Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քանի որ այս օրերին Հայաստանում բազմաթիվ հիշատակումներ կան օֆշորի, օֆշորային գոտիների եւ օֆշորային ընկերությունների վերաբերյալ, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է դա նշանակում:
Օֆշոր հասկացությունը երկու բացատրություն ունի: Առաջին` օֆշոր ասելով` կարելի է հասկանալ երկիր կամ միջազգային ֆինանսական կենտրոն, որտեղ գործում են ավանդների ներդրման ավելի բարենպաստ պայմաններ, ցածր տոկոսադրույքներ եւ հարկային արտոնություններ` ընդհուպ մինչեւ զրոյական հարկային պարտավորությունների սահմանում: Եվ երկրորդ` օֆշորային են կոչվում այն ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում ոչ այն երկրի սահմաններում, որտեղ գրանցված են, իսկ դրանց սեփականատերերը գրանցման երկրի ռեզիդենտներ չեն:
Օֆշորը ավելի շատ ոչ թե իրավական, այլ տնտեսագիտա-աշխարհագրական հասկացություն է: Օֆշորային գոտում գործունեություն ծավալելը փոխշահավետ է: Այդպիսով` օֆշորում գրանցված ընկերությունը ստիպված չէ բարձր հարկեր մուծել, փաստացի քաղաքական անկախություն է ունենում եւ այլն, որոնք բիզնես վարելու համար այդ գոտիները դարձնում են իդեալական վայրեր:
Օֆշորային ընկերությունները հիմնականում բաժանվում են երկու տիպի` դասական օֆշորային ընկերություններ եւ օնշորներ: Դասական օֆշորային ընկերություններն այնպիսի օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններն են, որտեղ տարեկան հաշվետվությունների եւ աուդիտի պահանջ չկա, ինչպես նաեւ ընկերությունն ամբողջությամբ ազատված է հարկերից: Այդպիսի գոտիներում ընկերություններից միակ պահանջը ամենամյա ֆիքսված տուրքերի մուծումն է, որն անհրաժեշտ է ընկերության գործող ստատուսը երկարաձգելու եւ ընկերության` օֆշորում գրանցվելու պահին տրամադրված իրավաբանական հասցեն պահպանելու համար: Երկրորդ խումբը` օնշորային ընկերությունները, հրապուրիչ հարկային միջավայրում գործողներն են: Այդպիսի ընկերությունները պարտավոր են տարեկան հաշվետվություն եւ աուդիտ ներկայացնել, ամեն տարի իրավաբանական անձի համար տուրքեր մուծել եւ ռեգիստրի վարման համար վճարումներ կատարել:
Օֆշորային ընկերություն գրանցելը սկսվում է գրանցողի ակնկալիքներին համապատասխանող գոտի կամ օֆշորային երկիր ընտրելուց: Նշենք, որ այսօր աշխարհում 60-ից ավելի երկրների օրենսդրությունները հարկային արտոնություններ են սահմանում օֆշորային ընկերությունների համար: Ու երբ արդեն ընտրված է այն երկիրը, որտեղ պետք է գրանցել ընկերությունը, անհրաժեշտություն է առաջնում հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը: Օֆշորային ընկերություն գրանցելու համար անհրաժեշտ է ընկերության ղեկավարմանը մասնակցող բոլոր անձանց համար ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը` քաղաքացիական անձնագրի պատճենը` լուսանկարով եւ գրանցման վայրի նշումով եւ արտասահմանյան անձնագրի լուսանկարով էջի պատճենը (այն երկրների համար, որտեղ նման անձնագիր կա):
Օֆշորային ընկերություն գրանցելու համար անհրաժեշտ է ունենալ ճիշտ պատրաստված հավաստագրերի եւ ընկերության գրանցման համար փաստաթղթերի փաթեթ, որոնք բնորոշում են ընկերության ներքին եւ արտաքին գործունեությունը: Այդպիսի փաստաթղթերի բացակայության դեպքում ընկերությունը չի համարվի օրինական իրավաբանական անձ: Օֆշորում ընկերության գրանցման համար անհրաժեշտ են հետեւյալ փաստաթղթերը` հիմնադրման պայմանագիր, կանոնադրություն, ընկերության կարգավիճակի վկայական (Certificate of Good Standing) եւ ընկերության պաշտոնյաների վկայականներ (Certificate of Incumbency): Սրանցից մեզ առավել հետաքրքրում է փաստաթղթերի վերջին հավաքածուն` ընկերության պաշտոնյաների վկայականները (Certificate of Incumbency):
Այս փաստաթղթերի մեջ մտնում են ընկերության տնօրենների, բաժնետերերի, ընկերության աշխատակիցների անձը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաեւ գրանցվող ընկերությունում նրա կարգավիճակը հավաստող վկայականները, որոնք անհրաժեշտ են ընկերությունը` որպես իրավաբանական անձ, գրանցելու համար:
Օֆշորային ընկերություն կարելի է գրանցել ինչպես անձամբ` սեփական անունով` որպես գլխավոր տնօրեն կամ բաժնետեր, այնպես էլ նոմինալ տնօրենի միջոցով: Երկրորդ դեպքում` նոմինալ տնօրենի միջոցով գրանցելու համար անհրաժեշտ է լիազորագիր, որը ամբողջովին օրինականացնում է իրական տիրոջ իրավունքները` ընկերությունը կառավարելու եւ հաշիվները կառավարելու համար (այդ դեպքում նոմինալ տնօրենը իրավունք չունի բացելու եւ կառավարելու ընկերության հաշիվները. հաշվի հետ կապված բոլոր գործարքներն օրինական են միմիայն իրական տիրոջ` վերջնական շահառուի ստորագրության առկայությամբ):
Հաջորդ քայլը արտասահմանյան բանկում բանկային հաշվի բացումն է: Դրա համար անհրաժեշտ է այդ բանկում անկետա լրացնել, որտեղ պետք է մանրակրկիտ ինֆորմացիա տրամադրվի գրանցողի բիզնեսի մասին, ներկայացվեն ընկերությանն առնչվող փաստաթղթերը (եթե ընկերությունը գրանցման պահին արդեն իսկ գործում է ավելի քան 6 ամիս, ապա անհրաժեշտ է նաեւ գրանցման երկրի ռեգիստրից ընկերության ընթացիկ կարգավիճակի մասին տեղեկանք ներկայացվի): Ընդ որում` բանկային հաշիվ բացելու համար ընկերության իրական տիրոջից պահանջվում է նշված օրն ու ժամին անձամբ այցելել այդ բանկ կամ իրական տիրոջ գրանցման երկրում տվյալ բանկի շահերը ներկայացնող կազմակերպություն (մասնաճյուղ): Ընդ որում` բոլոր արտասահմանյան բանկերը պարտավոր են ստուգել իրենց ապագա հաճախորդների հաշիվներին առկա գումարների եւ միջոցների լեգալությունը:
Կարեւոր է նշել նոմինալ սերվիսի կիրառման հնարավորությունը, որը օֆշորային գոտիների մեծամասնության դեպքում նախատեսվում է: Նոմինալ տնօրեններ կամ բաժնետերերն անհրաժեշտ են ոչ միայն գրանցման գործընթացը հեշտացնելու, այլեւ վերջնական շահառուների գաղտնիությունն ապահովելու համար:
Նոմինալ ծառայությունները ենթադրում են, պաշտոնական դիրքերում, օրինակ` ընկերության տնօրենի, քարտուղարի, նախագահի կամ բաժնետիրոջ պաշտոններում, այսպես ասած` դրածոների նշանակումը: Այդպես արվում է նրա համար, օրինակ, որպեսզի վերահսկող մարմիններից թաքցվի վերջնական շահառուների` ընկերությունների փաստացի` իրական տերերի մասին տեղեկատվությունը: Շատ երկրներում նոմինալ ծառայությունները օրինական են:
Եզրակացություն, նաև հայ իրավապահների համար. այս փաստերը ցույց են տալիս, որ առավելագույնս բացառված է մի ինչ-որ անձի կողմից մեկ այլ անձի անունով ինչ-որ օֆշորային ընկերություն հիմնելը` անգամ կեղծված փաստաթղթերով: Այդպիսի բան անելու համար, եթե նույնիսկ ինչ-որ մեկի մոտ հայտնվել է մեկ այլ մարդու անձնագիր եւ առաջինը փորձում է կեղծիքի միջոցով նրա անունով օֆշորային ընկերություն հիմնել, վերջիվերջո, մի ինչ-որ փուլում առաջանում է անձնագրի տիրոջ ներկայության անհրաժեշտությունը: Ու եթե մի ինչ-որ օֆշորային ընկերության տվյալներում, որպես սեփականատեր, նշված է ինչ-որ անուն-ազգանուն եւ բնակության հասցե, ապա դա «օդից» լինել չի կարող:
Գեւորգ ԱՎՉՅԱՆ