կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-25 18:55
Հասարակություն

Թուրք զինվորականները տատիս ու քույրերին բռնի տարել են մարագը և կրակի տվել

Թուրք զինվորականները տատիս ու քույրերին բռնի տարել են մարագը և կրակի տվել

«Տատիկս՝ Հասմիկ Կանայանը, մարեց 1998-ի ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ երեք նվիրական երազանք շուրթերին` այցելել 7 քույրերից` Ցեղասպանության ճիրաններից միակ փրկված Հեղինեի¸ կաղզվանցի ամուսնու՝ Վաղինակի շիրիմներին և ամբողջ կյանքի ամենաբաղձալի երազանքը՝ գնալ սիրելի ծննդավայր Իգդիրը¸ որից բռնի հեռացել էր` 10 տարեկանը չբոլորած:

 

Իր կյանքի հուշագրությունը Հասմիկ Կանայանը կառուցել էր բացառապես իր ընդհատված մանկության հուշերից… Ծնվել էր Իգդիրում` Կանայանների գերդաստանում, մեծ զորավար Դրաստամատ Կանայանի հորեղբոր որդու՝ Հակոբի ընտանիքում: Մանկությունն ընդհատվում է¸ երբ թուրք զինվորականները նրան ու քույրերին բռնի տանում են մարագը և կրակի տալիս: Բարեբախտաբար¸ Դրոյի կողմից ուղարկված կամավորները ժամանակին օգնության են հասնում, և տատիկս փրկվում է: Հասմիկ տատիկը երկար լռում էր այս դեպքը վերապատմելիս¸ կարծես կրկին լսում էր ողբի ձայները հրդեհի ժամանակ…

 

Այնուհետև, շարունակելով պատմությունը, նշում էր¸ որ  երբ որոշ ժամանակ անց ստիպված էին անցել դեռևս ծխացող գոմի կողքով¸ գետնին նկատելի էին կանանց դիերի մնացորդներ` ածխացած մասեր ու ոսկորներ:  Մարագ էր բռնի քշվել նաև տատիկիս մայրը՝ Իսկուհին¸ որը¸ գուցե վախից ու տեսած սարսափներից¸ օրեր անց մահանում է վաղաժամ ծննդաբերության ժամանակ:

 

Իգդիր քաղաքի մասին խոսում էր անհագ կարոտով և գուրգուրանքով: Հպարտությամբ էր նշում¸ որ հաճախել է Իգդիրի իգական վարժարան¸ ապա փորձում էր նկարագրել քաղաքի երեք եկեղեցիները¸ որոնց պատերի ներքո ապաստան էին փնտրում հայ գաղթականները: Հիշում էր¸ որ գաղթականները` սովամահ, ամեն տեղ և յուրաքանչյուր փողոցում էին¸ իսկ ինքը քույրերի հետ հաց և ջուր էր տանում հատկապես ալաշկերտցի գաղթականներին: Դառնությամբ հիշում էր¸ որ Շողակաթ քույրը¸ խեղճ և հիվանդ գաղթականներից վարակվելով¸ հիվանդացել ու վախճանվել է իր ձեռքերին:

 

Թաքուն հպարտությամբ¸ սակայն  հույժ գաղտնի բոլորիս տեղեկացնում էր¸ որ Դրոն իր հորեղբայրն է¸ և որ իր հայրը՝ Հակոբը¸ մի առավոտ, աղջիկներին սեղմելով գրկում,  գնում է Իգդիր-Մավա գյուղը՝ զորագրվելու կամավորական շարժմանը: Տատիկս ասում էր¸ որ Իգդիրի շրջակայքում երեք թուրքական գյուղ, միանալով Մասիսի շուրջ ծվարած քրդերին, Իգդիրի և շրջակա բնակավայրերի բնակիչներին ու այնտեղ ապաստան գտած գաղթականներին հաճախ էին կողոպտում¸ թալանում և բռնաճնշում: Տատիկիս հայրը՝ Հակոբը¸ լսելով¸ որ հորեղբոր որդին՝ Դրոն¸ նշանակվել է զինվորական նախարար և կարգադրել մաքրել այդ գյուղերը¸ միանալով հայկական կամավորական գնդերին, գնում է Արաբկիրլու գյուղը¸ որտեղ թուրքերն անխնա կոտորել էին հայերին և տիրացել նրանց ունեցվածքին: Գյուղն ազատագրելուց հետո հայրը վերադարձել է տուն վիրավոր և մի քանի օրից վախճանվել: Մնալով խորթ մոր խնամքի տակ՝ Կանայան քույրերը շարունակում են օգնել գաղթականներին և վիրավորներին¸ որոնց տեղավորել էին Դրոյի հոր՝ հիվանդանոց դարձած տանը:

 

Հասմիկ տատիկը նշում էր¸ որ երկու անգամ են բռնել գաղթի ճամփան. երբ վերադարձել էին Իգդիր, տեսել էին, որ քաղաքը վերածվել է գերեզմանոցի¸ իսկ բոլոր հայերի տները թալանված են: Թուրք հարևանները ճարպկորեն սողոսկել էին նաև իրենց տուն և տարել ամեն ինչ¸ նույնիսկ հարևան թրքուհին հագել էր հանգուցյալ մոր հագուստները:

Հասմիկ տատիկը ցավով հիշում էր¸ որ թրքուհի հարևանուհիները  լցվել էին իրենց տուն ու բացահայտ մատնացույց էին անում¸ թե ով ինչ է ուզում վերցնել:  Տատիկի մեծ քրոջ ձեռքին մորից հիշատակ մնացած մատանի է եղել: Հարևան թրքուհին¸ որ իր բարեկամուհու հետ եկել էր տան ունեցվածքը թալանելու¸ նկատում է մատանին և պահանջում իրեն տալ: Տատիկիս քույրն ընդդիմանում է¸ այդ ժամանակ թրքուհիներից մեկը դանակով հարձակվում է¸ որպեսզի, մատը կտրելով, տիրանա մատանուն: Այդ ժամանակ տատիկիս քույրերից մեկը¸ որ այդ ժամանակ թրքուհիների թիկունքում է կանգնած եղել¸ ծանր իրով հարվածում է երկուսին էլ¸ որից հետո փախչում են տնից՝ հավերժ լքելով հայրենի օջախը:

 

Խառնվելով տարագիր գաղթականներին՝ քույրերը, չիմանալով¸ թե որ կողմ են փախչում¸ կորցնում են միմյանց: Հասմիկն ավագ քրոջ՝ Հրանուշի հետ միանում է որբուկների մի խմբի՝ ճանապարհին տեսնելով ծերունիների և մանկահասակ տղաների մերկանդամ դիակների կույտ¸ որտեղ երեխաներից շատեն իրենց ծնողներին կամ եղբայրներին են փորձել գտնել: Սակայն նրանց հետապնդող թուրքական և քրդական ոհմակը որբուկներին քշում է հարևան մի բնակավայր¸ որտեղ նրանց բաժանում են առանձին խմբերի ու մտցնում մարագներ: Մի քուրդ¸ հրապուրվելով տատիկիս քրոջ՝ Հրանուշի գեղեկությամբ¸ առաջարկում է ամուսնանալ¸ սակայն պատասխանի փոխարեն հայհոյանք ստանալով¸ կրակում է տատիկիս քրոջ սրտին:

 

Սպանված քրոջը տեսնելով՝ տատիկս կորցնում է գիտակցությունը¸ ինչն էլ նրան փրկում է: Ուշքի է գալիս այրվող մարագներից եկող մարդկային սոսկալի ճիչերից և մի կերպ հասնում Արաքս գետը¸ որը վարարած էր, բայց խելակորույս տարագիր գաղթականները փորձում էին անցնել այն: Մի կերպ հասնում է Երևան¸ և մի օր շուկայում իգդիրցի  հարևաններից մեկը ճանաչելով նրան¸ բերում է  արդեն Երևանում հաստատված ազգականների մոտ:

 

Տատիկս՝ Հասմիկ Կանայանը¸ վառ պահելով իր ընտանիքի հիշատակը¸ մորմոքվելով հայրենի Իգդիր քաղաքի կարոտից, բարձի տակ «Նարեկ» էր պահում` հաճախ կարդալով հետևյալ տողերը.

 

…Թող չպատահի ինձ հանկարծ՝ երկնել¸ սակայն չծնել¸

 

Ողբալ՝ չարտասվել¸ խորհել՝ չհառաչել¸

 

Ամպել՝ չանձրևել¸ գնալ՝ չհասնել¸

 

Քեզ ձայն տալ¸ և դու ձայնս չլսես¸

 

Պաղատել¸ սակայն անտեսված մնալ¸

 

Կողկողել¸ սակայն դու չողորմես¸

 

Աղաչել քեզ¸ սակայն չշահել ոչինչ¸

 

Զոհեր մատուցել¸ բայց չճենճերել¸

 

Քեզ տեսնել¸ սակայն ձեռնունայն դուրս գալ…»