Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դաշնակցությունը ոչ միայն այս վերջին տարիներին, այլեւ Հայաստանում գործունեության բոլոր տարիներին փորձել է առավելագույնն անել, միշտ եղել է ինքնուրույն, անկախ կուսակցություն, որեւէ մեկի աշտարակից չի կառավարվել, չի ղեկավարվել. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցին, թե ՀՅԴ-ի առաջարկած փոփոխություններին ի՞նչ հիմքերով պետք է վստահել, պատասխանեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
Նա նշեց, որ ՀՅԴ-ն միշտ հստակորեն արտահայտել է իր տեսակետներն ու դիրքորոշումները, եղել է արմատական ընդդիմություն ու 10 տարի պայքարել գործող իշխանության դեմ, 7-8 տարի եղել է իշխանության մեջ եւ փորձել է բան փոխել:
«Եթե նույնիսկ միայն վերջին մեկ տարվան անդրադառնանք, կտեսնեք, որ, անցյալ տարվա ամառվանից սկսած, մենք հստակ խնդիր էինք դրել` ընդդիմադիր դաշտում ձեւավորել միասնական քաղաքական օրակարգ, թե որ հարցերն են մեր երկրի համար առաջնահերթ, եւ որոնք լուծելով են մեր երկրում հնարավոր փոփոխություններ»,- ՀՅԴ գործունեությունը ներկայացրեց Աղվան Վարդանյանը:
Ներկա քաղաքական գործընթացների մասին էլ նշեց, որ այսօր ՀՅԴ-ն նորից փորձեց ամբողջ ընդդիմությանը, առանց ամբիցիաների, համախմբել միասնական, մեկ ցուցակով Երեւանի ավագանու ընտրություններին գնալու գաղափարի շուրջ, ինչը չհաջողվեց:
«Հիմա, փառք Աստծո, 4 ընդդիմադիր ուժերն ընտրություններին գնում են առանձին-առանձին: Ամեն մեկը կփորձի առավելագույն ձայն հավաքել, եւ բոլոր շանսերը կան, որ դրանից հետո կկարողանանք միավորվել, եւ միավորողը կարող է միայն ՀՅԴ-ն լինել»,- ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչը` նշելով նաեւ, թե իշխանությունն ինչպես է փորձում կռիվ գցել ընդդիմության մեջ:
Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի մեջ կռիվ գցելու` իշխանության փորձերին` Աղվան Վարդանյանն ասաց, որ ինչ-որ առումով տխուր պատկեր է, քանի որ ընդդիմադիրները պետք է կարողանան հասկանալ, գիտակցել, թե որն է հիմնական խնդիրը: Բանախոսն անդրադարձավ նաեւ Անահիտ Բախշյանի` Աջափնյակում արած հայտարարությանը, թե որն է ընդդիմությունը, խոսեց ՀԱԿ-ի ու «Ժառանգության» «փոխհրաձգությունների» մասին` նշելով. «Այս կռապաշտությունից պետք է դուրս գալ»: Աղվան Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ ընդդիմության համար կարելի է խնդիրը դնել, որ Երեւանում իշխանությունը դառնա ընդդիմադիր:
Լրագրողները հարց ուղղեցին Աղվան Վարդանյանին, թե ինչպե՞ս պետք է ընդդիմությունը ընտրություններից հետո որոշի, թե ընդդիմադիր որ ուժի ներկայացուցիչը պետք է երեւանի քաղաքապետարանում դառնա ընդդիմադիր ուժերի «լիդերը», որին ի պատասխան Աղվան Վարդանյանը նշեց, որ երբ ընտրությունների պատկերը պարզ լինի, ընդդիմադիր ուժերն այդ հարցը կքննարկեն:
«Ու թե ով կլինի ընդդիմության ներկայացուցիչը, պարզ, թափանցիկ կքննարկենք»,- ասաց Աղվան Վարդանյանը: