Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կայացավ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի և ևս 12 անձանց վերաբերյալ գործով դատական նիստը:
Մեղադրող դատախազները երեքն էին` Հովհաննես Ենոքյանը, Կարեն Հովհաննիսյանը և Ռոստոմ Դանիելյանը:
Գործով երկու ամբաստանյալները՝ Բագրատ Մուրադյանը և Արմեն Խաչատրյանը, հրաժարվեցին իրենց պաշտպան Ռոբերտ Մանվելյանի ծառայություններից և խնդրեցին իրենց ապահովել հանրային պաշտպանով, քանի որ չունեն բավարար ֆինանսական միջոցներ։ Ի դեպ Ռ. Մանվելյանը չէր ներկայացել դատարան:
Դատավոր Մխիթար Պապոյանը հայտնեց, որ կդիմի հանրային պաշտպանի գրասենյակ՝ խնդրելով ամբաստանյալներին ապահովել հանրային պաշտպանով, ինչի համար կպահանջվի ամենաշատը 2 շաբաթ:
Պաշտպանական կողմը, սակայն, հայտարարեց, որ երկշաբաթյա ժամկետը բավարար չէ` հանրային պաշտպան հրավիրելու և գործի նյութերին ծանոթանալու համար: Գործի բարդությունը և մեծածավալությունը նկարագրելու համար պաշտպաններից մեկն ասաց, որ միայն գործի նյութերը պատճենահանելու համար 17 օր է պահանջվել:
Ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանում հայտնեց, որ դահլիճի փոքր լինելու պատճառով հազիվ են տեղավորվել, և որ իրենք հեռու են գտնվում իրենց պաշտպանյալներից: Նա խնդրեց, որ դատարանը հաշվի առնի այդ հանգամանքը, եւ հաջորդ դատական նիստը Շենգավիթ կամ Աջափնյակ-Դավիթաշեն դատարանների մեծ դահլիճներում կազմակերպվի:
Դատավորը տեղեկացրեց, որ դահլիճի հետ կապված տեխնիկական խնդրի վերաբերյալ կդիմի դատական դեպարտամենտին, սակայն եթե վերջինս չկարողանա այլ դատարան ապահովել, իրենք այս դահլիճում համապատասխան պայմաններ կապահովեն:
>Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեական կեղծիք կատարելով, յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները:
Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:
Դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 19-ը: