կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-13 15:30
Քաղաքական

Նախարարի կարծիքով` Սերժ Սարգսյանի խոսնակի ասածը սխալ է հասկացվել

Նախարարի կարծիքով` Սերժ Սարգսյանի խոսնակի ասածը սխալ է հասկացվել

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտնեց, որ երեկ տեսակցել է դատապարտյալների հիվանդանոցում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանին: «Ձեզ կարող եմ վստահեցնել, որ այն պայմանները, որ գտնվում է Վարդան Պետրոսյանը, բավարար են, անհրաժեշտ պայմանները կան իր առողջությանը հետևելու և բուժումները ստանալու համար: Ես իրեն ասել եմ, որ ինձ համար այս պահին կարևորն իր առողջությունն է»,- ասաց նախարարը` հավելելով, որ տվյալ ՔԿՀ բժիշկները ստացել են համապատասխան հանձնարարականներ:

 

Անդրադառնալով կալանքը որպես խափանման միջոց կիրառելուն՝ նախարարը նշեց, որ Հայաստանում խափանման միջոցները և քրեադատավարական պրակտիկան գոհացուցիչ չեն: «Մենք ունենք խափանման միջոց` կալանք, գրավ և այլընտրանքային այլ միջոցներ: Դրա արանքում գտնվող խափանման այնպիսի միջոցներ, ինչպիսիք են տնային կալանքը, վարչական վերահսկողությունը և այլն, մեր օրենսդրությամբ չունենք: Եվ Քրեական դատավարության օրենսգրքում այդ ամբողջը սահմանված է, մենք կունենանք այլընտրանքային խափանման միջոցներ և հետագայում, պրովացիոն ծառայության ստեղծման հետ կապված, մենք փոփոխություն կունենանք»,- ասաց նա:

 

Նախարարը նշեց նաեւ, որ թյուրըմբռնում է եղել` Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի հայտարարության հետ կապված: Դրանից չէր բխում, որ Սերժ Սարգսյանը ցուցում է տվել փոխել խափանման միջոցը: «Հանրապետության նախագահը բարձրաձայնել է մտահոգություն, որ այդ ոլորտում ունենք խնդիրներ, և մեկ անգամ ևս օրենսդրական պրակտիկային անդրադառնալու անհրաժեշտություն կա»,- ասաց նա: Նախարարն ասաց, որ Քրեական դատավարության մասին օրենսգիրքն արդեն իսկ շրջանառության մեջ է Ազգային ժողովում, և հույս հայտնեց, որ կարճ ժամանակահատվածում այն կընդունվի:

 

Հրայր Թովմասյանի խոսքով՝ Հայաստանում շատ լավ պրակտիկա կա` բոլորը բոլորին մեղավոր են համարում, բայց ոչ երբեք` իրենց: