Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը:
- Նկատե՞լ եք, որ վերջին շրջանում երիտասարդներն ակտիվացել են եւ համարձակորեն թատերական փառատոներին մասնակցելու հայտ են ներկայացնում:
- Այո, վերջին շրջանում աճ է նկատվում: Շատ ուրախ եմ, որ երիտասարդներին ներգրավում են փառատոների մեջ, քանի որ նրանք մեր վաղվա օրն են` ցանկացած ոլորտում` քաղաքականություն, տնտեսություն, արվեստ: Մենք այսօր պետք է նրանց նախապատրաստենք, որ վաղը կարգին Հայաստան ունենանք, որտեղ, իսկապես, կլինի բարոյականություն եւ ազնվություն, ինչն այսօր շատ է պակասում: Մենք մեր ասպարեզում, իհարկե, պետք է ծնենք նոր տաղանդներ: Գյումրիում երիտասարդ ռեժիսոր Ռուբեն Հարությունյան ունենք, եւ ես շատ եմ ուրախանում, որ օգնում են նրան, քանի որ, վերջիվերջո, նա է թատրոնը պահողը, ես ինչքա՞ն պետք է նստեմ իմ պաշտոնին: Շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ Տիկնիկային թատրոնի դերասաններ Զարուհի Անտոնյանին, Նարինե Գրիգորյանին, Էլբակյանի աղջկան` Լիլի Էլբակյանին... Ի՜նչ շնորհքով աղջիկներն են:
- Թատրոնը, ի վերջո, պե՞տք է անդրադառնա հասարակությանը տվյալ պահին հուզող հարցերին, թե՞ միայն գեղագիտական հաճույք պատճառի հանդիսատեսին:
- Հերս մեկ-մեկ ասում էր` իմ դարդ, սրանց` հավես: Ի՞նչ ներկայացումներ են խաղում, իսկ մարդիկ ինչի՞ մասին են մտածում: Թատրոնը պետք է ներկայացնի այն խնդիրները, որոնք մեզ հուզում են: Բայց, օրինակ, Եղեռնի թեման արդեն շատ են շահարկում, հոգնեցինք: Մեկ-մեկ ասում եմ` Եղեռնը որ չլիներ, հայ ժողովրդի վիճակն ի՞նչ էր լինելու: Հերիք է լացենք, զահլաներս գնաց լացից: Այ, մարդ, լավ, հիշատակը պահենք, բայց ի՞նչ քայլերով: Գյումրիում ես ներկայացում բեմադրեցի Ցեղասպանության մասին, որտեղ ո'չ սուգ կար, ո'չ էլ` լաց:
- Ձեր վերջին ներկայացումներից մեկը` «Եվ երկինքեն երեք աթոռ ընկավ», ընտրությունների մասին էր: Ինչպե՞ս պետք է ներկայացնել քաղաքականությունը թատրոնում, որ «համը չհանի»:
- «Եվ երկինքեն երեք աթոռ ընկավը» ընտրությունների մասին էր, այո', բայց շատ ուրախ էր արված. չեմ սիրում, որ գույները խտացնում են եւ սկսում չարախնդալ, ինչպես Վահրամ Սահակյանը: Ներկայացման մեջ ընտրությունների ընթացքն եմ ներկայացնում, կեղծիքները ու այն, թե ինչպես են բոլորը տենչում երրորդ աթոռին, որը սատանան է տալիս: Քաղաքական թեման պետք է հումորով ներկայացնել ու, առհասարակ, պետք է մի քիչ լավատես լինել, ախր: Կյանքը պետք է դիտել որպես հաճելի զբաղմունք, կյանքը մահից վերցրած մի պուճուր կտոր արձակուրդ է, ուրախ ապրիր, էլի: Մեկ-մեկ ասում են` Աստված տա, էսինչ գործը լինի, իսկ ես պատասխանում եմ, թե` ես աթեիստ եմ: Հա, ես էլ աթեիստ եմ, ի՞նչ անենք: Բայց դա չի նշանակում` ես հավատ չունեմ: Իմ Աստվածը մի քիչ ուրիշ Աստված է` տասը պատվիրաններն ինձ պետք չեն: Աստված ինձ ասում է` ապրիր, բայց դիմացինին մի' խանգարիր, վերջացավ: Դիմացինին մի՛ խանգարիր` 11-րդ պատվիրանը:
- Շատերը չեն ընդունում, երբ դասական ստեղծագործություններն այսօր ինչ-ինչ փոփոխություններով են ներկայացնում: Դուք ի՞նչ կարծիքի եք այս մասին:
- Վերջին ներկայացումս Սունդուկյանի «Այ քեզ խաթաբալան» էր, որի բեմադրման հետ կապված` շատերն ասում էին, թե ինչպես կարելի է դասականին ձեռք տալ, խոսք փոխել, քանի որ ես ինչ-ինչ բաներ փոխել էի: Կարելի է փոփոխել տեքստը, քանի որ եթե Սունդուկյանն այդ պիեսը գրեր հիմա, շատ բաներ կփոխեր: Այսօր փողով է որոշվում ամեն ինչ, մարդիկ փողը տեսնում, մոռանում են ամեն ինչ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ