Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու մասին օրինագիծը, որի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է: Տարօրինակ կերպով օրինագծի՝ ԱԺ-ում ընդունվելուց հետո հրաժարական ներկայացրեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նշենք, որ նախագիծը սահմանում է քաղաքականացնել ուժային կառույցներն ու հնարավորություն տալ նշանակվելու նաև մարդկանց, որոնք ոլորտից չեն:
Ինչո՞վ է պայմանավորված իրեն խորհրդարանական ընդդիմություն համարող «Լուսավոր Հայաստան»-ի՝ մի ոտք առաջ ընկնելը կամ, իշխանությունների ջրաղացին ջուր լցնելով, նրանց շահերից բխող օրինագիծ ներկայացնելը:
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մեկնաբանում է՝ հո միշտ ընդդիմություն չե՞ն լինելու, վաղը, մյուս օրը իշխանության գալու դեպքում իրենք չպետք է կաշկանդված լինեն՝ ուժային համակարգից մարդ նշանակելով: Պետք է կարողանան իրենց թիմից մեկին նշանակել: Բացի այդ, հավելում է, նախագիծը հունիս ամսին են ներկայացրել:
«Հունիսին մենք ի՞նչ իմանայինք, որ առաջին ընթերցման օրը Վանեցյանը հրաժարական է տալու, կամ վարչապետը նրան ազատելու է, այն էլ՝ ամենամեծ վարկանիշն ունեցող պաշտոնյան: Կարող է կապեր կան զուտ այն իմաստով, որ մենք քաղաքական կանխատեսումներ ենք արել ժամանակին, երբ պնդում էինք, որ կառավարության կառուցվածքը պետք է ավելի ժողովրդավար լինի»,- yerkir.am-ի հետ զրույցում նշում է ԼՀԿ-ականը:
Պարոն Մարուքյանին անկեղծ հարց ենք ուզում տալ՝ իսկ գուցե հունիսին արդեն գիտեի՞ք՝ ինչ պլան է նախագծել ձեր նախկին՝ «Ելք»-ական գործընկերն ու ձեռքսեղմում եք ունեցել:
Yerkir.am-ի հարցին նույնաբովանդակ պատասխան է տալիս նաև իշխանական պատգամավոր Սուրեն Գրիգորյանը: Ասում է՝ ԼՀԿ-ի կողմից շատ վաղուց և հետևողականորեն տարվում է այն համոզմունքը, որ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները պետք է որոշակի քաղաքական բնույթ ունենան: «Ես ավելի շատ հակված եմ սա որակել որպես զուգադիպություն, քան ինչ-որ դավադրություն»,- մեկնում է նա:
Գործընկերոջ ասածը թեև շտապում է լրացնել «Իմ քայլը» դաշինքի մեկ այլ պատգամավոր՝ Գևորգ Պապոյանը, ու ասում, որ օրինագծի գործընթացը սկսվել է նվազագույնը 1.5-2 ամիս առաջ, հետևաբար՝ որևէ կապ լինել չի կարող, այնուամենայնիվ, չի բացառում, որ դեռ 1.5-2 ամիս առաջ Փաշինյանն ու Մարուքյանն իրար հետ «ճանապարհային քարտեզ» գծած լինեին:
Վերոնշյալ տարբերակի՝ իրականությանը խիստ մոտ լինելը չի բացառում քաղաքագետ Աղասի Ենոքյանը: ««Լուսավոր Հայաստան»-ի՝ խորհրդարան անցնելն արդեն իսկ դետեկտիվ եմ համարում»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասում է նա: Ավելին՝ քաղաքագետը տեսակետ է լսել, թե խորհրդարանական արտահերթ ընտրություններն այնքան էլ թափանցիկ չեն եղել, ինչի արդյունքում էլ հենց ԼՀԿ-ն խորհրդարան է անցել:
«Հնարավոր է ՝ «Լուսավոր Հայաստանը» խորհրդարան է անցել հենց նման ֆունկցիաներ կատարելու համար»,- ընդգծում է Աղասի Ենոքյանը:
Ինչ վերաբերում է բուն օրինագծին, ըստ մեր զրուցակցի, ժամանակին Եվրոպայի հետ քննարկումներ էին կազմակերպվում, որոնց նպատակը ուժային կառույցների ապաքաղաքականացումն էր:
«Հիմա մենք հետ ենք շարժվում այն կետից, որը ժամանակին համարվում էր Հայաստանի ժողովրդավարացման գործընթացի կարևոր քայլ: Ժամանակին շատ էր ասվում, որ Սահմանադրությունը կարված է Սերժ Սարգսյանի հագով, բայց այժմ այս Սահմանադրության կոճակներն ու գրպաններն են հարմարեցվում իրենց: Սահմանադրությունն է որոշում է, թե իշխանության որ ճյուղն ինչ կարող է անել, բայց այժմ իշխանության գործադիր ու օրենսդիր ճյուղերի ներկայացուցիչները, հաշվի չառնելով ժողովրդավարացման ընդհանուր տրամաբանությունն ու սկզբունքը, ուզում են ամեն ինչ իրենց համարեցնել»,- ամփոփում է Աղասի Ենոքյանը: