կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-22 17:24
Քաղաքական

Դաշնակցությունը բացատրեց, թե ինչու չի կարող կողմ քվեարկել կառավարության ծրագրին

Դաշնակցությունը բացատրեց, թե ինչու չի կարող կողմ քվեարկել կառավարության ծրագրին

ԱԺ նիստում, երբ քննարկվում էր կառավարության ներկայացրած ծրագիրը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ քննարկումների գլխավոր թերությունն այն է, որ ոչ ոք, մասնավորապես` քաղաքական մեծամասնությանը, չի ուզում անդրադառնալ այն հարցին, թե ինչո՞ւ փոխվեց կառավարությունը:

 

«Եթե լավն էր` թող մնար նախկին կառավարությունը, բայց եթե փոխվել է, որ առաջընթաց ապահովի… Առաջընթացի օրենքը շատ հստակ է` եթե ուզում ես առաջընթաց, պետք է շարժվես բացասման բացասումի սկզբունքով, որը նշանակում է, որ հստակ պետք է ասենք, թե որոնք են սխալ կողմերը, և որոնք են դրական կողմերը, բացասականի դեմ ինչ պայքար պետք է տարվի, որ դրականը պահպանենք ու զարգացնենք»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ նման քննարկում չեղավ, ինչը ամենամեծ թերությունն է:

 

Ընդդիմությունը, ըստ Արմեն Ռուստամյանի, փորձել է նման քննարկում ծավալել` ասելով, որ կառավարության փոփոխության հետ հույսեր է կապում, որ իշխող ուժը կգիտակցի, որ այսպես շարունակել չի կարելի, սակայն պետք է փոխվի ընթացքը, որ կհանգեցնի շտկումների:

 

«Այդ հույսը չի մեռել, ես լավատես մարդ եմ, մեր քաղաքական ուժն էլ այն ուժը չէ, որ օր առաջ տեսնի կառավարության ձախողումը, որովհետև դա, ի վերջո, երկրի կործանմանն է մոտեցնում: Իմ հույսն այնտեղ է, որ, ճանաչելով կառավարության անդամներին ու վարչապետին, իրենք գիտեն ինչը փոխվեց, բայց, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, չեն ուզում բարձրաձայնել: Ուզում եմ հավատալ, որ իրենք հոգու խորքում գիտեն` ինչն է փոխվել, և ինչ է պետք փոխել»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ ծրագրում գրվածով չէ, որ պետք է կյանքը փոխվի, որովհետև հնարավոր է ամենալավ ծրագիրը գրել, բայց այն չիրականացնել, ինչպես եղավ նախորդ կառավարության կողմից:

 

Ինչ վերաբերում է բուն ծրագրին, պատգամավորը նշեց, որ Դաշնակցությունն այն գնահատում է երեք կարևոր սկզբունքներով, որոնք ստիպում են կողմ չքվեարկել այդ ծրագրին:

 

Առաջին չափորոշիչը նախորդ կառավարության հետ նոր կառավարության համեմատությունն է, և ըստ Արմեն Ռուստամյանի` որոշ փոփոխություններ կան, բայց էությունը նույնն է:

 

Երկրորդ խնդիրը նախորդ կառավարության գործունեության և ՀՅԴ տված գնահատականների արձագանքի աստիճանով է պայմանավորված:

 

Եվ երրորդ խնդիրը Դաշնակցության ներկայացրած 34 կետանոց առաջարկներն են, որոնց մի մասը կառավարությունն ընդունել է, սակայն չի ընդունել այն կետերը, որոնք կփոխեին կառավարության վարքագիծը և քաղաքականությունը:

 

Արմեն Ռուստամյանը նշեց, որ կասկածելի են կառավարության կողմից հռչակված գնահատականները, որոնցով որակվում է կառավարության ծրագիրը` իրատեսական, խստապահանջ և ականջալուր: