կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-20 11:16
Քաղաքական

«Փափուկ» հայտարարություններով համանախագահ երկրները իրավիճակի վրա ազդելու ոչ մի շանս չունեն. քաղաքագետ

«Փափուկ» հայտարարություններով համանախագահ երկրները իրավիճակի վրա ազդելու ոչ մի շանս չունեն. քաղաքագետ

Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ունեցած հանդիպումից հետո համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում «վերահաստատել են, որ հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա, և պատերազմը ճանապարհ չէ։ Նրանք կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել, ինչպես նաև իրենց հանրային ելույթներում հանրությանը նախապատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի»։

Բացի այդ` համանախագահները նաև կոչ են արել կողմերին խստագույնս պահպանել 1994-95 թվականների հրադադարի ռեժիմի հաստատման մասին համաձայնագիրը։

Yerkir.am-ի հետ զրույցում, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն այս առնչությամբ նշեց, որ սա թեկուզ ոչ կոշտ, սակայն թիրախային արձագանք էր վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող քայլերին:

«Առաջին հերթին սա արձագանք էր Ադրբեջանի կողմից առաջնագծում դրսևորված ակտիվությանը, որն արտահայտվում է ինչպես զորքերի ու զինտեխնիկայի մասնակի կուտակումներով, տեղաշարժերով, այնպես էլ դիպուկահարների ակտիվությամբ: Երկրորդ` պատահական չէ, որ համանախագահներն իրենց հայտարարության մեջ անդրադառնում են հանրային ելույթներում զսպվածության դրսևորման. վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հայտարարությունները բավականին կոշտացել են»,- նշեց նա:

Մեկնաբանելով 1994-95 թվականների հրադադարի ռեժիմի հաստատման համաձայնագրի պահպանման մասին` համանախագահների հնչեցրած հորդորը` քաղաքագետը նշեց, որ դրա հիշատակումը կարևոր է ոչ միայն հրադադարի ռեժիմի պահպանման տեսանկյունից, այլև` որ այդ համաձայնագրերի կողմ է նաև Արցախը:

«Ճիշտ է՝ համանախագահների հայտարարության մեջ հիշատակում կա Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներին, սակայն, ցավոք, համանախագահների հայտարարության մեջ պատշաճ գնահատական տրված չէ այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, իսկ ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների խախտմանը»,- ասաց նա:

Հարցին` ինչպե՞ս կգնահատեք միջնորդների այն հայտարարությունը, թե Արցախում հանրաքվեի անցկացումը «չի կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ հանգեցնել հիմնախնդրի խաղաղ լուծման», Տ. Աբրահամյանը պատասխանեց, որ, անկախ այն հանգամանքից, որ Արցախը միջազգայնորեն ճանաչված պետություն չէ, սակայն այնտեղ առկա են կայացած քաղաքական ինստիտուտներ, իսկ իշխանությունը ձևավորվում է այն արժեքների ու սկզբունքների հիման վրա, ինչպիսիք կարելի է տեսնել ճանաչված դեմոկրատական երկրներում: Ըստ նրա` պատահական չէ, որ նույն համանախագահները հղում են անում Արցախի իշխանությունների տեսակետին առ այն, որ սահմանադրական հանրաքվեն հանրային կյանքի կազմակերպման ձև է, ավելին՝ դա է քաղաքակիրթ ձևն ու ճանապարհը: 

Քաղաքագետը նշեց, որ միջազգային հանրության համար ամեն դեպքում չի կարող մի հարթության մեջ դիտվել ընտրությունների միջոցով ձևավորվող իշխանությունը, ժողովրդավարության և մարդու իրավունքների հիման վրա կառուցված հանրային կյանքն ինչպես դա տեսնում են Արցախում, և ոչ դեմոկրատական հիմունքներով գործող ռեժիմները:

Աբրահամյանն ընդգծեց, որ «փափուկ» հայտարարություններով համանախագահ երկրները իրավիճակի վրա ազդելու ոչ մի շանս չունեն, անհրաժեշտ է առավել կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելու ու ձեռք բերված պայմանավորվածությունները պարտադրելու համար: