Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամներ Լևոն Գալստյանը, Տիգրան Զարիկյանը և Անի Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման ընթացքում արձանագրված խախտումները:
Լևոն Գալստյանի խոսքով` ՀԷԿ-ի կառուցման տարածքում որևէ տեսչական ստուգում չի անցկացվել: Դեռևս 4 ամիս առաջ ապօրինի ՀԷԿ կառուցելու վերաբերյալ հաղորդում են ներկայացրել ՀՀ ոստիկանություն և դատախազություն, սակայն առ այսօր որևէ պատասխան չեն ստացել:
«Ոստիկանությունը չի կարողացել հասկանալ` կա՞, արդյոք, քրեական տարր, թե՞ ոչ»,- ասաց նա և հավելեց, որ այն գյուղացիները, ովքեր ամիսներ առաջ բողոքում էին ՀԷԿ-ի կառուցման դեմ, այսօր վախենում են խոսել:
Ըստ Գալստյանի` գյուղապետը գրություն է ներկայացրել, ըստ որի` գյուղապետարանը դրական եզրակցություն է տվել ՀԷԿ-ի կառուցմանը` հայտնելով, որ գյուղի բնակիչները հիմնականում համաձայն են: Սակայն գյուղապետը դեռևս հանրային լսումների ժամանակ հայտնել էր, որ գյուղի 99 %-ը դեմ է ՀԷԿ-ի կառուցմանը:
Տիգրան Զարիկյանի խոսքով էլ` ճնշումներ են գործադրել գյուղացիների վրա: «Ինչ-ինչ ձևով կարողացել էին ազդել մարդկանց վրա, նրանք վախենում էին խոսել»,- ասաց նա և հավելեց, որ ճնշումներ են գործադրել նաև իրենց նկատմամբ:
Նշենք, որ մայիսի 28-ին Կանաչ ջոկատն այցելել էր Գետահովիտ գյուղ` պարզելու, թե ինչ աշխատանքներ են կատարվում Խաչաղբյուր գետի վրա` Իջևանի արգելավայրի տարածքում կառուցվող 2-րդ փոքր ՀԷԿ-ում, ինչպես նաև ճշտելու գյուղացիների կարծիքը:
ՀԲՃ անդամները մտադիր են համապատասխան առաջարկներով երկրորդ անգամ դիմել ՀՀ կառավարություն: