համաձայն ենք միմյանց հետ. ԱԳ նախարարը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Մենք չենք ասում, որ ամեն հարցում համաձայն ենք միմյանց հետ. ԱԳ նախարարը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Եվրասիական տնտեսական միությունը շատ լավ ձևաչափ է գործընկերների փոխգործակցության համար: Այդ մասին Коммерсантъ-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:

«Մեր վարչապետը հստակ ասել է, թե Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծում ինչ նշանակություն ունի ԵԱՏՄ-ն` մեր երկիրը զարգացնելու  ու համախմբելու մեխանիզմների օգտագործման համատեքստում: ԵԱՏՄ-ն այն կարևոր մեխանիզմն է, որն աշխատում է զարգացման ուղղությամբ: Եվ մենք այն օգտագործում ենք: Այն շատ լավ ձևաչափ է գործընկերների փոխգործակցության համար` մեզ դուրս է բերում մեծ շուկաներ, տալիս է գործընկեր երկրներում ազատ աշխատելու, բազմաթիվ ոլորտներում համագործակցելու հնարավորություն: Այդ ամենը այն բանի համար է, որ մենք զարգացնենք մեր երկիրը: Այդ մասին ասվում է նաև կառավարության ծրագրում»,- նշել է նախարարը:

Պատասխանելով դիտարկմանը, որ ամեն դեպքում ԵԱՏՄ-ի ներսում կան խնդիրներ, Մնացականյանը նշել է. «Երբ մենք ասում ենք, որ դաշնակիցներ ենք, ապա քննարկում ենք առկա հարցերը: Մենք չենք ասում, որ մեր փոխհարաբերություններին վերաբերող ամեն հարցում համաձայն ենք միմյանց հետ: Սակայն մենք ի վիճակի ենք միասին աշխատել, պայմանավորվել և առաջ շարժվել»:

Նա հավելել է, որ գոհ է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից, որոնց ընթացքում խոսվել է նաև ԵԱՏՄ-ում առկա խնդիրների մասին: «Նորմալ դինամիկա է»,- նշել է ՀՀ արտգործնախարարը: