կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-29 13:30
Իրավական

"Մենք մերոնցով"-ի խմբագրի սպանությունը բացահայտվել է

"Մենք մերոնցով"-ի խմբագրի սպանությունը բացահայտվել է

«Մենք մերոնցով» թերթի խմբագրին եւ նրա ամուսնուն սպանել են ֆինանսական տարաձայնությունների պատճառով: ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ալվարդ Աբրահամյանի եւ նրա ամուսնու սպանություններով գործը բացահայտված է:

 

Ըստ կայքի` սեպտեմբերի 1-ի առավոտյան անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` Չարենցի կամարից 500 մետր հեռավորության վրա դիակ կա: Օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում հայտնաբերել էր կնոջ դիակ` պարանոցի շրջանում երկակի ճմլման ակոսի հետքով: Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ:

 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 11-ին պարզվել էր, որ հայտնաբերվել է որպես անհայտ կորած հետախուզվող, 1960 թ. ծնված` «Մենք մերոնցով» թերթի խմբագիր Ալվարդ Աբրահամյանի դիակը: Պարզվել էր նաև, որ օգոստոսի 31-ին անհետացել է Աբրահամյանի ամուսինը` 56-ամյա Յուրիկ Սրաբյանը:

 

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության, քննչական գլխավոր վարչությունների, Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի աշխատակիցները, ճշտելով Աբրահամյանի հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցած անձանց ալիբիները, մանրամասնելով կնոջ գործունեության հանգամանքները, վերականգնել են դեպքին նախորդած օրերի իրադարձությունները, քննության առել դրանց պատճառահետևանքային կապերը: Իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ հանցագործությունը բացահայտվել է:

 

Պարզվել է, որ Ալվարդ Աբրահամյանը աշխատանքային ու ֆինանսական հարաբերությունների մեջ է եղել Երևանի բնակիչ, 58-ամյա Վաղարշակ Աբաջյանի հետ: Նրանց միջև տարաձայնություններ են ծագել, որոնց միջամտել է Աբրահամյանի ամուսինը: Խնդիրները պարզաբանելու նպատակով Վաղարշակ Աբաջյանը, նրա որդին` Հակոբը, և Յուրիկ Սրաբյանը օգոստոսի 31-ին մեկնել են Գեղարքունիքի մարզի Այրիվանք գյուղ, որտեղ գտնվող մի կիսակառույցի տարածքում հայր ու որդի Աբաջյանները նախ ծեծի են ենթարկել Սրաբյանին, ապա խեղդամահ արել և, դիակը գցելով փոսի մեջ ու քարերով ծածկելով, հեռացել են: Երևան վերադառնալիս նրանք ճանապարհի տարբեր հատվածներում դեն են նետել Սրաբյանի` նախապես հանած հագուստն ու կոշիկները` նպատակ ունենալով դիակի հայտնաբերման դեպքում բացառել նրա ինքնությունը պարզելու հնարավորությունը:

 

Արդեն Երևանում Աբաջյանները Ալվարդ Աբրահամյանին խաբեությամբ տարել են Չարենցի կամարի մոտ, որտեղ Վաղարշակ Աբաջյանը խեղդամահ է արել նրան: Քննությամբ պարզվել է, որ, Յուրիկ Սրաբյանի դին թաքցնելով, իսկ Ալվարդ Աբրահամյանի դին թողնելով սպանության վայրում, Աբաջյանները նպատակ են ունեցել կնոջ սպանությունը բարդել ամուսնու վրա. իբր Սրաբյանը սպանել է կնոջն ու անհետացել:

 

Հոկտեմբերի 26-ին Աբաջյանները բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին ու սպանության կասկածանքով ձերբակալել: Նախաքննությունը շարունակվում է: