կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-28 15:27
Իրավական

Կմիջնորդեն, որ ՄԻԵԴ-ում Սաֆարովի գործով Հայաստանը որպես երրորդ կողմ ներգրավվի

Կմիջնորդեն, որ ՄԻԵԴ-ում Սաֆարովի գործով Հայաստանը որպես երրորդ կողմ ներգրավվի

Արդեն հայտնել ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից 2004-ին Բուդապեշտում կացնահարված հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանի սպանության գործով պատասխանողներ է ճանաչել Ադրբեջանի և Հունգարիայի կառավարություններին:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու, ապա Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու փաստի առթիվ Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները և մահափորձի ենթարկված` զինված ուժերի սպա Հայկ Մակուչյանը դեռևս 2013-ի փետրվարի 28-ին անհատական գանգատ էին ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Գանգատում պահանջվում է ճանաչել, որ այդ գործողությունները խախտում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով (կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրացված հիմնարար իրավունքները:

Yerkir.am-ի հետ զրույցում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի՝ Մինասյանի շահերը ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանը հայտնեց, որ ՄԻԵԴ-ը գանգատի կապակցությամբ հարցադրումներ է ուղարկել Հունգարիայի և Ադրբեջանի կառավարություններին: Նախատեսված ժամկետով՝ մինչև այս տարվա մայիսի 12-ը, հիշյալ կողմերը պետք է պատասխանեն առաջադրված հարցերին:

Վարդանյանը տեղեկացրեց նաև, որ իրենք կմիջնորդեն, որպեսզի «Մինասյանն ու Մակուչյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով որպես երրորդ կողմ ներգրավվի Հայաստանը, քանի որ Գուրգեն Մարգարյանը և Հայկ Մակուչյանը ՀՀ քաղաքացիներ են, և հանցագործությունը կատարվել է ազգային ատելության հողի վրա:

Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու` ոճրագործի փորձը ձախողվել էր: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ազատեցին, մեծարեցին` իբրեւ ազգային հերոսի, զինվորական կոչումը բարձրացրեցին, բնակարան եւ նպաստ հատկացրեցին: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: