կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-02 18:16
Քաղաքական

Փաշինյանը 1 տարի առաջ Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողություն կատարեց. հոկտեմբերի 2-ի իրավական գնահատականը

Փաշինյանը 1 տարի առաջ Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողություն կատարեց. հոկտեմբերի 2-ի իրավական գնահատականը

Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողություն՝ ժողովրդավարության քողի տակ. Yerkir.am-ի հետ հարցազրույցում իրավաբան Մհեր Սահակյանն այսպես բնորոշեց 1 տարի առաջ՝ հոկտեմբերի 2-ին, տեղի ունեցածը, երբ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի հոծ զանգվածն ուղղորդեց դեպի ԱԺ՝ բողոքելով արտահերթ նիստով ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի ընդունած օրինագծի դեմ, որի համաձայն՝ եթե ԱԺ նիստի անցկացման համար խոչընդոտ լինի, ուրեմն նիստը պետք է համարվի ընդհատված, ոչ թե չկայացած:

«Այդ ժամանակվա՝ դեռ հեղափոխական «սպիտակներ» համարվողները, ժողովրդի կողմից ուղիղ ժողովրդավարություն իրականացնելու քողի տակ, Սահմանադրությամբ անկախ համարվող օրենսդիր իշխանությանը փորձեցին հարկադրել գործողություններ»,- ասաց նա:

Ավելի ուշ՝ ՍԴ-ն այդ օրինագիծը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող, և այդ օրենքից հիմա օգտվում են հենց իրենք, սակայն, այդ ժամանակ ոչ մեկին դա հետաքրքիր չէր, իսկ գործող իշխանությունը լուծեց իր խնդիրը, այսինքն կազմաքանդեց ազգային համաձայնության կառավարությունը, այնուհետև հապշտապ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպեց:

Անդրադառնալով նույն օրը՝ հոկտեմբերի 2-ին, Փաշինյանի՝ հենց փողոցում ՀՅԴ և ԲՀԿ նախարարներին ազատելու հրամանագիր ստորագրելուն, իրավաբանն ասաց՝ դա աբսուրդ էր, դա հակասում էր Սահմանադրությանը, որովհետև, Մայր օրենքի համաձայն, վարչապետը պետք է դիմեր ՀՀ նախագահին՝ կառավարության անդամներին աշխատանքից ազատելու պահանջով, բայց Փաշինյանը դա արեց փողոցում՝ ապօրինի ստորագրելով հրամանները:

«Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողությունները շարունակում է մինչև այժմ՝ սկսած շանտաժով գործադիր իշխանության ձևավորումից, արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելուց, մինչև դատական իշխանությունն ու ՍԴ-ն իր քիմքին համապատասխանեցնելու քայլերը»,- ընդգծեց Մհեր Սահակյանը:  

Միանձնյա իշխանության 1 տարվան քաղաքագետ Գագիկ Համբարյանի անդրադարձը՝ այստեղ: