կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-03 16:19
Քաղաքական

Այս պահին Գորիսի գործով քաղաքական որոշում չկա. ՀՀԿ-ական

Այս պահին Գորիսի գործով քաղաքական որոշում չկա. ՀՀԿ-ական

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը Գորիսում հնչած կրակոցների եւ այդ ամենին Սուրեն Խաչատրյանի մասնակցության մասին լրագրողների հետ զրույցում խուսափեց խոսել: Նա խորհուրդ տվեց գործընթացներից առաջ չընկնել եւ նշեց, որ թե' ԶԼՄ-ները եւ թե' քաղաքական գործիչները պետք է ձեռնպահ մնան գնահատականներ հնչեցնելուց, քանի դեռ չկա կատարվածի իրավական գնահատականը:

 

Դեպքի մասին տեղյակ է այնքանով, որքանով որ գրվել է մամուլում, կուսակցությունում հարցը չեն քննարկել:

 

«Իրավական գործընթացներ են հիմա տեղի ունենում, նախաքննություն է իրականացվում, իրավապահներն աշխատում են, եւ ցանկացած գնահատական խանգարելու է գործընթացին: Ես կցանկանայի, որ մեր խոսակցությունն իրավական հարթությունում լինի, ոչ թե հուզական, ոչ թե վերլուծական: Իրավական գործընթացները կավարտվեն, քաղաքական գործընթացներ եւ գնահատականներ կլինեն»,- ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

 

Ավագյանը համաձայն չէ այն կարծիքին, որ Սուրեն Խաչատրյանը նախագահի սիրելին է, արտոնություններ ունի: «ՀՀԿ-ական լինելը երբեւէ իրավունքների վերապահում չէ, այլ հակառակը` պարտականություն»,- վստահեցրեց նա:

 

Yerkir.am-ի հարցին, թե, բացի Վազգեն Խաչիկյանից, կարո՞ղ է օրինակ բերել, որ որեւէ բարձրաստիճան ՀՀԿ-ականը պատժվել է իր արարքների համար, Ավագյանը հակադարձեց. «Ինչ է նշանակում` բացի Վազգեն Խաչիկյանից»: Դիտարկմանը, որ Խաչիկյանը ՀՀԿ-ականների համար պարզապես մատի փաթաթան է դարձել, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Ես չեմ ուզում որեւէ օրինակ բերել, որովհետեւ դուք ընթացքում տեսնում եք, թե ինչ գործընթացներ են լինում հենց իրավական հարթության մեջ, ինչ դատավարություններ… Ես որեւէ օրինակ չեմ բերի… Դուք կարող եք վերցնել ոստիկանական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին»:

 

ՀՀԿ-ական պատգամավորը չհամաձայնեց նաեւ այն կարծիքին, որ մեր երկրում քաղաքական որոշումից է բխում իրավական գնահատականը եւ հավելեց. «Որովհետեւ շատ հաճախ մենք ընկնում ենք սենսացիաների հետեւից եւ չենք համբերում, որ լինի վերջնական մասնագիտական գնահատական»:

 

ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ այս պահին որեւէ քաղաքական գնահատական եւ որոշում չկա: