կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-04 12:21
Քաղաքական

Այս պահին ՀՀԿ-ում դեռ միասնական դիրքորոշում չկա` ինչպես քվեարկել մայիսի 8-ին. Միհրան Հակոբյան

Այս պահին ՀՀԿ-ում դեռ միասնական դիրքորոշում չկա` ինչպես քվեարկել մայիսի 8-ին. Միհրան Հակոբյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ իր ելույթին: «Խոսքի ազատության պարագայում ամեն ինչ էլ կարելի է քննադատել և ամեն տեսակ կարծիք հայտնել»,- ասաց նա:

Հիշեցնենք` իր ելույթում պատգամավորն անդրադարձել էր Փաշինյանի հագուստին և տեսքին:

«Եթե նայեք իմ ելույթը, այնտեղ բազմաթիվ խնդիրների եմ անդրադարձել, միայն հագուստը չէ։ Տեսագրությունը նայեք, տեսեք, այդտեղ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Հակոբյանը:

Նա անդրադարձավ նաև հարցին, թե ինչպես է քվեարկելու մայիսի 8-ին: Պատգամավորը նշեց, որ այդ մասին կհայտնի խմբակցության ղեկավարը։ «ՀՀԿ-ն որոշում կկայացնի այդ մասին, դուք կտեղեկացվեք: Ոչ մի կանխատեսում չեմ ուզում անել»,- ասաց նա։

«Ինքն անձամբ ինչպե՞ս կքվեարկի» հարցին Հակոբյանը չցանկացավ պատասխանել՝ չհամաձայնելով այն պնդմանը, որ ընտրություններից մի քանի օր առաջ ընդդիմանում է ժողովրդի կամքին։ «Ես ունեմ իմ կարծիքը, դա ամրագրված է Սահմանադրության մեջ՝ ինչպես է քվեարկում ԱԺ պատգամավորը։ Դրա վերաբերյալ մեր հարգելի գործընկեր Աղվան Վարդանյանը վերջերս շատ լավ պատասխան տվեց՝ «ժողովուրդը նաև ես եմ, ժողովուրդը մենք բոլորս ենք»»։

Yerkir.am-ի ճշտող հարցին` այս պահին ՀՀԿ-ում դեռ միասնական դիրքորոշում չկա՞` ինչպես են քվեարկելու, նա պատասխանեց` ոչ, դեռ չկա: