կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-15 13:40
Հասարակություն

Այն, ինչ մեզ մոտ եղավ, մազից պրծնելն էր, բառի բուն իմաստով. ՀԱԷԿ նախկին գլխավոր տնօրեն

Այն, ինչ մեզ մոտ եղավ, մազից պրծնելն էր, բառի բուն իմաստով. ՀԱԷԿ նախկին գլխավոր տնօրեն

Նման վթարներ, ինչպիսին հուլիսի 10-ի տեղի ունեցավ,  ցավոք, շատ եմ տեսել.  այսօր լրագողների հետ զրույցում ասաց «Հայէներգո»-ի նախկին գլխավոր տնօրեն Սպարտակ Հակոբյանը` օրինակ բերելով,  մասնավորապես, 2013 թվականին նոյեմբերի 2-ին տեղի ունեցած վթարը:

«Էլի շատ ծանր վթար էր: Սկսվել էր Իրանում, տարածվել Հայաստանի վրա և խորացել. Հայաստանի սպառիչների 90%-ն անջատվել էր, մնացել էր ընդամենը Սյունիքը, որովհետև մնացել էր կապված Իրանի հետ: Ցավոք, անելիքների մոտ 90%-ը չի արված, այն, ինչ առաջարկված է, մշակված, կիրառված է կիսատ-պռատ:  Չեմ ուզում ինչ-որ սև պիտակներ կպցնել, բայց չպետք է մոռանանք, որ համակարգը կենդանի օրգանիզմ է»,- նշեց նա` շեշտադրելով, որ ինչ էլ կատարվի Իրանի կամ հարևան այլ համակարգերում, Հայաստանի էներգահամակարգի հուսալիությունը պետք է մնա վստահելի ապահովված: «Դա իմ հորինած բանը չէ, ստանդարտներ կան Եվրոպայում և Ամերիկայում»,- ընդգծեց Հակոբյանը:

Ըստ ՀԱԷԿ նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանի` համակարգը միայն կենդանի օրգանիզմ համարելը սխալ է: «Էներգահամակարգը քիչ է ասել, որ միայն օրգանիզմ է: Չկա կարևոր կամ երկրորդական բան: Վթար կարող է առաջանալ, եթե ինչ-որ տեղ մի կաբել խփեց, անջատիչը չանջատեց, և սա կարող է զարգացում ունենալա: Այն, ինչ մեզ մոտ եղավ, մազից պրծնել էր, բառի բուն իմաստով»,- կարծիք հայտնեց նա:

Մասնագետները, սակայն, նշեցին նաև, որ ինչպես ինքնաթիռում, այնպես էլ այս պարագայում գոյություն ունեն սև արկղեր, որոնք համապարփակ ուսումնասիրության ենթարկելուց հետո միան կկարողանան  ասել, թե որոնք են եղել վթարի հիմնական պատճառները: «Մինչ այդ անիմաստ է խոսել պատճառների մասին: Այստեղ ենթադրություններով պետք չէ խոսել»,- նշեց Սպարտակ Հակոբյանը ` միևնույն ժամանակ շեշտելով, որ հենց այդ ժամանակ ինքը կառաջարկի կանխարգելիչ միջոցառումներ:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին էներգետիկ համակարգում տեղի էր ունեցել վթար, անջատվել էին Երևան ՋԵԿ-ը և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը: