կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-10 15:06
Հասարակություն

Թուրք քավորը որբացած տատիս և նրա քույր-եղբայրներին սայլով բերել է Արևելյան Հայաստան

Թուրք քավորը որբացած տատիս և նրա քույր-եղբայրներին սայլով բերել է Արևելյան Հայաստան

Աննման Իսահակյանի պատմությունը

1906 թ., Նախիջևան, Օրդուբադ

Անուշ Մկրտչյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր նախատատի պատմությունը: Աննման Իսահակյանը ծնվել է 1906 թվականին Նախիջևան նահանգի Օրդուբադ քաղաքում: Նրա հայրը մահացել է թուրքերի հարձակման մասին լուրն իմանալուց հետո, իսկ մայրը՝ դրանից 2 ամիս անց: Արդյունքում `Աննմանը հայտնվել է մանկատանը:

 

«Աննման Իսահակյանը ծնվել է 1906 թվականին Նախիջևան նահանգի Օրդուբաթ քաղաքում: Նա ունեցել է 2 եղբայր (Վանիկ, Կարապետ) և 3 քույր (Աշխեն, Անուշ, Գայանե): Աննման Իսահակյանի հայրը` Իսահակ Իսահակի Իսահակյանը իրավաբանական կրթություն է ստացել Գերմանիայում և եղել է Նախիջևան գավառի դատախազը: Լսելով, որ Օսմանյան զորքը մտնում է Օրդուբաթ, նստած տեղում սիրտը կանգ է առնում և մահանում է: Իսկ Աննմանի մայրը` Նատալյան, երկու ամիս գամվում է անկողնում և մահանում: Մահանալու նախորդ գիշերը Նատալյան երեխաներին հագցնում է գիշերազգեստները, ամեն գիշերվա նման արտասանել է տալիս հայր մերը, նրանց պարկեցնում անկողնում, երգում օրորոցային: Առավոտյան երեխաներն արթնանում են և տեսնում մորը մահացած:

 

Թուրք քավորը մնացած երեխաներին սայլով բերում է Նորաշեն Խաչիկ: Գաղթի ճանապարհին մահանում է Աննմանի քույրը՝ 5 տարեկան Աշխենը, որը թաղված է Խաչիկ գյուղում: Մյուս երկու քույրեր ամուսնանում են այժմյան Վայոց ձորի մարզում: Խաչիկ գյուղից մյուս որբերին տանում են Լենինականի մանկատուն:

Մանկատանը լսում են, որ ամերիկացի դատստիարակչուհին խոսում է որբերին Ամերիկա տանելու մասին, լուրից սարսափած երեխաները դժվար ճանապարհներով հասնում են Վերնաշեն իրենց քույրերի մոտ: Աննմանի մորաքրոջ ընտանիքը տեղափոխվում է Օրդուբադից Թեհրան: Հորեղբոր՝ Ավագ Իսահակյանի դուստրը, փրկելով ընտանիքի վիճակը կրոնափոխ է լինում և ամուսնանում թուրքի հետ: Նատալյայի քույրերը կարողանում են փախչել Թեհրան: Այժմ Աննման Իսահակյանի սերունդների մի մասն ապրում է Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում: Ապրելով սովետական հասարակարգում՝ նախատատս վախվորած էր պատմում իր կյանքի այդ ժամանակվա իրադարձություննեի մասին, միայն կարոտով հիշում էր իր ծննդավայրը և ասում էր. «Եթե ինձ տանեք Օրդուբաթ, մեր թթենու ծառից ես կճանաչեմ իմ հայրենի տունը»: