կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-09 17:21
Առանց Կատեգորիա

ԲՀԿ-ի երկար ականջները կամ փախուստ իրականությունից

ԲՀԿ-ի երկար ականջները կամ փախուստ իրականությունից

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես տեղեկացվել էր նախօրոք, չմասնակցեց Սերժ Սարգսյանի երդման արարողությանը. նախօրեին նա մեկնել էր Հայաստանից: Փոխարենը, սակայն, այդ արարողությանը մասնակցեցին ԲՀԿ խմբակցության գործարար մի քանի պատգամավորներ:

 

Այս իրողությունը թույլ է տալիս կատարել մի քանի եզրահանգում: Ա. Փաստացի ԲՀԿ-ն (հասկանալ` անձամբ Գագիկ Ծառուկյանը` հաշվի առնելով, որ այստեղ միայն նա է որոշումներ կայացնողը) նախագահի ինաուգուրացիայի համար հրավիրված ԱԺ հատուկ նիստին մասնացկելու կամ չմասնակցելու առնչությամբ որևէ վերջնական և հստակ դիրքրոշում չէր ընդունել: Սա նշանակում է, որ Ծառուկյանն առնվազն դեմ չի եղել, որ որևէ մակարդակով ԲՀԿ-ն իր մասնակցությունը բերի այդ արարողությանը, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ, ըստ էության, Ծառուկյանը չի համարձակվել բոյկոտել Սերժ Սարգսյանի պաշտոնամուտը, այսինքն` ընդունել է կայացած ընտրությունների պաշտոնական արդյունքները, կամ առնվազն ցանկացել է, որ իր չմասնակցելը չընկալվի որպես քաղաքական դեմարշ, անհնազանդություն և չհարուցի իշխանությունների վրդովմունքը:

 

Բ. Եթե, այնուամենայնիվ, չմասնակցելու վերաբերյալ Ծառուկյանը կուսակիցներին տված լիներ ներքին հրահանգ, հաշվի առնելով, որ ԲՀԿ-ի քաղաքականացված մասը, ըստ էության, ՄՀՀ չէր գնացել, ապա ստացվում է, որ գործարար այդ պատգամավորները ինքնագլխություն և ինքնագործունեություն են ցուցաբերել` շեղվելով կուսակցության և նրա ղեկավարի կուրսից: Իսկ եթե այդպես է, ապա նման քայլով այս պատգամավորները բացահայտում են, որ ԲՀԿ-ում գործարար և քաղաքական շրջանակների միջև առկա է խոր հակասություն, որը հասունացել է ԲՀԿ-ի որդեգրած, այսպես ասած` ընդդիմացման ուղեգծի որդեգրումից հետո: Եվ այս քայլով գործարար պատգամավորները պարզապես փորձել են իրենց անհամաձայնությունը հայտնել նախագահական ընտրություններից հետո Ծառուկյանի նոր կուրսից: Այդ դեպքում ԲՀԿ-ում առկա հակասությունը կարող է շատ ավելի խորը լինել, քան կարելի էր պատկերացնել. նման ինքնագործունեությամբ այս գործարարները կարող էին Ծառուկյանին և կուսակցության քաղաքական թևին հասկացնել, որ պատրաստ են, հանուն իշխանությունների կողմից իրենց տրված բիզնես քվոտաների, լքել ԲՀԿ-ն և այն զրկել ֆինանսական ռեսուրսի մի զգալի մասից:

 

Եթե Գագիկ Ծառուկյանը, այնուամենայնիվ, մտածում է ԲՀԿ-ն ապագաղափարական խմբավորումից մոբիլ ու ճկուն քաղաքական կուսակցության վերածելու մասին, ապա պետք է համակերպվի կուսակցության` նման ցնցումների, պառակտումների ենթարկվելու անխուսափելի հեռանկարի հետ: Որովհետև չի կարելի մի կողմից մտածել գործուն ու սկզբունքային կուսակցություն ստեղծելու մասին, իսկ մյուս կողմից` ի դեմս նման շրջանակների, ունենալ այնպիսի երկար ականջներ, որոնք ցանկացած պահի իշխանությունը կարողանում է հանգիստ քաշքշել և վերահսկելի պահել ԲՀԿ-ն: Ի դեպ` նման ցանկություն ունենալու պարագայում Ծառուկյանն ինքը պետք է գործարարից քաղաքական գործչի վերածվի, ինչը, սակայն, այնքան էլ հեշտ բան չէ:

 

Գ. Անկախ ամեն ինչից ԲՀԿ պատգամավորների մասնակցությունը նշանակում է, որ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանի երդման արարողությանը չմասնակցելով, ոչ թե ընդգծում է իշխանությունից տարբերակվելու, հակադրվելու, հանրային տրամադրություններով առաջնորդվելու իրողությունը, ինչի լույսի ներքո, անկասկած, փորձ է արվելու մատուցել այս մեկնումը, այլև ուղղակի փախել է անձնական պատասխանատվությունից: Պատճառն առավել քան պարզ է. եթե նա Հայաստանում լիներ, այդ արարողությանը չմասնակցել որևէ պարագայում չէր կարողանալու: Նրա համար միակ փրկօղակը անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում չլինելու` բազմիցս փորձված հնարքի օգնությանը դիմելն էր, ինչը և նա արեց: Սա փորձ է մի կողմից իշխանության հետ ունեցած դիստանցիան նույն մակարդակի վրա պահելու, մյուս կողմից` երևանյան ընտրություններին ընդառաջ հանրության մոտ սկզբունքային ընդդիմադիմություն խաղալու: ԲՀԿ-ն, այսպիսով, փորձ է անում հերթական անգամ «քյանդրբազություն անել» միանգամից երկու լարերի վրա:

 

Բայց իրականում նման վարքագծով Ծառուկյանը, ցանկանում է դա, թե ոչ, հստակ ուղերձ է հղում հանրությանն առ այն, որ դեռևս պատրաստ չէ ոչ միայն ԲՀԿ-ն խմբավորումից վերածել կուսակցության, այլև սկզբունքորեն հակադրվել իշխանությանը և վերածվել իրական ընդդիմության, նույնիսկ իրական այլընտրանքի:

 

Գ. Ծառուկյանը Հայաստանից հեռացավ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշել է մասնակցել Սերժ Սարգսյանի երդման արարողությանը: Սա գուցե ոչ այնքան էական, բայց հետաքրքրական նյուանս է: Չի բացառվում, որ, անգամ Քոչարյանի մասնակցության հանգամանքը հաշվի առնելով, երկրից հեռանալու պատրվակով այդ արարողությանը ներկա չգտնվելով, Ծառուկյանը փորձում է զուգահեռաբար նաև երկրորդ նապաստակը որսալ, այն է` ցույց տալ, որ որքան անկախ է Սերժ Սարգսյանից, նույնքան էլ անկախ է Ռոբերտ Քոչարյանից, և որ այլև չի մտնում վերջինիս` ապագային միտված քաղաքական հաշվարկների ու սխեմաների մեջ: Թեև նույն հաջողությամբ երկրորդ նախագահի այդ սխեմաները կարող են հիմնված լինել հենց ԲՀԿ-ից ընդդիմություն կերտելու նմանատիպ տեխնոլոգիաների վրա:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ