կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-19 10:50
Առանց Կատեգորիա

Օֆշոր՝ հանգուցյալ տատիս անունով

Օֆշոր՝ հանգուցյալ տատիս անունով

Հետախուզման մեջ գտնվող ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը նամակ է ուղարկել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու «Հետք»-ին:

 

5 էջանոց նամակում Սուքիասյանն անդրադառնում է վարչապետի, Կճոյանի ու իր անվամբ օֆշորային գոտում հաշիվ բացելու վերաբերյալ սկանդալին՝ արդարացնելով թե' Տիգրան Սարգսյանին, թե' Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին:

 

Աշոտ Սուքիասյանը նամակն ավարտում է այսպես. «Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը՝ WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով՝ առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»:

 

Հայաստանում արդեն հասունացել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջը: Բացի կառավարության գործունեության ծրագրի տապալումից, պարզվում է, որ մարդը նաեւ ունեզրկման փորձ է կուտակում: Տիգրան Սարգսյանը դիմել էր դատախազություն՝ պարզելու, թե ով է իր անունից նման խայտառակություն ձեւակերպել:

 

Այն, որ օֆշորային կազմակերպությունը հիմնադրել է Սուքիասյանը՝ իբր առանց վարչապետի եւ Կճոյանի գիտության, արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ շրջանառվում է իշխանական շրջանակներում. Աշոտ Սուքիասյանը փրկում է վարչապետի եւ քավորի՝ Կճոյանի կաշին:

 

Տիգրան Սարգսյանը պարտվել չի կարող... Նա վարչապետ է... Աշոտ Սուքիասյանը այն նոխազն է, որ արածում է դրսերում եւ կարելի է նրա վրա բարդել բոլոր մեղքերը, առանց այն էլ՝ հանցանքը շատ մեծ է, եւ մեկով ավելի, մեկով պակաս՝ իր վիճակը շեշտակիորեն չի վատթարացնում: Ավելին` կարելի է հեռակա կարգով Սուքիասյանի վրա բարդել նաեւ մինչ այս պետական մակարդակով կատարված ու չբացահայտված հանցագործությունները: Ի՞նչ է եղել որ` քավոր ունի, որ ինչ էլ անի, տակից դուրս կգա:

 

Այնուամենայնիվ, որքան էլ ինձ համոզեն, որ ես կարող եմ հանգուցյալ տատիս անունով օֆշորային գոտում բացել հաշիվ, չեմ հավատա, քանի որ գրանցման գոնե վերջին փուլում լուսահոգի տատիս ներկայությունը՝ անձնագրով ու ստորագրությամբ, պարտադիր է: Ես վստահում եմ yerkir.am-ի լրագրողի լուրջ ուսումնասիրության արդյունքում հրապարակած հոդվածին, թե ինչու որեւէ մեկը չի կարող մեկ այլ անձի անունից բացել օֆշորային հաշիվ:

 

Բայց եթե անգամ այդ անհավանական տարբերակը հաջողվել է իրականություն դարձնել, ապա դա ոչ մի լավ բան չի խոսում վարչապետի մասին: Եթե ամեն մեկը կարող է վարչապետի անունից բացել օֆշոր, դա միայն խոսում է նրան մատների վրա խաղացնելու մասին, նա այնքան թույլ է, որ կարող են պատվազրկել ե'ւ նրան, ե'ւ իր ղեկավարած կառավարությունն ու, ի վերջո, երկիրը: Պողոսն էլ կարող է վաղը հարկային պարտավորությունից խուսափելու համար վարչապետի անունով բացել կազինո, ռեստորան, գիշերային ակումբ... Այսինքն` Հայաստանը դարձել է «Ճռտոյի դուքանը»:

 

Վարչապետի անունով հիփոթեքային վարկ երազող՝

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ