կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-12 09:37
Առանց Կատեգորիա

Մեր գնահատականների մեջ ոչինչ չի փոխվել. Իշխան Սաղաթելյանը՝ ՀՅԴ-Փաշինյան հանդիպման մասին. «Փաստ»

Մեր գնահատականների մեջ ոչինչ չի փոխվել. Իշխան Սաղաթելյանը՝ ՀՅԴ-Փաշինյան հանդիպման մասին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացվել է, մոտ մեկ շաբաթ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին եւ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Ի դեպ, հանդիպման մասին մի քանի տողանոց հաղորդագրության հետ նույնիսկ լուսանկար չկա վարչապետի պաշտոնական էջում:

Չնայած դրանից հետո ՀՅԴ-ականները մեկնաբանություններ են տվել այդ հանդիպման կապակցությամբ՝ նշելով, որ արտառոց բան չկա այդտեղ եւ որ «ներքաղաքական թեմաների մասին չի խոսվել, քննարկվել են բացառապես համահայկական եւ տարածաշրջանային հարցեր», այդուամենայնիվ, այս մեկ շաբաթվա ընթացքում տարբեր տեսակետների, ընդհուպ «դավադրապաշտական» եզրահանգումների պակաս չկար:

Ավելին, թեմային անդրադարձել են նաեւ ռուսական որոշ լրատվամիջոցներ՝ ի մասնավորի նշելով, թե հնարավոր է գործարք ՀՅԴ-ի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ:

Այս թեմայի շուրջ ցանկացանք տեսակետ ստանալ Իշխան Սաղաթելյանից: Հեռախոսազրույցի ընթացքում շեշտեցինք, որ առանձին լրատվամիջոցներում խոսվում է գործարքի հնարավորության մասին, այդ թվում՝ նշվում են հավանական տարբերակներ (կոալիցիա, երկրորդ էշելոնի պաշտոններ, «վեթինգի» գծով հանձնաժողովներում տեղեր եւ այլն), ու խնդրեցինք պատասխանել՝ նման գործարքի հնարավորություն կա՞, թե՞ ոչ: 

«Մենք շատ հստակ այդ մասին հայտարարել ենք, ասել, այս ընթացքում մի քանի անգամ անդրադարձել։ Մեր գնահատականների, գործողությունների, հայտարարված օրակարգի ու անելիքների մեջ ոչինչ չի փոխվել։ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչների հանդիպումը նորմալ երեւույթ է, օրակարգի մասին էլ պաշտոնական հաղորդագրություն է եղել»,- ասաց Սաղաթելյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։