կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-05 11:59
Տնտեսական

Ինչո՞ւ ենք 3 անգամ ավելի քիչ գազ ներմուծել Իրանից

Ինչո՞ւ ենք 3 անգամ ավելի քիչ գազ ներմուծել Իրանից

ԱԺ-ում շարունակվում են 2012թ. բյուջեի կատարողականի քննարկումները:

 

Այսօր, դիմելով էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախ նշեց, որ թեեւ անցած տարվա ընթացքում հավաստիացնում էին, թե գազի սակագինը չի բարձրանա, բայց դա փաստ դարձավ, հետո հայտարարեց. «2012-ին անընդհատ նաեւ պնդում կար, որ Իրանից ներմուծվող գազի պայմանագրային ծավալը մինչեւ 2010-ը 1,1 մլրդ խորանարդ մետր էր, 2010-2012թթ. 1,5 մլրդ եւ, այդպես շարունակ բարձրանալով, 2026 թվականին հասնելու է 2.2 մլրդ-ի: Ինչո՞վ է պայմանավորված, որ այս տարիների ընթացքում, պայմանագրով ունենալով այդ հնարավորությունը, մենք ներմուծել ենք երեք անգամ ավելի քիչ իրանական գազ, որը եթե փոխանակման գործակցով ենք վերածում, շատ ավելի ձեռնտու է, որովհետեւ նաեւ արտադրում է էժան էլեկտրաեներգիա»:

 

Էներգետիկայի եւ բնականար պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց, որ Մինասյանը նայել է պայմանագրի մի կողմը, բայց պետք է հաշվի առնել նաեւ խնդրի հաջորդ երեսը: Ըստ նախարարի` մենք պետք է տրամադրենք համարժեք էլեկտրաներեգիայի երեք անգամ ավելի մեծ ծավալ: «Մեր արտադրական հզորությունները թույլ չեն տալիս այդ ծավալներն ապահովել: Բնականաբար, այդ բերած գազի դիմաց պետք է համարժեք էլեկտրաէներգիայի քանակությունը կարողանայինք տալ»,- հայտարարեց նախարարը եւ հավելեց, որ պայմանագիրը կնքելու ժամանակ խոսք է գնացել նրա մասին, որ պետք է կառուցվի Հրազդանի հինգերորդ էներգաբլոկը` վերակառուցվի մինչեւ 440 մեգավատտ հզորությամբ: Երրորդ գծի կառուցումը, ըստ Մովսիսյանի, ուշացել է իրանական կողմի մեղքով: Այն պետք է կառուցված լիներ դեռ երկու տարի առաջ, հիմա նոր շինարարություն է գնում:

 

Իր հերթին, Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ պայմանագրի կողմը Երեւանի ՋԷԿ-ն է, ուրիշ ոչ ոք, եւ եթե ՋԷԿ-ը նման պարտավորություններ է ստանձնել, Հրազդանի էլեկտրաբլոկը կապ չունի, պատասխանատու կողմը Երեւանի ՋԵԿ-ն է: