կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-02 14:46
Հասարակություն

Շատ ″գիտնականներ″ կարող են հայտնվել Խաչիկյանի կողքին

Շատ ″գիտնականներ″ կարող են հայտնվել Խաչիկյանի կողքին

Հայաստանում վերջին 22 տարիներին այնքան վատ քաղաքականություն է վարվել, որ ոչնչացվել է գիտական ներուժը, եւ սա ազգային դավաճանություն է` գիտակցվա՞ծ, թե՞ ոչ. լրագրողների հետ զրույցում նշեց կենսաբանական գիտությունների դոկտոր Սիներիկ Հայրապետյանը:

 

Ըստ նրա` գիտությունը որոշում է երկրի սոցիալ-տնտեսական մակարդակը, եւ անհրաժեշտ է գիտակրթական միջազգային կենտրոն ստեղծել, որտեղ կաշխատեն մեր գիտնականները եւ չեն լքի երկիրը:

 

«Օրինակ` Իսրայելը, որը, չնայած իր տարածքի փոքրությանը, կարողանում է գիտական ներուժն օգտագործել, իսկ մենք եղածն ենք ոչնչացնում: Եթե փորձենք գնալ հետքերով, թե ո՞ւր են գնում գիտությանը հատկացված փողերը, ապա շատերը յուրացումների համար կհայտնվեն բանտում` Վազգեն Խաչիկյանի կողքին»,- ասաց Հայրապետյանը:

 

Նա կարծում է, որ Հայաստանի երեք նախագահներն էլ իրենց նախընտրական ծրագրերում անպայման ընդգրկում են գիտական ոլորտը, սակայն այդ ծրագրերը չեն իրականանում, քանի որ միջին օղակները թերանում են:

 

Ըստ գիտնականի` ստեղծված իրավիճակում մեղավոր են երկուսը` Ազգային անվտանգության ծառայությունը, որն իր ուշադրությունից դուրս է թողել գիտությունը, եւ մտավորականները, որոնք, ըստ Հայրապետյանի, կա'մ մորթապաշտությամբ են զբաղվում, կա'մ հեռանում երկրից. «Երկիրը չի կարող զարգանալ, քանի դեռ գիտության ասպարեզում կրիմինալ գործողություններ են ծավալվում: Սա ոչ թե անձերի, այլ համակարգի հարց է. նկատե՞լ եք, որ ոչ մի երկիր մեզ այլեւ գիտական ծրագրեր չեն ուղարկում, որ մենք այստեղ փորձարկենք դրանք»:

 

Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ նշեց, որ հաճախ դրամաշնորհներ են շահում նրանք, ովքեր գիտության հետ ոչ մի կապ չունեն, փոխարենը լավ ծանոթ-բարեկամ ունեն: Ըստ նրա` մեզ մոտ գիտություններ կան, որոնց ասպարեզում 3-4 իսկական գիտնական չենք գտնի:

 

«Գրագողությամբ, ռուսերենից թարգմանելով, ստանում են կոչումներ, գիտական աստիճաններ եւ սկսում իբր թե գիտությամբ զբաղվել: Դիսերտացիաներ են պաշտպանվում, որտեղ, բացի սեփական ազգանունից, հեղինակային ուրիշ ոչինչ չկա: Եթե մարդը գրագողությամբ է ինչ-որ աստիճանի հասել, ինչպե՞ս կարելի է նրան պետական մրցանակ տալ»,- ասաց Խուդոյանը եւ հավելեց, որ ստեղծված մթնոլորտից հիասթափված` իսկական գիտնականները թողնում ու գնում են երկրից: