Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ-ռուսական ռազմատեխնիկական, ռազմավարական համագործակցության եւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված սպառազինությունների առաջացրած հետեւանքների վերաբերյալ yerkir.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:
-Ադրբեջանին վաճառված սպառազինությունները ուժերի ինչպիսի՞ նոր հարաբերակցություն կարող են ստեղծել Արցախյան հակամարտության գոտում:
-Ուժերի հարաբերակցության փոփոխության մասին կարելի կլիներ խոսել, եթե մենք հնարավորություն չունենայինք մատչելի գներով ռուսական ժամանակակից զենք ձեռք բերել. եթե չլիներ այն ռազմատեխնիկական համագործակցության մակարդակը, որն այսօր առկա է Ռուսաստանի հետ, ապա այդ սպառազինությունների մատակարարումը, իսկապես, ուժերի հավասարակշռությունը կխախտեր ի վնաս մեզ: Բայց մենք օգտվել ենք եւ նաեւ ապագայում էլ կշարունակենք օգտվել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունից:
Ակնհայտ է, որ վերջին տարիներին մենք թույլ չենք տվել, որ ադրբեջանական կողմը մեզ գերազանցի: Եվ ես առավել քան համոզված եմ, որ ուժերի հարաբերակցությունը չի փոխվի, քանի որ ոչ պակաս ժամանակակից եւ հզոր զինատեսակներ մենք էլ կստանանք Ռուսաստանից: Սպառազինությունների մատակարարման մասին խոսելիս պետք է մի բան հաշվի առնել` վտանգն այն չէ, որ Ադրբեջանը մեր նկատմամբ գերազանցություն ձեռք կբերի, այլ այն, թե ինչու ռուսական կողմը գնաց նման քայլի` ի հաշիվ իր ստրատեգիական դաշնակցի շահերի:
-Կխնդրեի այս հարցը դիտարկել ռազմաքաղաքական տեսանկյունից` ի՞նչ է նշանակում այդ երեւույթը, երբ քո ռազմավարական դաշնակիցը զինում է քո հակառակորդին:
-Սա, իհարկե, լուրջ խնդիր է, եւ այս առումով մենք, կարծում եմ, մտահոգվելու տեղ ունենք: Իմաստով, որ չպետք է թույլ տանք, նաեւ` ապագայում, որ ռուս-ադրբեջանական փոխհարաբերությունները կառուցվեն ի հաշիվ մեր կենսական շահերի: Կարծում եմ` շատ կարեւոր է, որ մեր ռուս գործընկերները Հայաստանը խորապես ընկալեն ու հասկանան: Եվ հասկանան, առաջին հերթին, որ անցել են ժամանակները, երբ հայաստանյան հասարակությունն անվերապահ ռուսական կողմնորոշում ուներ: Կամ, եթե այլ կերպ ասենք, անցել են ժամանակները, երբ հայ-ռուսական դաշինքն անայլընտրանք էր ընկալվում մեզանում: Ռուսաստանում Հայաստանը միշտ համարվել է մի երկիր, որն անելանելի վիճակում է, չունի այլընտրանք եւ ուզած-չուզած ռուսների հետ է լինելու:
Այս կարծրատիպը ռուսական ընկալման մեջ պետք է կոտրվի, քանի որ մենք հիմա, հատկապես` մեր երիտասարդության շրջանում, պարբերաբար հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների անհրաժեշտությունը հիմնավորելու կարիք ենք ունենում: Եվ մեր ռուս գործընկերները պետք է հստակ իմանան, որ ամեն մի նման քայլը Հայաստանում հակառուսական դիրքորոշումներ խթանելու առիթ է տալիս, քանի որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ տարածելու նպատակով տարբեր ուժեր բավականին մեծ գումարներ են ծախսում: Իսկ նման դիրքրոոշումների տարածումը Հայաստանում հենց Ռուսաստանի շահերից չի բխում:
-Ռազմաքաղաքական ի՞նչ խնդիրներ կարող է լուծել Ռուսաստանը` Ադրբեջանին զենք մատակարարելով:
-Շատ հստակ է` ռուսական կողմը Ադրբեջանի հետ իր հարաբերությունները կառուցելու առումով սխալ քայլի է դիմել: Որովհետեւ, ըստ իս, խնդիրը դրված է շատ պարզ` պահել Ադրբեջանը ռուսական ազդեցության ներքո: Ալիեւի ագրեսիվ նկրտումները ռուսական կողմը փորձում է իբրեւ լծակ օգտագործել` Ադրբեջանին իր ազդեցության ոլորտում պահելու համար: Բայց այստեղ հարց է առաջանում` Ալիեւը, ստանալով այն, ինչը ցանկանում էր, այլեւս չի՞ ընդգրկվի ամենատարաբնույթ հակառուսական սցենարներում, չի՞ խթանի նման սցենարները:
Ավելի քան վստահ եմ, որ հիմա` սպառազինությունը ստանալուց հետո, Ալիեւը շարունակելու է նման քայլի գնալ, որովհետեւ հասկանում է` իրեն սիրաշահեցին ավելի հակառուսական չլինելու համար միայն: Շատ լավ հասկանում է, որ ռուսների հետ կարելի է խոսել, փաստորեն, նաեւ շանտաժի լեզվով: Այդ առումով` սա ընդամենը իրադրությամբ պայմանավորված քայլ էր, եւ սրանից ալիեւյան քաղաքականությունն ավելի ռուսահաճո չի դառնալու:
-Կարո՞ղ է այնպես պատահել, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգանան ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների:
-Ի վերջո, ռուս-ադրբեջանական հարաբերություններն այդ երկուսի խնդիրն են, եւ մեզ համար մեր սկզբունքային խնդիրը պետք է շատ պարզ լինի` կեցվածքի խնդիրը` ամենատարբեր մակարդակներով: Շատ կարեւոր եմ համարում հենց հանրային մակարդակը, որ մեր հանրությունը հստակ դիրքորոշում արտահայտի, որ ստրատեգիական դաշնակիցը մեր թշնամու հետ հարաբերություններ կառուցելիս չպետք է ոտնահարի դաշնակցի շահերը: Այսպիսի մի հարց էլ կա` արդյոք որեւէ այլ լծակ չկա՞ր` ազդելու ալիեւյան հարաճուն հակառուսականության վրա, մի՞թե սա միակ գործուն լծակն էր, որ ռուսական կողմն ուներ… Առավել քան վստահ եմ, որ Ադրբեջանի վրա Ռուսաստանը ներգործելու ամենատարբեր լծակներն ունի:
Պարզապես, որպեսզի նաեւ հետագայում մենք հնարավորինս զերծ մնանք նման իրավիճակներից, կարեւոր է, որ ռուսական կողմը տեսնի այն խլրտումը, որ Հայաստանում առաջացավ: Մենք հիմա չպետք է խնդիր դնենք` կոծկելու հակառուսականությունը, մտածենք, թե ռուսական կողմը չտեսնի այս հակառուսականության ալիքը, որ երկրում բարձրացավ: Որովհետեւ իրենք ստիպեցին, որ բարձրանա, ուրեմն` պետք է տեսնեն ու հետեւություններ անեն:
- ՀՀ-ն ու ՌԴ-ն ռազմավարական դաշնակիցներ են, միեւնույն ռազմաքաղաքական կառույցի անդամներ, ու երբ Ռուսաստանը մեր հակառակորդին վաճառում է նման սպառազինություն, ապա ի՞նչ երաշխիքներ կան, որ պատերազմի դեպքում Ռուսաստանը կշարունակի օգնել մեզ եւ չի շարունակի մեր հակառակորդներին սպառազինությունների մատակարարումը:
-Ռուսական քաղաքականության մեջ հարցն Ադրբեջանին ռուսական ազդեցության ոլորտում պահելն է: Ռուսներն իրենք էլ շատ լավ հասկանում են, թե մինչեւ որ աստիճանը պետք է զինեն Ադրբեջանին: Ռուսական շահերից չի բխում ռազմական հզոր ներուժ ունեցող Ադրբեջանը: Եվ առավել եւս` ռուսական շահերից չի բխում ռազմական առումով թուլացած Հայաստանը: Ես ուզում եմ հակառակն էլ ասել` մենք հիմա պետք է մեր սկզբունքային կեցվածքն ի ցույց դնենք, բայց կատեգորիկ դեմ եմ նպատակաուղղված հակառուսական քարոզչություն իրականացնելուն: Որովհետեւ այն, ինչ հիմա մենք ստանում ենք հայ-ռուսական ռազմավարական դաշինքից, որեւէ այլ դաշինքից չենք ստանալու:
Այլ ռազմաքաղաքական դաշինքն ավելի արդարացի չի լինելու մեր հանդեպ կիրառվող քաղաքականության մեջ: Ամենուր կան շահեր: Օրինակ` ՆԱՏՕ-ի անդամ են թե’ Հունաստանը, թե’ Թուրքիան, բայց ԱՄՆ-ը երկուսին էլ զենք է վաճառում, Իսրայել-Եգիպտոս` երկուսին էլ ԱՄՆ-ը զենք են վաճառում: Այսինքն` պարզ է` եթե կան հակամարտող երկրներ, գերտերություները փորձում են երկուսի վրա էլ ազդեցություն տարածել` զենք մատակարարելով: Սա կարելի է պատմական օրինաչափություն համարել:
Պարզապես պետք է քաղաքական զարգացումներին ինստիտուցիոնալ հարթության մեջ չմոտենալ` պետք չէ ասել ռուսներն ավելի վատն են, մյուսներն ավելի լավն են եւ այլն:
Զրուցեց Գեւորգ ԱՎՉՅԱՆԸ