կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-20 13:44
Քաղաքական

Մի իրավական հետեւանք չունեցավ. վարչապետը՝ օֆշորային սկանդալի մասին

Մի իրավական հետեւանք չունեցավ. վարչապետը՝ օֆշորային սկանդալի մասին

ԱԺ-ում, դիմելով վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, թե ինչպե՞ս կարող է հավատալ վարչապետին, երբ, օրինակ, նույն վարչապետը ֆինանսների նախարար է նշանակում Գագիկ Խաչատրյանին, ով, ըստ մամուլի հրապարակումների, մի շարք բիզնեսներ ունի: Պատգամավորը թվարկեց սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի բիզնեսները: «Այսքանից հետո ես Ձեզ ո՞նց հավատամ»,- հարցրեց նա:

 

Ի պատասխան, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Պարո'ն Զուրաբյան, հավատալ-չհավատալը Ձեր գործն է, բայց Դուք դատապարտված եք հավատալու: Ինչ որ ես ասում եմ, դա մենք անելու ենք»: Վարչապետը խոստացավ, որ ամեն ինչ անելու են՝ արդյունք ապահովելու համար:

 

Անդրադառնալով Գագիկ Խաչատրյանին` վարչապետը նշեց, որ նա պրոֆեսիոնալ պաշտոնյա է եւ անձնական մեծ ներդրում է ունեցել ՊԵԿ-ի զարգացման գործում: Ըստ նրա` Ղազախստանից նամակ է ստացել, որ ցանկանում են մեր համակարգն ուսումնասիրել ու իրենց մոտ ներդնել:

 

Հովիկ Աբրահամյանը հայտարարեց նաեւ, որ պաշտոնյաները գործարարությամբ այլեւս չեն կարող զբաղվել, հակառակ դեպքում` պետք է հրաժեշտ տան պաշտոնին, եւ որ անփոխարինելի մարդ չկա:

 

Խոսքի մեջ անդրադառնալով Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալին` վարչապետը նշեց. «Մի իրավական հետեւանք չունեցավ: Ես էլ չգիտեմ՝ նման բան կա՞, թե՞ չէ»:

 

Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ինքը շատ լավ հասկանում է, որ բոլորի խաղաքարտերը խառնվեցին իրար, երբ ՀՀ նախագահի կողմից վարչապետ նշանակվեց: