Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանը կարող է գազ մատակարարել Հայաստանին՝ ANS TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նավթային ընկերության նախագահ Ռովնաղ Աբդուլաեւը: «Եթե Հայաստանը նման խնդրանքով դիմի, մենք անպայման կօգնենք»,- ասել է նա: Վստահաբար՝ այս Աբդուլաևը կա'մ ցնդած է, կա'մ էլ մեզ ձեռք է առնում: Առաջին բանը որ մտածում ես՝ սա է: Իսկ երբ խորանում ես՝ հասկանում ես, որ նավթային ընկերության նախագահի մակարդակով փորձ են արել նսեմացնել ՀՀ իշխանություններին: Հայաստանը գազի ու գազամուղների պակաս չունի: Հայաստանն այդ գազատարները տնօրինելու խնդիր ունի: Աբդուլաևը գիտի, անշուշտ, այս մասին, և նրա հայտարարությունը պարզապես ևս մեկ փորձ է` բարձրաձայնելու մեր ղեկավարների անճարակության և Ռուսաստանից մեր երկրի էներգետիկ կախվածության մասին:
Հայաստանում, սակայն, որոշ լրատվամիջոցներ լուրջ են ընդունել Աբդուլաևի հայտարարությունը և սկսել են հոդվածներ գրել այն մասին, որ դա կարող է, ուշադրություն, «շատ բան փոխել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փիլիսոփայության մեջ»: Սա նշանակում է, որ այդ հոդվածների հեղինակները, քաջ գիտակցելով, որ Ադրբեջանը, առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ իր շահը տեսնելու, մեզ ոչինչ չի տա, այնուամենայնիվ, փորձում են լրջություն հաղորդել Աբդուլաևի սենսացիոն հայտարարությանը, որն ընդամենը պատասխանն է Սերժ Սարգսյանի այն հայտարարության, թե շուտով Ադրբեջանի նավթն ու գազը կվերջանա, և այդ երկիրը կհայտնվի ծանր կացության մեջ: Աբդուլաևը հստակ ասել է՝ մենք այնքան ունենք այդ բարիքներից, որ, եթե խնդրեք, նույնիսկ ձեզ կարող ենք տալ: Նրա խոսքերից հեռուն գնացող եզրակացություններ անել, դա կապել տարածաշրջանային գլոբալ խնդիրների և Ռուսաստան-Արևմուտք փոխհարաբերությունների հետ, մեղմ ասած, մոլորություն է:
Ղարաբաղյան հակամարտություն կոչվածը որևէ այլ փիլիսոփայություն չունի, որպեսզի դրա կարգավորումն էլ ունենա այլևայլ բարդ փիլիսոփայություններ: ԽՍՀՄ փլուզման օրերին ԼՂ Ինքնավար Մարզը հռչակել է անկախություն, որից հետո Ադրբեջանը հարձակվել է այդ իրավական սուբյեկտի վրա և պարտվել պատերազմում: Հետպատերազմյան փաստացի իրադրության հիման վրա էլ կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիրը, որը, եթե հաշվի առնենք Շահումյանի ներկա կացությունը, ամենևին էլ ձեռնտու չէ հաղթող կողմին: Սա է եղելությունը: Եթե մինչ օրս Ադրբեջանը չի կարողանում հաշտվել այս իրողության հետ և զանազան ուղիներ է փնտրում` վերադարձնելու ղարաբաղյան լրացուցիչ տարածքներ, դա, կներեք, արդեն կարգավորում չէ, այլ անեքսիոն պահանջ՝ հաղթող կողմին, որ ոչ միայն չի տեղավորվում միջազգային հարաբերությունների տրամաբանության մեջ, այլև անբացատրելի է փիլիսոփայորեն: Նստես ի՞նչ փիլիսոփայես, երբ քեզ ասում են՝ հողերդ տուր մեզ, որ մենք քեզ հետ միասին նայենք լուսավոր ապագային:
Իսկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հենց այդպես էլ ասել է. «Մեզ համար չափազանց անհրաժեշտ է Հայաստանի հետ արժանապատիվ խաղաղություն հաստատել, անցյալում թողնել հակամարտության բոլոր բացասական գործոնները եւ նայել արդյունավետ համագործակցության ու բարեկամական հարաբերությունների լուսավոր ապագային»: Չորրորդ դասարանի աշակերտն էլ ձեզ կասի, որ ադրբեջանական կողմն այս կերպ հասկացնել է տալիս, որ ներկա ստատուս քվոն վիրավորում է իրենց արժանապատվությունը և, եթե այն փոփոխվի հօգուտ Ադրբեջանի, իրենք միայն ուրախ կլինեն դրա համար և պատրաստ՝ Հայաստանի հետ նայել լուսավոր ապագային: Այսքանից հետո մտածել, որ Աբդուլաևը կարող է Մամեդյարովի գլխից թռնել ու մեզ գազ տալ, եթե խնդրենք՝ պարզապես երեխայություն է:
Վերևում արդեն ակնարկեցինք, որ Աբդուլաևի ցնցող հայտարարությունը փորձ է արվում դիտարկել նաև Ռուսաստան-Արևմուտք փոխհարաբերությունների ծիրի մեջ: Մեր գործընկերները հիշել են արևմտյան մի ծրագիր, որ կոչվում է «Հարաբերությունների նորմալացում՝ առանց կարգավորման» և փորձում են դա հարմարեցնել Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի՝ տրամագծորեն հակառակ առաջարկին՝ «ոչ մեկին չբավարարող ստատուս քվոյի փոփոխություն և ապաշրջափակում»: Որքան էլ զարմանալի է, այստեղից հետևյալ եզրահանգումն են անում. «Ադրբեջանն առաջին անգամ խոսում է Հայաստանին գազ մատակարարելու հնարավորության մասին: Դա կարող է նշանակել կա'մ այն, որ Արեւմուտքն ընդունել է Ռուսաստանի՝ «ապաշրջափակում-հողերի վերադարձ» բանաձեւը, (իրականում Լավրովը հակառակն է ասել՝ «ստատուս քվոյի փոփոխություն-ապաշրջափակում».- Է.Ա), կա'մ էլ համոզել է Թուրքիային ու Ադրբեջանին, որ ոչ մի բանաձեւ չկա, կա միայն ապաշրջափակումը»: Իհարկե, կույր պետք է լինել` չտեսնելու համար Լավրովի արտառոց հայտարարության բուն շարժառիթները, որոնցից ամենագլխավորը Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններն են: Մտածել, որ Ռուսաստանը հանկարծ համաձայնեց Ադրբեջանի տիրապետության տակ վերադարձնել ազատագրված հայկական տարածքները և դրա դիմաց ապաշրջափակել Հայաստանը, ճիշտ չէ: Ադրբեջանի և, առհասարակ, հետխորհրդային տարածքի երկրներից և ոչ մեկի ինքնիշխանության ընդլայնումը երբեք չի բխել Ռուսաստանի շահերից: Ահա թե ինչու մենք հակված ենք Լավրովի հայտարարությունը դիտարկել որպես ապագա ընտրությունների հետ կապված ժեստ Ալիևին, մանավանդ, որ նրան դժվարին ընտրություններ են սպասում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ցանկացած, թեկուզ բարոյական բնույթի առաջընթաց, Ալիևի համար առավել կարևոր քարոզչանյութ է, քան Ադրբեջանի տնտեսական հզորությունների և զենքի ուժով հողերը վերադարձնելու մասին` տասնամյակներ ձգվող հեքիաթները, որոնց Ադրբեջանում այլևս ոչ ոք չի հավատում:
Իհարկե, Ադրբեջանի համար մտահոգիչ է նաև այն փաստը, որ ամերիկյան նահանգները (արդեն չորս նահանգ) մեկը մյուսի հետևից սկսել են ճանաչել ԼՂՀ անկախությունը: Բայց մտածել, որ, դրանից սարսափած, Ադրբեջանը մեզ գազ կտա առաջին խնդրանքի հետ, նույնիսկ ծիծաղելի է: Ադրբեջանը մեզ գազ կտա միայն ազատագրված տարածքներից հայ զինվորի հեռանալուց հետո, և այն էլ` այն դեպքում, եթե Ռուսաստանը նրան թույլատրի մտնել գազի` իր շուկան՝ այս դեպքում՝ Հայաստան, որտեղ ինքը մենաշնորհ ունի:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ