կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-07 18:31
Առանց Կատեգորիա

Ո՞ւմ կամակատարը լինել

Ո՞ւմ կամակատարը լինել

Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկությունն այն եզակի դեպքերից էր, երբ պարզաբանումներ տրվեցին, ընդ որում` երկրի ղեկավարի մակարդակով: Դա ինքնին խոսում էր այն մասին, որ նախագահի` ՀՔԾ այցելությունը և այնտեղ պատճառների մասին հետաքրքրական մի քանի հայտարարությունների հնչեցումը դուրս էր զուտ պարզաբանման շրջանակից և շատ ավելի տարողունակ ենթատեքստ ուներ:

 

Անդրանիկ Միրզոյանին պաշտոնանկ անելով և նրա փոխարեն Վահրամ Շահինյանին նշանակելով` Սերժ Սարգսյանը փորձում է լուծել երկու հիմնական խնդիր: Առաջին` նա, կարծես, փորձում է փակել 2008թ. մարտի 1-ի էջը, որը սերտորեն կապված է ՀՔԾ-ի հետ` հաշվի առնելով, որ աղմկահարույց ու առ այսօր չհանգուցալուծված գործի քննությունն իրականացնում էր հենց այս մարմինը և հենց Անդրանիկ Միրզոյանի գլխավորությամբ: Նա, ըստ էության, ասպարեզից հանում է այդ իրադարձությունների մասին ամենաշատ ինֆորմացիային տիրապետող, հանգուցային նշանակություն ունեցող ֆիգուրի և դրանով մյուս առանցքային դերակատարներին ու հատկապես` ՀՀ գլխավոր դատախազին հասկացնում, որ մարտի 1-ն այլևս իրեն կաշկանդող հանգամանք չի կարող լինել ներիշխանական, կադրային վերադասավորումների իմաստով: Սա նշանակում է, որ հատկապես իրավապահ համակարգի բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց համար մարտի 1-ի գործոնն է մինչև հիմա եղել իշխանական էշելոնում իրենց լինելու «մանդատը», հայտնվում են, մեղմ ասած, չափազանց անհարմար դրության մեջ: Նրանցից պահանջվում է կա'մ ընդունել խաղի այս նոր կանոնները, կա'մ հեռանալ: Ընդ որում` սա կարող է աշխատել գիլիոտինի էֆեկտով:

 

Երկրորդ` այն, ինչ տեղի է ունենում ՀՔԾ-ում, կազմում է Սերժ Սարգսյանի կողմից սեփական իշխանությունը վերջնականապես ձևավորելու և նախորդի ազդեցությունն ու ժառանգությունը թոթափելու ծրագրի մի մասը: Խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների, նախագահական և վերջում Երևանի ավագանու ընտրություններով ավարտվեց այդ ուղղությամբ աշխատանքների առաջին ու հիմնական մասը: Հիմա փաստացի սկսվել է այդ ամենը կադրային անհրաժեշտ փոփոխություններով ամրապնդելու, վերջնական տեսքի բերելու պրոցեսը:

 

ՀՔԾ-ում և ոստիկանությունում իրականացված վերջին տեղաշարժերից ու կադրային փոփոխություններից պետք է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը դա սկսել է հենց իրավապահ համակարգից: Թերևս պատահական չէր, որ դա հաջորդում է Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկությանը, Գյումրիում ոստիկանության իրականացված մասշտաբային «մաքրիչ» աշխատանքներին ու ոստիկանության նորացվող դերի մասին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի չափազանց կոշտ գնահատականներին ու որակումներին: Ակնհայտ էր, որ ոստիկանապետը չէր կարող նման պրոցեսներ սկսել առանց Սերժ Սարգսյանի աջակցությունն ու քաջալերանքը, եթե չասենք, հրահանգը ստանալու: Փաստացի Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է, որպեսզի իրավապահ համակարգը վերածի իր անմիջական հենման կետի, իսկ մնացած քաղաքական, տնտեսական քրեական ու օլիգարխիկ շրջանակները, որոնք այս կամ այն չափով ներգրավված են իշխանական բուրգի մեջ, անվերապահորեն ճանաչեն իրավապահ համակարգի կարգավորիչ դերը նաև իրենց համար:

 

Եթե ելնենք իշխանության մոնոլիտացման հարցում Սերժ Սարգսյանի դրսևորած հետևողականությունից, ապա պետք է գոնե գոհ լինել, որ նա այդ ծրագիրն իրականացնելու համար հենվում է իրավապահների, այլ ոչ թե, օրինակ, օլիգարխիայի կամ քրեական հեղինակությունների ազդեցության վրա: Ողջ հարցն այն է, սակայն, որ այս ամենում կորչում է իրավապահ համակարգի` իբրև պետականության կրողի դերը: Այն վերջնականապես վերածվում է նախագահական միանձնյա իշխանության գլխավոր սպասարկուի: «Հատուկ քննչական ծառայությունը պետք է կայանար որպես ինստիտուցիոնալ անկախ եւ քրեական արդարադատության իրականացման գործում ինքնուրույն մասնակից: Ցավոք, մինչեւ հիմա այդպես չէ»,- անդրադառնալով Անդրանիկ Միրզոյանին պաշտոնանկ անելու իր որոշման դրդապատճառներին` ասել էր նախագահը և հավելել. «Սա այն ծառայությունն է, որտեղ պետք է աշխատեն բացառապես գործին նվիրված ինքնուրույն, պրոֆեսիոնալ եւ հնարավորինս օբյեկտիվ մտածողություն ունեցող մարդիկ: Այս ծառայությունը չի կարող լինել կամակատար»:

 

Սերժ Սարգսյանը խոսում է որակների մասին, որը պետք է կրի ոչ միայն ՀՔԾ-ի աշխատակիցը, այլեւ ողջ պետական ապարատը: Որովհետև միմիայն այդ որակներով առաջնորդվելու պարագայում կարելի է խուսափել պետական կառավարման համակարգը վերից վար կուսակցականացնելու, պետությունը և կուսակցությունը նույնականացնելու խորացող արատավոր երևույթից: Այն չի կարող լինել որևէ մեկի, նույնիսկ` նախագահի, առավել ևս` իշխող կուսակցության կամակատարը: Հակառակ դեպքում` սկսում է օրինաչափ դառնալ, ասենք, կուսակցության նախընտրական շտաբի պետի «պաշտոնում» նշանակվելու համար ԱԺ նախագահի կողմից հրաժարական տալու` մեզանում արձանագրված ամոթալի երևույթը, կուսակցության ինչ-որ երրորդ-չորրորդ դեմքի կողմից, ԿԸՀ-ի գործառույթները ստանձնելով, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու պարտականություն վերցնելը և այլն: Ու առնվազն զարմանալի, եթե չասենք` տարօրինակ է, որ նախագահը կամակատար չլինելու պահանջը է ներկայացնում մի մարմնի, որը օրենսդրորեն և սկզբունքորեն պետք է այդպիսին չլիներ: Այսինքն` ՀՔԾ-ից պահանջում է այն, ինչ նա պետք է աներ առանց որևէ մեկի կողմից հուշելու, սովորեցնելու: Դա նույնն է, թե դատավորից պահանջես արդար դատել և չլինել որևէ մեկի կամակատարը: Հետևաբար ակնհայտ է, որ նրա համար խնդիրը ոչ թե ՀՔԾ-ն ընդհանրապես կամակատարի կարգավիճակից զերծ պահելն է, այլ կոնկրետ անձանց կամ շրջանակների կամակատարը լինելուց, որոնց, ամենայն հավանականությամբ, սկսել էր սեպարատ կերպով ծառայել ՀՔԾ-ն և նրա ղեկավարը: Հենց դա է, որ դուր չի եկել նախագահին, որովհետև դրանում նա տեսնում է իշխանության ներսում կենտրոնախույս ուժերի ինչ-որ հավակնություններ ու պարզ հասկացնում, որ չի հանդուրժելու:

 

Հայտարարության իմաստը, կարծես, այն է, որ եթե ՀՔԾ-ն, պետական որևէ օղակ պետք է ընկալվի իբրև կամակատար, ապա միմիայն նախագահական իշխանության, այսինքն` իր կամակատարը: Այս առումով խիստ հատկանշական է ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հայտնի բանակցությունների մանրամասները ներկայացնելիս Սերժ Սարգսյանի ակամա արած խոստովանությունը: Խոսելով Հովհաննիսյանի կողմից հակաիրավական հնարավոր գործողությունների պարագայում իշխանության անելիքներից` նա ասել էր հետևյալը. «Այս պարագայում երկու բան կարող եմ խոստանալ. մեկ` ոստիկանությունը, բոլոր իրավապահ մարմինները, իշխանության բոլոր օղակները գործելու են օրենքի սահմաններում: Եվ երկրորդ` ոստիկանությունը, բոլոր իրավապահ մարմինները, իշխանության բոլոր օղակները 100 տոկոսով օգտագործելու են այն լիազորությունները, որ տրված է նրանց սահմանադրական կարգը պաշտպանելու, պահպանելու համար»: Փաստորեն, նախագահը Հովհաննիսյանին սպառնացել է նրանով, ինչը, ըստ էության, ոստիկանության սուրբ պարտականությունն է: Նման մոտեցումը նշանակում է, որ նույն հաջողությամբ ոստիկանությունը կարող էր նաև իր պարտականությունները չկատարել, եթե Բաղրամյան 26-ից համապատասխան հրահանգ ստանար: Հիմա, փաստորեն, նույնը վերաբերում է նաև ՀՔԾ-ի կամակատար լինել-չլինելուն:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ