Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են «ՀՀ 2012թ. Պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:
Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթին: «Մրցութային հայտարարության մեջ շատ հետաքրքիր փաստ է արձանագրված. փաստորեն, պարզվում է, որ Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակի տեսքն աղճատվել է: Կարո՞ղ եք պարզաբանել, թե այդ ընթացքում անձամբ Դուք ինչով էիք զբաղվում, երբ հրապարակի տեսքն աղճատվում էր, ինչով էր զբաղված Նարեկ Սարգսյանը: Չե՞ք կարծում, որ վերակառուցումից առաջ նախ պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել հրապարակի հետ, եւ ինչո՞ւ է տեղի ունեցել: Կարո՞ղ եք պարզաբանել, թե կոնկրետ ինչ է պլանավորվում անել, եթե վերակառուցման անհրաժեշտություն կա: Ենթադրվում է, որ կա որոշակի պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի, այսինքն` ինչի՞ սպասենք»,- հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը:
Նա չէր հասցրել հարցն ավարտել, երբ ընդմիջեց նիստը վարող ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը եւ հորդորեց կատարողականի վերաբերյալ հարցեր տալ: Փաշինյանն, իր հերթին, նշեց, որ Արեյանը նույնպես պետական բյուջեից աշխատավարձ է ստանում: «Մենք իրավունք ունենք իմանալու` էդ մարդիկ ինչո՞վ են զբաղվում»,- բորբոքվեց պատգամավորը:
Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարեց, որ մրցույթը մշակված է եղել երկու տարի առաջ, իսկ վերակառուցում ասվածը բառի ուղիղ իմաստով է հասկացվել: «Ընդամենը կա, թե հրապարակը տրանսպորտի ծանրաբեռնվածության տեսանկյունից ինչ հեռանկար պետք է ունենա, ինչպես օգտագործել հրապարակի ստորգետնյա հատվածը եւ հարավային թեւի բաց հատվածը»,- նշեց փոխքաղաքապետը, իսկ մնացած մանրամասները հորդորեց իմանալ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանից: