կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-22 14:39
Աշխարհ

Դիմակ կրելը կարող է 80 տոկոսով նվազեցնել կորոնավիրուսով վարակման սպառնալիքը․ ճապոնացի գիտնականներ

Դիմակ կրելը կարող է 80 տոկոսով նվազեցնել կորոնավիրուսով վարակման սպառնալիքը․ ճապոնացի գիտնականներ

Վիրաբուժական դիմակները թույլ են տալիս որոշ դեպքերում նույնիսկ 80 տոկոսով նվազեցնել օրգանիզմում կորոնավիրուսի հայտնվելու սպառնալիքը, սակայն վտանգը մինչեւ վերջ չեն վերացնում: Դա ցույց է տվել եզակի գիտափորձը, որը կատարվել է Տոկիոյի համալսարանին կից բժշկական ինստիտուտում հոկտեմբերի 22-ին. հաղորդել է Ճապոնիայի NHK հեռուստաալիքը:

Մասնագետները մեկուսացված տարածությունում 50 սանտիմետր հեռավորությամբ տեղադրել են մանեկենների գլուխներ՝ տվիչներով: Նրանցից մեկը շնչել է շրջապատող օդը, իսկ երկրորդը, հազ նմանակելով, կորոնավիրուս է արտանետել թքի հետ:

Կորոնավիրուսի կլանումը շնչող գլխի կողմից 17 տոկոսով կրճատվել է կտորից դիմակի դեպքում եւ 47 տոկոսով՝ սովորական բժշկական եռաշերտ դիմակի կիրառման դեպքում: N95 տիպի մասնագիտացված շնչադիմակը կորոնավիրուսի կլանումը կրճատել է 79 տոկոսով:

Իսկ եթե կտորից կամ բժշկական դիմակը հագցվել է կորոնավիրուս արտանետող գլխին, ապա առանց դիմակի շնչող գլխի կողմից կլանումը նվազել է ավելի քան 70 տոկոսով:

Բժշկական դիմակների կիրառումը երկու մանեկենների վրա օրգանիզմում վիրուսների կլանվող քանակությունը կրճատել է 80 տոկոսով, սակայն լիովին չի վերացրել վարակման սպառնալիքը:

«Կորոնավիրուսի կիրառմամբ այսպիսի գիտափորձ կատարվել է առաջին անգամ,- լրագրողներին պատմել է հետազոտողների խմբի ղեկավար պրոֆեսոր Յոսիհիրո Կավաոկան:- Մեր փորձերը ցույց տվեցին, որ համավարակի շրջանում դիմակ կրելը շատ կարեւոր է, սակայն պետք չէ չափազանց հավատալ դրանց»: