Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի «Նարեկացի» արվեստի միությունը մի շարք միջոցառումներ է իրականացրել` մեկը մյուսից կարեւոր ու նշանակալի: Yerkir.am-ը զրուցել է միության հիմնադիր-տնօրեն Նարեկ Հարությունյանի հետ` ամփոփելով ընթացիկ տարին:
-2012-ն ինչպիսի՞ն էր «Նարեկացի» արվեստի միության համար եւ ի՞նչ դռներ բացեց արդեն 2013-ի համար:
-2012-ը շատ բեղուն տարի էր «Նարեկացի» արվեստի միության համար: Բավական շատ ծրագրեր հասցրինք իրագործել` չնայած եղան նաեւ ծրագրեր, որոնք չիրագործեցինք: Մեր ամենահաջող ծրագրերից մեկն, օրինակ, Ավագ շաբաթվա տոնումն է. մենք հրավիրում ենք հոգեւոր հովիվների, որոնք գալիս եւ օրվա խորհուրդը փոխանցում, որից հետո արդեն միջոցառում ենք ունենում: Հպարտ ենք ասելու, որ Շուշիի մեր կենտրունում այս տարվա ընթացքում 40-50 երեխայի օգնեցինք, որ մկրտվեն: Մենք հրատարակեցինք Վագրիչի գիրքը. նա ամբողջ աշխարհում ցուցահանդեսներ էր ունեցել, բայց այդպես էլ Հայաստանում չկարողացավ իր նկարները ցուցադրել: Ամերիկայի դեսպանատան հետ եկող տարի մի հիանալի նախաձեռնություն կիրականացնենք, որի մասին դեռ չեմ ուզում խոսել:
-Մարզերում մշակութային կյանքն ակտիվացնելու առումով ի՞նչ ծրագրեր եք իրականացրել:
-Շատ ծրագրեր ունենք: Օրինակ` Ֆրանիսայից այս տարի խումբ էր եկել, որոնց հետ մեր «Նարեկացի» ժողնվագարանների համույթը համատեղ համերգներ ունեցավ` Գորիսում, Սիսիանում, Երեւանում: Մեր համույթը համերգներով հանդես եկավ նաեւ Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում: Մանկական հիանալի մի ծրագիր ունեցանք. կանադահայ երաժիշտ Վարուժան Մարգարյանն էր եկել, ով հոգեւոր երաժշտություն էր դասավանդում երեխաներին, իսկ վերջիններս այդ ազդեցության տակ նկարում էին: Մեզ համար կարեւոր իրադարձություն էր նաեւ, որ Արտո Չաքմաքչյանը եկավ Հայաստան. նա այն մարդն է, ով ինձ հուշեց «Նարեկացի» արվեստի միության ստեղծման գաղափարը` 15 տարի առաջ Նյու Յորքում: Վստահ կարող եմ ասել, որ նա ինձ համար ամենամեծ քանդակագործն է. ցավում եմ, որ, վիթխարի քանդակագործ լինելով, Կանադայից մինչեւ Ճապոնիա ունի իր արձանները, իսկ Հայաստանում` չունի:
-Այս տարի «Նարեկացի» միությունը չմասնակցեց «Art Expo»-ին, ինչո՞ւ:
-Մեզ արգելեցին մասնակցել «Art Expo»-ին /մշակույթի նախարարը չցանկացավ/, բայց հենց այդ օրը մենք միջոցառում կազմակերպեցինք, եւ այդ օրը մի շարք արվեստագետներ` Հակոբ Հակոբյանը, Արարատ Սարգսյանը, Զավեն Սարգսյանը, իրենց գործերը մեզ նվիրեցին, այսինքն` իրենց կյանքի մի մասնիկը նվիրեցին մեր միությանը: Դա մեզ համար ամենամեծ գնահատականն էր: Իսկ թե ինչու արգելեցին, պատճառն արդեն էական չէ, չնայած ամեն ինչ կյանքում ունի իր պատճառը: Այդ դեպքերի պատճառի իմաստը գուցե ոչ միշտ ենք մենք հենց այդ պահին հասկանում, բայց ժամանակի ընթացքում կամաց-կամաց հասկանում ես: Ես դա կապում եմ նախախնամության հետ: Այս տարի շատ բաներ կատարվեցին, որոնց պատճառները հետո հասկացանք: Աստված մեծ է, պետք է դիմանալ, խանգարողներ միշտ էլ կլինեն ու կան, բայց կարեւորը բարու վրա կենտրոնանալն է եւ այն առաքելության, որ ինքներս ենք ընտրել:
-Միությունն այն եզակի մշակութային օջախներից է, որը ոչ միայն հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց, այլ նաեւ տարեկան մի շարք միջոցառումներ է իրականացնում հենց նրանց համար: Այս տարի ի՞նչ միջոցառումներ ունեցաք:
-Ապրիլին կազմակերպեցին հաշմանդամություն ունեցող անձանց նվիրված մեծ միջոցառում, որի ընթացքում զանազան կազմակերպություններ ելույթ ունեցան: Իսկ «Ունիսոնն» ու «Փարոսը» «Նարեկացիի» ստեղծման առաջին իսկ օրվանից մասնակցել են մեր միջոցառումներին, եւ այն հանգամանքը, որ ամեն տարի ապրիլի 24-ին նրանց երգչախումբը ելույթով հանդես է գալիս «Նարեկացի»-ում, արդեն ավանդույթ է դարձել մեզ համար:
- Միության ժողնվագարանների համույթը նույնպես մի շարք հաջողություններ ունեցավ, այնպես չէ՞:
-Այո, այս տարի կարողացանք ունենալ մեկ ձայնագրություն` «Նարեկացի» միության ժողնվագարանների` արդեն երկրորդ ձայնասկավառակը: Համույթը համերգներով հանդես է եկել Գերմանիայում: Երաժիշտներից ոմանք, օրինակ` քանոնահարն ու դուդուկահարը, նաեւ անհատական մենահամերգներ ունեցան: Մեր երեխաները մեր պարծանքն են:
-Իսկ երիտասարդ ստեղծագործողներին աջակցելու համար ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:
-Մենք կանգնած են երիտասարդ ստեղծագործողների կողքին: «Նարեկացի» արվեստի միության տարածքն ամբողջությամբ տրամադրում ենք նրանց, որպեսզի հնարավորություն ունենան ներկայացնել իրենց տաղանդը: Շատ կարեւոր է երիտասարդ սերնդին աջակցելը: Այս առումով ինքնագովեստ չի դիտվի, եթե ասեմ` մենք գիտենք, որ լավ բան ենք անում: Մեզ մոտ անգամ 3 տարեկան փոքրիկն է ցուցահանդես ունեցել:
-Շուշիի կենտրոնում ի՞նչ կարեւոր իրադարձություններ եղան 2012-ին:
-Շուշիում յուրաքանչյուր տարի ճամբար է լինում` Հայդուկ Շամլյանի աջակցությամբ եւ ներկայությամբ: Ճամբարին շուրջ 300 երեխա է մասնակցում: Ամբողջ Շուշին սպասում է այս միջոցառմանը, որը միայն ճամբար չէ, այլ նաեւ կրթական ծրագրեր ունի: Մենք մասնակցեցինք նաեւ «Shoushi Art»-ին եւ քանդակագործների երկրորդ սիմպոզիումին:
-Պարո'ն Հարությունյան, ասում են` հեռացել ենք մեր արմատներից, խարխլվում են հավատի հիմքերը. արդյոք Դո՞ւք էլ եք այդպես կարծում, թե սրանք ուղղակի նախազգուշացումներ են, որ ավելի արթուն լինենք:
-Կողքից խանգարող ուժերը շատ են: Երբ նայում ենք, թե ի՞նչ է ցուցադրվում հեռուստատեսությամբ, հասկանում ենք, թե ինչպե՞ս է կրթվում եկող սերունդը: Յուրաքանչյուր ոք պետք է պայքարի այդ ալիքների դեմ, պայքարի, որ պահպանենք մերը: Բայց, մյուս կողմից, կա նաեւ լավը, ինչի վրա էլ պետք է կենտրոնանալ. մեր հոգին պետք է սնվի հավատքից:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ